Իրա ախպերն ինչ էր տալիս, ինչի ա բերդում․ համայնքապետը վրդովվեց դրամական օգնություն տրամադրելու հարցից

Իրա ախպերն ինչ էր տալիս, ինչի ա բերդում․ համայնքապետը վրդովվեց  դրամական օգնություն տրամադրելու հարցից

Քիչ առաջ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը հայտարարություն տարածեց՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։ Ըստ հայտարարության՝ դաշինքին լուրեր են հասնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարները՝ մասնավորապես Արբաթ և Գեղանիստ համայնքների, սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում բնակիչներին: 

Ինչ սոցիալական աջակցություն է՝ ընտրություններին ընդառաջ, նախ փորձեցինք պարզել Արարատի մարզի Արբաթի համայնքապետից․

«Սոցիալական աջակցություն ամեն տարի լինում է, հերթականն է, բայց կոնկրետ էս պահին չկա, ինչ ասեմ»,- hraparak.am-ին ասաց համայնքապետ Արայիկ Պետրոսյանը՝ չթաքցնելով, որ ինքն անձամբ սատարում է ՔՊ կուսակցությանը։ «Ես կոնկրետ պաշտպանում եմ ՔՊ-ի թեկնածուի՝ Սայեն Հայրապետյանի շահերը»:

Գեղանիստի համայնքապետ Վաչիկ Ադիլխանյանն էլ սկզբում էմոցիոնալ, ապա հարցին հարցով պատասխանեց․ «Որ էդքան հետաքրքրվում եք ամեն ինչով, մի հատ հարցրեք իրա ախպերն ինչ էր տալիս, ինչի ա բերդում, մարզը քուչա էին սարքել, հազիվ դզվել ենք․․․․»: Ի վերջո, այս պահին սոցիալական աջակցություն տրվում է քաղաքացիներին, թե ոչ, hraparak.am-ի ճշգրտող հարցին Վաչիկ Ադիլխանյանը պատասխանեց․ «100 հզր տոկոս չէ, նման բան չկա, էդ իրանցից սպասեք, կարող է լինի օգնություն, էն էլ ընտրություններից հետո, մեր գյուղի 5 զոհերի ընտանիքին նոր տարվան օգնություն հատկացնենք»:

Հիշեցնենք, որ Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանը եւ Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանի ձևավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։