«Հրապարակ». Եկեք իրար աջակցենք կամ առնվազն իրար չխոչընդոտենք

«Հրապարակ». Եկեք իրար աջակցենք կամ առնվազն իրար չխոչընդոտենք

Հունիսի 8-ին «Հայաքվե» նախաձեռնությունը հերթական քննարկումն էր կազմակերպել։ Հիշեցնենք, որ այս նախաձեռնության նպատակը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է, որով կքրեականացվի Արցախի հանձնումը։ Եթե ԱԺ-ն ինքնակամ չանի սա, ապա պարտադրելու են հանրաքվեով անել։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք նախաձեռնության անդամներից մեկի՝ փաստաբան Արամ Օրբելյանի հետ։

- Արդեն որոշվե՞լ է, թե երբ է նախաձեռնությունը դիմելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

- Հունիսի 12-ին է պլանավորվում մուտք անել, որպեսզի գործընթացի առաջին հիմնական փուլի մեկնարկը տրվի։

- Խմբերն արդեն ձեւավորվե՞լ են, որոնք պիտի իրականացնեն ստորագրահավաքը։

- Կա նախաձեռնող խումբ, որի մեջ մտնում է 66 հոգի, բացի դրանից՝ կազմակերպչական արդեն բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ շարունակում է կատարվել, ցանկացած անձ, քաղաքացի, ով ցանկանում է աջակցել, կարող է hayaqve.am կայքով կամ մնացած սոցիալական մեդիայով տեսնել կոնտակտները, կապվել եւ միանալ գործընթացին, բայց հիմնական կորիզը, որը պետք է գործընթացն իրականացնի, արդեն կազմված է, ինչը չի նշանակում, որ աջակցության կարիք չունենք․ ցանկացած աջակցություն, ցանկացած մասնակցություն, ցանկացած ներգրավում միայն ողջունելի է։

- Կարծիք կա, որ այդ գործընթացը, որը պլանավորել եք, շատ երկար է, այդ ընթացքում, մինչ ստորագրություններ են հավաքվում, Նիկոլ Փաշինյանը կարող է հանձնել Արցախը։

- Ինչպես ասում են, կարճ պատասխանը՝ այո եւ ոչ միաժամանակ։ Իրականում երկու տարբերակ ունենք․ կարող ենք ոչինչ չանել, որովհետեւ իմ կողմից շատ սիրելի, շատ հարգելի, իմ նախկին գործընկեր Սեդրակ Ասատրյանն էր ասում, որ երիկամը ցավելիս բժշկին ասել է՝ դեղ ներարկեք, բժիշկն ասել է՝ բայց մի ժամից է օգնելու, ինքն էլ պատասխանել է, որ կես ժամից ներարկեք, նշանակում ՝է 1 ժամ + կես ժամից է օգնելու։ Հիմա հետեւյալն է․ այս պահին այս նախաձեռնությունը կա, կան նաեւ այլ նախաձեռնություններ։ Նախաձեռնություններն էքսկլյուզիվ չեն, այսինքն՝ չենք ասում, որ, այ, եթե մեզ եք աջակցում, ուրիշներին մի աջակցեք։ Պետք է բոլոր հնարավոր գործիքակազմերն օգտագործել։ Կոպիտ ասած՝ եթե 6 ամիս առաջ էլ սկսեինք, էլի նույն բանն էին ասելու։ Չի կարելի հուսահատվել եւ պետք է սկսել։ Եթե ստորագրություն կլինի, եթե կանտեսվի քաղաքացիների կամքն այս գործընթացի շրջանակներում, ուրեմն պետք է արդեն կիրառվեն այլ գործիքակազմեր, քաղաքացիական անհնազանդության միջոցների, իրավական պայքարի այլ գործիքակազմեր։ Այսինքն՝ պետք չէ հուսահատվել, այլ շատ ավելի ակտիվ լինել ստորագրահավաքին, որպեսզի ժամանակն էապես կրճատվի, ոչ թե ստորագրությունը հավաքվի 60 օրում, այլ 15-30 օրում, եւ այդ ժամկետներն ավելի սեղմվեն։

-  Նաեւ ընդդիմության ներսում կա տեսակետ, որ այս շարժումը ստվերում է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը, այսինքն՝ Փաշինյանի հեռացման օրակարգից շեղում եք հասարակությանը։

- Դա մոտեցումների եւ մեկնաբանությունների հարց է։ Ինչպես նշեցի, տվյալ գործընթացն էքսկլյուզիվ չէ, ես՝ անձամբ հանդիսանալով այս նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ, ինտենսիվ աջակցում եմ տարբեր շարժումների, նախաձեռնությունների եւ գործընթացների, այստեղ նախաձեռնող խմբի անդամ լինելը ես չեմ դիտարկում որպես հակադրություն մնացած գործընթացներին։ Իմ կոչը, մոտեցումը, ընկալումը, առաջարկը բոլոր պրոհայկական եւ պրոարցախյան շարժումներին այն է, որ իրար չքննադատենք, փորձենք իրար աջակցել։ Եթե ցանկություն, ռեսուրս կամ հնարավորություն չկա աջակցելու, ուրեմն առնվազն չխոչընդոտել, որովհետեւ շարժումներից որն էլ որ հաջողի, համընդհանուր պրոհայկական նպատակներն իրացվելու են։ Հիմա Արցախը հայկական պահելու մի նախաձեռնությունը որեւէ կերպ չի բացառում մնացած բոլոր շարժումներն ու նրանց նպատակները, այսինքն՝ ոչ ոք չի ասում՝ այս մի նախաձեռնությանն աջակցելու դեպքում դուք որեւէ այլ նախաձեռնության մի աջակցեք, մի մասնակցեք։

- Նաեւ մի այսպիսի իրավական կարծիք կա, որ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթը, որով Արցախն Ադրբեջանի կազմում կճանաչվի, ապա այն միջազգային իրավական փաստաթուղթ է դառնալու, որն իրավական ավելի մեծ ուժ ունի, քան Քրեական օրենսգրքի այդ հոդվածը։

- Պայմանագիրը, որը պետք է ստորագրվի, առնվազն քաղաքական բնույթի փաստաթուղթ է եւ ՀՀ Սահմանադրության իմաստով ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից։ Կախված նրանից, թե ինչ դրույթներ կպարունակի, հիմք ունեմ ենթադրելու, որ կարիք է լինելու նաեւ հանրաքվե իրականացնելու։ Հետեւաբար այնպես չէ, որ այն գործընթացներն ու այս գործընթացները լրիվ իրարից անջատ են, այդ փաստաթղթի ստորագրումն ինքնին առաջնային հետեւանք կարող է չառաջացնել, որովհետեւ դրանից հետո լինելու է Սահմանադրական դատարան, ԱԺ, վավերացում, փաստաթղթերի փոխանակում։ Այսինքն՝ սա տեւական գործընթաց է, որի ընթացքում ժողովուրդը, իրացնելով իր իշխանությունը, պետք է ցույց տա իր դիրքորոշումն այս հարցում։ Սա մի գործընթաց է, որն իրականացնում է համախմբում, եւ այդ համախմբումը կարող է ուղղվել այն մյուս գործընթացի դեմ։ Այսինքն՝ այն, որ այնտեղ մի պայմանագիր կլինի, որը մեր Քրեական օրենսգրքին կհակասի կամ չի հակասի, պարզ մաթեմատիկական համադրման խնդիր չէ։ Պայմանագրի ստորագրումը գործընթացի սկիզբ է, սա եւս գործընթաց է, եւ այդ գործընթացները որոշակի հատվածներում խաչվում են, եւ մեր նպատակն է լինելու այդ մյուս, հակահայկական գործընթացը կասեցնելը։