Այդպես էլ չկարողացանք գնահատել մեր հզորներին

Այդպես էլ չկարողացանք գնահատել մեր հզորներին

Այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին։ Զարմանալիորեն հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկից բացակայում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար և ավագ, «Ռոմայում» ոչ պակաս առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ Մինչ մամուլում լուրեր էին շրջանառում, թե Մխիթարյանը ինքն է հերթական անգամ ինչ-ինչ պատճառներից ելնելով հրաժարվել միանալ հավաքին, հայազգի աստղը անձամբ է անդրադարձել խնդիրն՝ բացառելով վերոնշյալը։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրել առաջիկա ընկերական խաղերին: Տրամադրված  պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա  խաղերում»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում։

Համացանցում քննարկումները չեն դադարում Մխիթարյանի՝ հավաքական չհրավիրվելու պատճառների մասին։

Օրինակ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան էջում գրել է .

«Հենոյի պարզաբանումը ինձ համար առավել քան հստակ է և հավաստի!
Խնդիրը մարզչական ինչ-ինչ հաշվարկների մեջ է, և ես հակված եմ մտածել, որ Ազգային Հավաքականի ավագը պարտադիր պետք է լինի մեր թիմում: Մարզիչը կարող է հազար ու մի պատճառ բերել նրան չհրավիրելու համար, բայց դրանք այս պահին ոչ մի կերպ ըստ իս արդարացված չեն: Հուսով եմ գալիք պաշտոնական խաղերին Մխիթարյանը կառաջնորդի մեր Հավաքականին դեպի նորանոր հաղթանակներ»,- գրել է Պաչաջյանը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի Մ-19 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք հայ ենք․․․ Մենք այդպես էլ մեր ամբողջ գոյության ընթացքում չկարողացանք ճիշտ գնահատել ՄԵՐ ՀԶՈՐՆԵՐԻՆ․․․»,- գրել է Ոսկանյանը և Հենրիխի հետ լուսանկար հրապարակել։

Հետաքրքիր է, թե ՀՖՖ-ն այս անգամ ինչպես է փորձելու քողարկել Մխիթարյանի ու ֆեդերացիայի ղեկավար կազմի միջեւ եղած բավականին լուրջ տարաձայնությունները, մանավանդ երբ Մխիթարյանը իր գրառմամբ հերքման որևէ հանարավորություն չի թողել։