Վարչապետը չի հասկանում, որ Հայաստանում իրավիճակը փոխվում է

Վարչապետը չի հասկանում, որ Հայաստանում իրավիճակը փոխվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն ու ժողովրդի ակնկալիքներն այլևս չեն համապատասխանում իրար։ Քաղաքացիներն այլևս հոգնել են հեղափոխական ճառերից, պատմական էքսկուրսներից, վարչապետի ֆեյսբուքյան արկածներից ու երազանքների ժողովածուներից։ Վաղ թե ուշ հոգնածությունն այդ փոխակերպվելու է անտագոնիզմի, քանի որ Փաշինյանն  այդպես էլ չհրաժարվեց հեղափոխական ու պոպուլիստական հռետորաբանությունից, ինչպես նաև ակտիվիստի ինքնությունից։ 

Այդ պարագայում նույնիսկ բանաստեղծությունները չեն օգնի, քանի որ իրերի կարգն է այդպիսին։ Պոպուլիստական հռետորաբանությունը գազեր բաց թողնելու պես գործողություն է․ այն պետք է ունենա իր հստակ տեղն ու ժամանակը։ Անժամանակ և անտեղի պոպուլիզմը կարող է լրջագույն խնդիրների հանգեցնել, մասնավորապես՝ իշխանության ամբողջական արժեզրկման, քանի որ քաղաքական միավորի լինելիության կարևորագույն բաղադրիչը խոսքի հաստատուն ու լեգիտիմ կարգավիճակն է։ Ասվածի վառ ապացույցը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տխրահռչակ պրակտիկան է։ Նրա քաղաքական գոյությունը կանգ առավ այն ժամանակ, երբ խոսք-բան-լոգոսը այլևս իրենից որևէ արժեք չէր ներկայացնում։ 

Մարդիկ այլևս ցանկանում են պետական գործչի կողմից արտաբերվող քաղաքական խոսք լսել՝ հստակ ազդակներով և թիրախներով։ Ցանկությունն այս ամենևին էլ պայմանավորված չէ հանրության ուսյալ լինելու հանգամանքով, հարցը դա չէ։ Ընդհակառակը՝ մարդիկ որպես կանոն ատում են չոր քաղաքականությունն ու քաղաքագիտական միտքը և սիրում են այն, ինչը ստանում են Փաշինյանից։ Բայց սիրում են այնքան ժամանակ, քանի դեռ հերթը չի հասել գոյության և կեցության հիմնախնդիրներին։ Վերոհիշյալ խնդիրներն ու պոպուլիզմը անհամատեղելի են, հանգամանքն այս բնազդաբար և ենթագիտակցաբար զգում են նաև հանրույթները՝ անհրաժեշտաբար վերադառնառնալով այդքան ատելի չոր քաղաքականությանն ու քաղաքագիտական մտքին։ Սա տրամաբանական և օրինաչափ կերպափոխում է՝ բնորոշ բոլոր հանրույթներին, քանի որ զգացմունքային մեծ պայթյունին մշտապես հաջորդում է դառը սթափությունն ու դրանով պայմանավորված հարցադրումը․ իսկ ի՞նչ է լինելու հետո։ 

Հենց այս բնական փոփոխության հետ չի կարողանում համակերպվել վարչապետ Փաշինյանը։ Երկու տարի առաջ նա ապահովեց զգացմունքային պայթյունը, իսկ հիմա չի հասկանում, որ դրան փոխարինելու է եկել դառը սթափությունն ու դրանով պայմանավորված հարցադրումը․ իսկ ի՞նչ է լինելու հետո։ Չգիտակցել հարցադրման և իրավիճակի փոփոխության հրատապությունը, նշանակում է չհասկանալ իրերի ճիշտ դասավորությունն ու էությունը։ Ցավոք սրտի, խնդիրն այս կառավարության համար տեսանելի չէ ։ Արդյունքում ունենք երկու տարբեր իրականություններ՝ իրականության զգացողությունը կորցրած, ինքնասիրահարված և ինքնավստահ հեղափոխականներ ու դժգոհ, անընդհատ սպասող, աստիճանաբար հիասթափվող ու անհագիստ ժողովուրդ։ Առանձին գործիչներ կարող են մի ամբողջ հավերժություն հեղափոխական լինել, բայց հանրույթը՝ որպես հավաքականություն չի կարող մշտապես տարված մնալ հեղափոխականությամբ։ Ավելին մարդկային ամբողջականության համար հեղափոխությունը ակնթարթային պայթյուն է, որից հետո վրա են հասնում պահպանողական վախերն ու հարմարվողական ջղաձգումները, իհարկե հանգիստ կյանքի ու տեսանելի ապագայի փնտրտուքներն էլ ներառյալ։ 

Վարչապետը չի հասկանում, որ Հայաստանում աստիճանաբար իրավիճակ է փոխվում և թերևս հենց սա է ամենամեծ մարտահրավերը, որը ծառացած է մեր առջև։