Սեփական ժողովրդին խաբում են, ադրբեջանական լսարանի աչքերն են ուզում բացել

Սեփական ժողովրդին խաբում են, ադրբեջանական լսարանի աչքերն են ուզում բացել

Օրեր առաջ հանրությունը տեղակացավ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության 1lurer.am կայքում ադրբեջանալեզու տեղեկատվություն են մատուցում։ Աղմուկն այնքան մեծ էր, որ Հ1-ը հայտարարություն տարածեց, որ նպատակն է՝ բացել ադրբեջանալեզու հանրության աչքերը։ 

«․․․1lurer.am կայքի ադրբեջանալեզու հարթակը ստեղծվել է հիմնականում ադրբեջանալեզու լսարանի համար՝ Ադրբեջանում եւ արտերկրում ապրող ադրբեջանախոսների համար (ադրբեջանցիներ, թալիշներ, ուդիներ եւ այլ ազգային փոքրամասնություններ, որոնք ինֆորմացիան կարող են ստանալ ադրբեջաներեն լեզվով)»,- մեր հարցմանն ի պատասխան՝ կրկնում է Հանրային հեռուստաընկերությունը։ 

Իսկ ինչո՞ւ են Հ1-ում վստահ, որ  ադրբեջաներենով  լրատվությունը կկանխի ապատեղեկատվությունը, եւ ինչո՞վ է նման հարթակն  «ուղղակի անհրաժեշտություն եւ բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»: Պատասխանել են․  «․․․ադրբեջանալեզու տեղեկատվության մատուցումը բխում է ՀՀ ազգային շահերից, քանի որ դրա միջոցով ադրբեջաներեն լեզուն կրող ընթերցողները կստանան այլընտրանքային, ճշմարտացի տեղեկություններ Արցախի հարցի մասին, Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունների մասին, Բաքվի տարատեսակ կոռուպցիոն գործարքների եւ միջազգային կառույցներին կաշառելու ու Ադրբեջանի ազդեցությունը մեծացնելու, ինչպես նաեւ իրենց ձեռնտու բանաձեւեր ընդունելու փաստերի ու փորձերի մասին, Ադրբեջանի եւ այդ երկրի իշխանության գործած հանցանքների, կոռուպցիոն սկանդալների, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ խնդիրների վերաբերյալ միջազգային կառույցների, պետությունների, քաղաքական, մշակութային գործիչների, մտավորականների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վերաբերմունքի ու դիրքորոշման մասին, Հայոց ցեղասպանության մասին»: Հ1-ից նույնիսկ նկատել են․ «Ինչպես հայտնի է, այս թեմաներն արգելված են Ադրբեջանում, եւ սրանք են այն հիմնական շեշտերը, որոնք դրվելու են Հանրայինի 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժնում»։

Հ1-ին հարցրել էինք նաեւ, թե ինչու էին ադրբեջաներենով տեղադրել ՀՀ նախկին 3 նախագահների հանդիպման մասին լուրը, դա ի՞նչ պետք է տա ադրբեջանական հանրությանը՝ վերը նշված նպատակների լույսի ներքո, եւ կա՞ն թեմաներ, որոնք չպետք է լինեն ադրբեջանական լուրերում։ Պատասխանը բավականին դեմագոգիկ է՝ այս իշխանությունների ոճին համահունչ․ «Մարտի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Սա Ձեր նշած հանդիպման մասին Տեր-Պետրոսյանի խոսնակի տարածած հաղորդագրության ամբողջական եւ բառացի մեջբերումն է: Հենց այսքանն է դրվել ադրբեջաներեն բաժնում (ոչ մի բառ ավելի, ոչ մի բառ պակաս): Դուք կարծում եք, որ այս տեքստի՝ ադրբեջաներեն բաժնում հայտնվելը կարող է որեւէ առումով հարվա՞ծ հասցնել հայկական շահին: Եթե տեսնում եք նման վտանգ, խնդրում ենք հուշել մեզ, եւ մենք դա անպայման հաշվի կառնենք: Սույն հանդիպման արձանագրումն ադրբեջաներեն բաժնում նաեւ ապացույցն է այն բանի, որ, ի տարբերություն Ադրբեջանի բռնապետական ռեժիմի, Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ անգամ արմատական ընդդիմության առջեւ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերը բաց։ Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության կայքի ադրբեջաներեն բաժնում ներկայացվում են 2-րդ հարցի պատասխանում նշված թեմաների եւ ուղղությունների շրջանակն ընդգրկող նորությունները»։

Հ1-ն իր տարածած հայտարարության մեջ նշել էր նաեւ, թե Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն եւ թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Նկատել էինք, որ այսօրվա թարմ վերքերի պայմաններում պետական լրատվության նման քաղաքականությունն է խնդրահարույց, եւ հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է, որ նման  հարթակի ստեղծումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մեջ, թե պետք է պատրաստվենք երկարատեւ խաղաղության։ Պատասխանն այն է, որ  պատերազմից հետո Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն եւ թուրքերեն հարթակները չեն փակվել են կամ չեն սահմանափակել իրենց աշխատանքը, եւ որ առնվազն չկա նման տեղեկություն, ինչպես նաեւ որեւէ վերլուծություն կամ փաստ, որ հայկական շահերից է բխում այդ ուղղությամբ աշխատանքների սահմանափակումը, կամ հայկական շահերի դեմ է այդ հարթակում ավելի մեծ թափով եւ պրոֆեսիոնալ աշխատանքը տեղեկատվական պատերազմի պայմաններում:

Ինչ վերաբերում է երկարատեւ խաղաղության պատրաստվելու մասին վարչապետի հայտարարությանը, ապա նշվում է, թե այն արվել է մարտի 28-ին՝ 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժնի բացումից հետո։ Իրոք որ, ինչպես կասեր դասականը։

Հարցրել էինք նաեւ, թե ում առաջարկն է եղել այս հարթակի ստեղծումը՝ Հ1-ի նոր տնօրեն, իշխանական գլխավոր քարոզիչ Հովհաննես Մովսիսյանի՞, թե՞ հեռուստառադիոընկերության խորհրդի։ Պատասխանել են, որ կայքի ադրբեջաներեն տարբերակը բացվել է Հանրային հեռուստառադիոընկերության եւ լրատվական, վերլուծական հաղորդումների ղեկավար կազմերի քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում հայկական սոցհարթակներում Ադրբեջանի իրականացրած մեդիապատերազմը եւ  ոլորտի մասնագետների կարծիքը: 

Գրել են նաեւ, որ Հանրայինի 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժնի փորձնական տարբերակը մշտապես մոնիտորինգի է ենթարկվում՝ դրա ազդեցությունն ադրբեջանական լսարանի վրա պարզելու համար: Քանի որ «Հանրային հեռուստաընկերությունը չի կարող թույլ տալ գործընթաց, որը թեկուզ աննշան վնաս կհասցնի հայկական շահին»:

Թվում է՝ վատ բան չեն մտածել, բայց հարց է ծագում՝ այդ ո՞ր ինֆորմացիան է, որ ռուսերեն, անգլերեն կամ անգամ հայերեն տարբերակով չի հասնելու ադրբեջանական լսարանին, եւ հարկավոր է հենց իրենց մայրենի լեզվով այն մատուցել, որպեսզի տեղեկատվական պատերազմում հաղթենք։