Բայդենն այցելել է ՆԱՏՕ-ին միացած Ֆինլանդիա

Բայդենն այցելել է ՆԱՏՕ-ին միացած Ֆինլանդիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, ժամանել է Ֆինլանդիա, որը ՆԱՏՕ-ին միացել է ընթացիկ տարվա ապրիլին։  Սպիտակ տան ղեկավարը կհանդիպի սկանդինավյան այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի, Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոյի, ինչպես նաև սկանդինավյան այլ երկրների վարչապետների՝ Ուլֆ Քրիսթերսոնի (Շվեդիա), Յոնաս Ստերի (Նորվեգիա), Մետե Ֆրեդերիկսենի (Դանիա) և Կատրին Յակոբսդոտիրի (Իսլանդիա) հետ։

Agence France-Presse-ը հայտնում է, որ Բայդենը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Հելսինկի՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ 5 տարի առաջ կայացած գագաթնաժողովից հետո։ 

Բայդենի և սկանդինավյան երկրների ղեկավարների բանակցությունների հիմնական թեման լինելու է համագործակցությունը անվտանգության, էկոլոգիայի և տեխնոլոգիաների ոլորտում։

Ֆինլանդիան կլինի Բայդենի եվրոպական շրջագայության վերջին կանգառը Վաշինգտոն վերադառնալուց առաջ։ 
Երկուշաբթի օրը Լոնդոնում նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ, ապա մասնակցել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։