Հիմա Հայաստանում, կարծես թե, Սաբտայ Ցվիի ծրագիրն է իրականանում

Հիմա Հայաստանում, կարծես թե, Սաբտայ Ցվիի ծրագիրն է իրականանում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կաբալան և հայերը

Ընդունված է համարել,  որ Կաբալան առաջացել է 12-րդ դարում: Այն համարվում է Թալմուդի միստիկ բացատրությունը։ Իմաստն այն է, որ Թալմուդը «հասարակ» մարդկանց համար է գրված, դրա մեկնաբանություններն՝ ավելի առաջավորների, իսկ դրանց կոդավորված՝ «խորքային» իմաստը  եզակիների՝ լուսավորվածների համար։ 

17-րդ դարում Սաբտայ Ցվի անունով մի հրեա, իրեն մեսիա է հայտարարում ու հրեաների մի մեծ հատված դառնում է իր աղանդի հետևորդը, որից հետո սուլթանը պայման է դնում, որ կամ իսլամ պետք է ընդունի, կամ իրեն կսպանեն։ Սաբտայը իսլամ է ընդունում ու իր հետ՝ հրեաների մի հոծ զանգված, որոնք հետագայում դառնում են դյոնմեներ՝ իսլամ ընդունած հրեաները։ Որոշ մարդկանց կարծիքով անկեղծորեն են իսլամ ընդունել, ոմանց կարծիքով ծպտված հրեաներ են մնացել։ Հիմնականում Սալոնիկում էին ապրում։

Ուրեմն, այդ Սաբտայը, կամ Սաբատայը, իր կրոնափոխությունը բացատրում է Կաբալայի մի դրույթով, որ հոգիները (տվյալ դեպքում՝ հրեաների), Աստծոն միանալուց առաջ պետք է ամենադաժան ձևով «վայր» ընկնեն, աղտոտվեն մինչև վերջին խազը, որից հետո, երբ գա ժամանակը, մաքրվեն, «վեր» խոյանան ու միանան Աստծոն։ Այսինքն, իսլամ ընդունելով, իրենց հոգիները աղտոտում են, ապագայում ազատագրվելու հույսով։ Դա փորձության տեսակ էր։

Ինչի եմ սա գրում, հիմա Հայաստանում, կարծես թե, Սաբտայ Ցվիի ծրագիրն է իրականանում։ Դա լավ նորություն է, ատելության, տգիտության, բանականության բացակայության, անիմաստության այն անդունդը, որի մեջ գնալով ընկղմվում ենք, հույս է տալիս, որ առջևում այդ ամենից ազատագրում է սպասվում»: