Երեխայիդ գողացել են, դու ասում ես` ոչինչ, բայց մենք ընտանիքով նորմալ ապրում ենք

Երեխայիդ գողացել են, դու ասում ես` ոչինչ, բայց մենք ընտանիքով նորմալ ապրում ենք

Ալիեւը վերջին ասուլիսում խոսել էր այն մասին, որ պետք է բացառել Հայաստանում ռեւանշիստական ուժերի ակտիվացումը։ Իրենք պետք է վստահ լինեն, որ Հայաստանն իր բանակը չի ուժեղացնի, նաեւ հայտարարեց, որ իրենք նոր հզոր զենքեր են ձեռք բերել եւ չեն պատրաստվում զորքը հետ քաշել 2021 եւ 2022 թթ․ Հայաստանից օկուպացված տարածքներից։ Ավելին` Երեւանն ու Ջերմուկը համարում են ադրբեջանական տարածք։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է խաղաղության պայմանագիր համարվել միայն իշխող ուժի համար, դեռ 2020-ի վերջից, 2021-ի սկզբից պարզ էր, որ ադրբեջանական կողմի հետ ոչ մի խաղաղություն չի կարող լինել։ 

«Իրենք տեսնում են, որ այդ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի անում ուժեղանալու, իրենց դիմադրելու համար... անատամ, խեղճացած, աչքը հառած միջազգային հանրությանը` խաղաղություն է մուրում, իսկ խաղաղությունը ոչ մեկին չեն տալիս՝ խաղաղության հասնում են»,-ասաց Հակոբյանը։ Դիմացինը քեզ պետք է ընկալի որպես իրեն հավասար հակառակորդ, որ խաղաղությունը պահպանվի։ 

«Հիմա ի՞նչ` մենք պետք է 3 տարի կեղծ օրակարգով լցնեինք ու 2024 թվականին ասեինք, որ դա իրական չէ՞։ Մենք այդ մասին ավելի վաղ էինք ասում, բայց քանի որ իշխող ուժն ինչ-ինչ ներքաղաքական խնդիրներ է լուծում, պատերազմից վախեցած մարդկանց խաղաղության մասին խոսելով եւ ինձ նման մարդկանց, ովքեր ճշմարտությունն էին ասում, ռազմամոլ հռչակելով, փորձում էր իշխանություն պահել, իհարկե, սա էր լինելու։ Ո՞ր ողջամիտ մարդը, ով լավ գիտի պատմությունը, հետեւում է քաղաքականությանը, հետեւում է Ալիեւի հայտարարություններին, չգիտեր, որ սա է լինելու։ Ու թող ոչ ոք հիմա անմեղի տեսք չընդունի, ավելի վատ, որ այս տարրական բաները չէին տեսնում։ Իսկ ավելի վատն այն է, որ կեղծավորություն էին անում, շատերը տեսնում էին, որ խաղաղություն չի լինելու։ Միջազգային որոշ գործընթացներն են խանգարում, որ Ալիեւը մեզ վրա հարձակվի»,- ասաց ռազմական փորձագետը։

Ինչ վերաբերում է Ջերմուկը, Երեւանը ադրբեջանական հռչակելուն, Հակոբյանը նկատում է, որ այս հարցը փոխկապակցված է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ։ Եթե ադրբեջանական կողմը մեզ հետ խաղաղություն չի ծրագրում, բնական է, որ զավթող գիշատիչ քաղաքականություն կվարի։ Նման քաղաքականություն վարողը միշտ էլ փորձում է դրա արդարացումը գտնել, բանը հասել է դրան, որ զբաղվում են բացարձակ պատմակեղծարարությամբ, նույնիսկ մի կետ չկա, մոտիկ մի բան չկա, որ Հայաստանի նկատմամբ Ալիեւի տարածքային նկրտումները պատմականորեն կամ իրավական առումով հիմնավորվեն, բայց Ալիեւը, իր հասարակության մի զգալի հատվածին զոմբիացրած, թքած ունենալով այդ ամեն ինչի վրա եւ իր գոյությունն Ադրբեջանում մշտապես հիմնավորելու համար, հաջող պատերազմողի կերպարով փորձելով սոցիալական խնդիրները, բռնապետական ռեժիմն արդարացնել՝ հիմնավորում է մեր նկատմամբ հերթական ագրեսիան։ Արեւմտյան Ադրբեջան են իրենք ասում։ Երբ զգում են, որ դիմացինը տեղի է տալիս, Ալիեւը հասկանում է, որ ինքը պատմական բացառիկ շանս ունի, եւ ձգտում է այդ շանսից առավելագույնը քամել։ Այլ հարց է, որ, ինչպես շատ պատերազմից արբեցած զորավարներ ու բռնակալներ, այս դեպքում էլ կարող է Ալիեւի ոտքը քարին դեմ առնել։ Որովհետեւ հաջող պատերազմը խաղամոլության նման է, նորից ու նորից ուզում ես հաղթել, եւ նույն Բոնապարտին դա կանգնեցրեց շատ մեծ խնդիրների առաջ։ Ալիեւն էլ իր բնույթով խաղամոլ է եւ պատմական շանս է տեսնում ու ասում` իսկ ինչու ոչ։

Հակոբյանը նկատում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները Հայաստանի սահմաններն անվանում են հայ-ադրբեջանական պայմանական սահման։ «Սրանց ստորությունն ինչումն է․ նախ՝ սահմանը պայմանական չէ, այն կա փաստացի, պրակտիկ մակարդակով ընդունվել է Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Եթե դեմարկացիա եւ դելիմիտացիա չի արվել, դա մետրերի խնդիր է, դա չի նշանակում, որ որեւէ մեկը կարող է 2-3 կիլոմետր այս կողմ, այն կողմ գնալ։ Չես կարող ասել, որ սահմանը պայմանական , եւ, ուրեմն, Ջերմուկն իմն է։ Եվ իր բերանը փակող չկա: Նորմալ իշխանություն լիներ, կդներ կետ-կետ սրան կպատասխաներ, բանակը կուժեղացներ՝ միջազգային աղմուկ կբարձրացներ այն մասին, որ Ալիեւը միջազգային հանցագործ է։ Քանի որ պատերազմ հրահրելն արդեն իսկ միջազգային հանցագործություն է»,- ասաց ռազմական վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Ալիեւի նպատակին՝ բացառել Հայաստանի ռեւանշիզմը, Մհեր Հակոբյանը նշում է, որ Ալիեւը վախենում է, որ մի օր հայերը մեջքները կուղղեն եւ արժանի հակահարված կտան։ «Ավելին, տեսնելով ՀՀ իշխանությունների թուլությունը, Ալիեւը նույնիսկ իր ձեռք բերած հաջողության վրա վստահ չէ, որովհետեւ ինքը տեսավ, որ մեզ հաղթեց մեծապես մեր ներքին խնդիրների պատճառով... Բնական է, որ մտածում է` բա որ հայերի մոտ նորմալ իշխանություն գա, բազում հարցեր են առաջանում։ Սկսած նրանից, որ Արցախում էթնիկ զտում՝ միջազգային հանցագործություն արեց, տեսականորեն այն վտանգն էլ կա, որ միջազգային խաղացողները դա իրեն կհիշեցնեն, ու, ի վերջո, որպես ավտորիտար բռնապետական ռեժիմի ներկայացուցիչ, վախենում է, որ մի օր իրեն կգցեն, մի օր հայերը կհիշեն այս մասին։ Ի վերջո, կյանքում ինչպես լավը մշտական չէ, այնպես էլ վատը մշտական չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Այժմ պետք է մտածել ուժերի բալանսը վերականգնելու մասին։ Հակոբյանը չի բացառում, որ, օրինակ, որոշակի միջազգային գործընթացներում Ադրբեջանը վերածվի Սիրիայի, եւ մենք կարողանանք դրանից օգտվել։ Սակայն սկզբի համար պետք է ուժեղանալ ու շատ աշխատել այդ ուղղությամբ։ Բայց այս պահին անիմաստ ծախսեր են արվում, բանակում անհասկանալի իրավիճակ է, փոխարենը կառավարությունը Սնուփ Դոգի վրա է գումար ծախսում։ «Եթե Ալիեւը վախենում է ապագայից, դրա համար էլ չի ուզում, որ մենք զինվենք, որովհետեւ գնվող զենքը գուցե ներկա իշխանությունը չկիրառի, բայց բացառված չէ, որ հաջորդ իշխանությունն այն իր դեմ կուղղի։ Եթե դու դիմացինին սարքել ես անպաշտպան, անդեմ, դողդողացող, կուզենա՞ս, որ ինքը զինվի։ Ալիեւը չի համարում, որ ընդհարումը վերջացել է, պատերազմի հավանականությունը բավականին բարձր է, թեեւ ոչ մոտակա ամսում: Մենք պետք է ուժեղանանք ամենալայն իմաստով՝ տնտեսություն, բանակ, վարչակառավարական համակարգ, դեմոկրատական բարեփոխումներ եւ այլն։ Ցավոք, այս պահի դրությամբ միայն բացթողումներ եմ տեսնում, ոչ մի առաջընթաց չեմ տեսնում: Այս իշխանության խաղաղության օրակարգի սնանկությունն էլ, ինձ թվում է, իշխանության ներկայացուցիչներն ու իրենց ամենավառ կողմնակիցներն էլ հասկացան, որ այդ խաղաղության օրակարգ կոչված խայտառակությունն իրականանալի չէ։ Ես պատերազմամոլ չեմ, բայց պետք է հասկանալ, որ խաղաղությանը դու պիտի արժանի լինես։ Իսկ այս իշխանությունն ի՞նչ է ասում, ասում է՝ Արցախից պիտի հրաժարվենք, երբ սթափ նայում ենք, հասկանում ենք` ինչ սրբապղծություն է, եկել են քո երեխային տարել են, գողացել են, դու ասում ես` ոչինչ, մի երեխայիս գողացել են, մենք ընտանիքով նորմալ ապրում ենք։ Ու ամենացավալին այն է, որ քո երեխուն գողացել-տարել են, հիմա գալու են քո մյուս երեխաների, քո կնոջ, քո հետեւից, քո տան, քո գույքի հետեւից, քո արժանապատվության հետեւից։ Սկզբում սարքեցին Հայաստանի ու Արցախի սահման, հետո Արցախը մոռացան, հետո խաղաղության պայմանագրի համատեքստում սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան էլ մի կողմ թողեցին, տակն ի՞նչ մնաց խաղաղության օրակարգից։ Մի ստից թուղթ, որը պիտի իշխանությունները բերեն, ժողովրդին ասեն՝ տես, հաջողության ենք հասել, իսկ 5 օր հետո էլ սահմանին էսկալացիա՞ ունենանք։ Մեծ եղեռնի պահանջատիրության մասին էլ խոսացող չկա, դրա փոխարեն կախիչը, ասֆալտը եւ այլն, եւ այլն: Հետո՞»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը։