Արայիկ Հարությունյանը խոսելուց առաջ ճիշտ կանի նախ մտածի

Արայիկ Հարությունյանը խոսելուց առաջ ճիշտ կանի նախ մտածի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լարսի որեւէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղաններին»։

Այսկերպ փաշինյանական վարչակազմն արձագանքում է արդեն մի քանի օր մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Լարսի անցակետը նորից փակվել է, հայկական բեռատարներին ռուսական կողմը հետ է դարձնում։ Ընդ որում, եթե նախորդ դեպքերում պատճառաբանությունները տեխնիկական էին եւ կապվում էին, օրինակ, անբարենպաստ եղանակային պայմանների կամ նորոգվող ճանապարհի հետ, ապա այս անգամ պատճառաբանությունը եղել է բացահայտ քաղաքական․ հայկական բեռնատարները հետ են ուղարկել՝ քաղաքական հայտարարություններ անելով։ Սա, իհարկե, հերթական անգամ ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում, որքան էլ մի կողմից Փաշինյանը փորձի իրավիճակն այլ կերպ ներկայացնել, մյուս կողմից՝ ռուսները փորձեն հերքել խնդիրների առկայությունը, որպեսզի Արեւմուտքն ավելորդ անգամ չառիթավորվի, փաստ է, որ լուրջ խնդիրներ կան։

Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդիրներին, ուստի կանդրադառնանք այլ ասպեկտի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, մեղմ ասած, անհեթեթ հայտարարությանը։ Իհարկե, հայրենական տնտեսությունը, արտադրությունը քաջալերելը լավ բան է, հավանաբար, Արայիկ Հարությունյանին թվում է, թե ինքը հայրենասիրական քայլ է արել։ Բայց կարո՞ղ ենք հարցնել, թե, օրինակ, ՀՀ կառավարությունն ինչ է անում տեղական արտադրողին, կարեւոր չէ՝ արդյունաբերական արտադրանք, թե գյուղմթերք, օգնելու, նրա հոգսը թեթեւացնելու համար։ Եվ նախքան նման պոպուլիստական ու ծիծաղաշարժ կոչեր անելը, թե միայն հայկական արտադրանք գնեք, ճիշտ կլիներ փոքրիկ մոնիթորինգ անցկացնել եւ պարզել, թե, օրինակ, իշխող ՔՊ-ի միայն վերնախավում քանիսն են միայն հայկական արտադրանք գնում-օգտագործում, քանիսն են օտարերկրյա բրենդներից օգտվում։

Երկրորդ․ կարելի էր պարզել, թե Լարսի անցակետով ինչ ապրանքներ են արտահանվում հիմնականում, եւ, ըստ այդ արդյունքների, հասկանալ, թե, օրինակ, հայաստանցի կամ սփյուռքահայ սպառողի համար այդ ապրանքների որ մասն է առաջնահերթություն, որը՝ ոչ։ Եվ արդյոք հայկական շուկան ունա՞կ է այդքան ապրանք սպառելու։

Երրորդ․ Արայիկ Հարությունյանը կարող էր նաեւ տնտեսական ցուցանիշներ վերցնել՝ հասկանալու հայաստանցի սպառողի գնողունակությունը, եւ փորձել ընկալել, թե, ենթադրենք, թանկարժեք հուշանվերային կոնյակը եւ, առհասարակ՝ գինու եւ կոնյակի ողջ արտադրությունը, որն իրականացվում է Հայաստանում եւ արտահանվում է Լարսով, որքանով է հասանելի հայաստանցի սպառողի գրպանին՝ անկախ սեղանի տոնական կամ ոչ տոնական լինելուց, եւ որքանով կարող է այդ ամբողջ քանակը սպառվել Հայաստանում։ Մյուս հարցը կապված է արտասահմանում նոր շուկաներ գտնելու հետ։ Դեռ 2013 թվականին կարծես, երբ Հայաստանը մտնում էր ԵԱՏՄ կազմ, բավական խոսվեց այն մասին, որ եվրոպական կամ արեւմտյան մեծ գնողունակությամբ հայտնի շուկաներում հայկական ապրանքները դժվարություններ կունենան, նախ՝ որակական այն չափանիշների պատճառով, որոնք գործում են այդ երկրներում, եւ ապա նաեւ՝ այդ շուկաներն արդեն ունեն իրենց ավանդական, այսպես ասած, «տերերը», եւ նոր խաղացողի մուտքը, վստահաբար, «կարմիր գորգով ու ծաղիկներով» չեն դիմավորելու։ Նույնիսկ ասիական՝ չինական ու հնդկական շուկաներում տեղ գրավելը մեզ համար դյուրին չէ եւ բազում խնդիրների հետ է կապված՝ ինչպես լոգիստիկ, այնպես էլ շատ ուրիշ, իսկ ռուսական շուկան կորցնելը ոչ միայն հիմարություն կլինի, այլ նաեւ կատաստրոֆիկ կանդրադառնա հայ արտադրողի վրա։ Եվ աշխատակազմի ղեկավարն իր այս հայտարարությամբ մի կողմից իր անտեղյակությունն ու անգրագիտությունն է ցույց տվել, մյուս կողմից՝ իշխանությունների անտարբերությունը բիզնեսի խնդիրների նկատմամբ, եւ երրորդ կողմից՝ որպես պետական կառույցների ներկայացուցիչ, հարցերը կարգավորելու եւ իր պարտականությունները կատարելու անկարողությունը։ Չէ՞ որ պետությունը եւ կառավարությունը հենց նման հարցեր կարգավորելու համար են ստեղծված, այլ ոչ թե անհեթեթ, պոպուլիստական ու տգետ հայտարարություններ անելու։