Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում

Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բախչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում՝ Ռուսաստանում: Այդ մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում»,-ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ կենտրոնը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»:

Պեսկովը նշել է, որ դա յուրաքանչյուր թյուրքի համար այն սրբազան վայրն է, որտեղից նրանք սերել են: «Ես դա որպես թյուրքագետ եմ ասում»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ ԱՇԿ թվիթերյան էջում տեղադրվել էր Էրդողանի եւ Բախչելիի լուսանկարը, որոնց ձեռքում այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզն էր: Դրանում ներկայացված է Ռուսաստանի զգալի մասը: