Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոնում այլ դեպքեր էլ են եղել  

Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոնում այլ դեպքեր էլ են եղել  

6 հոգու տեսողության կորստի պատճառ դարձած «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը դեռ չի ավարտվել, և այս հարցերում շատ բան դեռ մութ է՝ մեղքը կենտրոնի՞նն է, թե՞ «Նատալի ֆարմինը», այնուամենայնիվ, այս սկանդալի հետ կապված արձագանքը շարունակվում է։ Երեկ, օրինակ, խմբագրություն էր զանգահարել մի տիկին և բողոքում էր, որ դեղատներում մարդիկ վախենում են աչքի կաթիլներ գնել։ Իսկ մի տղամարդ էլ՝ Հովակիմ Թորոսյանը, նյութերին ծանոթանալուց հետո անմիջապես զանգել էր խմբագրություն և պատմել, որ 87-ամյա հայրը 3 անգամ ստացել է այդ դեղամիջոցը, և դրանից հետո տեսողությունը վատացել է։ Հորը դեղի ու հոդվածների մասին, իհարկե, ոչինչ չեն ասել, խնայել են։

 «Հունվար ամսին էր՝ գնացինք պապայի աչքը ստուգելու, հետո սկսեցին սրսկել, դրանից հետո՝ մեկ ամիս անց, նորից սրսկեցին։ Ու դրանից հետո պապան ասում էր, որ շատ վատ է։ Առաջ հեռուստացույցով սիրում էր ու կարողանում էր նայել ֆուտբոլ, բայց  հետո անընդհատ ասում էր՝ ախր, վատացավ, վատացավ դեղից հետո, ես ասում էի՝ երևի ինքը ճիշտ չի կողմնորոշվում»,- պատմում է Հովակիմը: 

Այս մի քանի օրն էլ նորից պետք է գնային ստուգման։ 

Ասում է, որ անգամ իրենց չեն հայտնել, թե ինչ դեղ են ներարկում, վստահելով՝ ամեն անգամ 25 հազարական դրամ են վճարել, մինչև որ որդին բուժկենտրոնի ադմինիստրացիային հարցրել է՝ ի՞նչ դեղամիջոց են սրկսում և ինչո՞ւ ՀԴՄ կտրոն չեն տալիս։ Դրանից հետո սկսել են տալ և ասել, որ դեղամիջոցի անունը «Ավաստին» է։  Տղամարդը նաև զգացել է, որ հարցը բուժքրոջ դուրը չի եկել։
«Միակ գործառույթն էն էր, որ մի հատ դավթար ուներ, գումարը վերցնում էր, ընտեղ սրսկում էր։ Մի հատ էլ ռենտգեն հետազոտման բան իրենց հարկում են դրել՝ 3D՝ իրենց ասելով, էդ էլ 22 հազարով ընթացքում անում էին՝ առանց որևէ օրինական մուծման»,- վերհիշեց Հովակիմը։

Դեղամիջոցի ցուցումներից էլ նա հասկացել է, որ ներարկումը ոչ թե արվում է աչքի տեսողության բարելավման համար, այլ որպեսզի ավելի չվատանա վիճակը։