Պատրա՞ստ է սրբազանը նորընտիր քաղաքապետին օրհնելու

Պատրա՞ստ է սրբազանը նորընտիր քաղաքապետին օրհնելու

Այսօր Գյումրու համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի ընթացքում քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը։ 33 ավագանու անդամներից նրա օգտին կողմ քվեարկեց 24-ը, դեմ՝ 8-ը: Լրագրողների հետ կարճ զրույցից հետո Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, թե պատրաստվում է եկեղեցի գնալ, մոմ վառել, եւ եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը քաղաքում  լինի, օրհնություն կխնդրի։

Մենք շտապեցինք զրուցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

-Սրբազան, պատրա՞ստ եք օրհնություն տալու նորընտիր քաղաքապետին, ասաց՝ եկեղեցի է գալու՝ օրհնություն ստանալու։

-Ես  քաղաքում եմ, բայց 24 ժամ եկեղեցում չեմ լինում, լինում եմ նաև առաջնորդարանում, ինձ իր այցի մասին տեղյակ չի պահվել, եթե այնտեղ լինեմ ու տեսնեմ․․․

-Ընդունու՞մ եք նրա ընտրվելու փաստը։

-Դե, հիմա ընտրվել է...

-Իսկ այն, որ գյումրեցիների մոտ որոշակի հիասթափություն եղավ, շատերը չէին սպասում, որ ՔՊ-ի հետ կմիավորվի։

-Դե, իրենք են տուժելու, ես մի անգամ ասել եմ՝ եթե միավորվեն, կհեղինակազրկվեն, հիմա մնում է, որ էս 5 տարիների ընթացքում կարողանան հեղինակությունը հետ բերել:

-Դուք ավագանու նիստին ներկա չէիք, նորընտիր ավագանիներն օրհնություն չստացան, հատուկ հրավե՞ր էր պետք։

-Ոչ, դա պարտադիր չէ, իմ ներկայությունը պարտադիր չէ ավագանու առաջին նիստին, բացի այդ, ես ամբողջ Շիրակի մարզի թեմի առաջնորդն եմ, ոչ միայն Գյումրիի։