Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով` հայտարարենք համազգային հավաքի սկիզբ. Արշակ Սադոյան

Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով` հայտարարենք համազգային հավաքի սկիզբ. Արշակ Սադոյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ

- Պարոն Սադոյան, Հայաստանում այսօր լարված ներքաղաքական իրավիճակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, բանակցությունները, ստորագրած փաստաթղթերը,  Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած ելույթներն անհանգստություն են առաջացրել։ Լսե՞լ եք վարչապետի հայտարարությունները, ի՞նչ գնահատական կտաք ստեղծված իրավիճակին։

- Ողջունում եմ «5165» շարԺման մասնակիցների ակտիվությունը։ Սակայն կարծում եմ` միայն իրենց ուժերով հնարավոր չի լինի հասնել որևէ արդյունքի։ Մեր կուսակցությունը նույնպես, «5165» շարժման հետ համատեղ, քաղաքական խորհուրդ է կազմել, եղել են քննարկումներ։ Բոլոր դեպքերում պետք է հասնել որոշակի արդյունքի, որովհետև ստեղծված իրավիճակը շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև հայ ժողովրդի համար։ Կա խնդիր, որին մենք պետք է փորձենք հետևողականորեն ազդել, դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր իմքայլականներն ընտրվել են, եթե ընտրվել են, իհարկե, միայն Հայաստանի 2.5 մլն բնակչության քվեարկության իրավունք ունեցող հասուն տարիքի քաղաքացիների կողմից, ուստիև բոլորովին իրավունք չունեն ամբողջ հայ ժողովրդի անունից, մասնավորապես` Արցախի, քանի որ խնդիրն առաջին հերթին Արցախին է վերաբերում, խոսել և որոշումներ կայացնել։

- Հրապարակներում նստացույցերի միջոցով, փողոցներ փակելով կարողանալո՞ւ ենք Արցախի հարցը լուծել։ 

- Առաջին հիմնական քայլը, որ պետք է արվի՝ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում, հրավիրել համահայկական հավաք՝ լիազոր ներկայացուցիչների, որն իրավունք կունենա ողջ հայ ժողովրդի անունից խոսելու։ Եթե այդ հավաքը կլիազորի իմքայլականներին, Նիկոլ Փաշինյանին ինչ-որ հարցեր լուծել, դա այլ հարց է, բայց լուծել հայ ժողովրդի բախտին, ապագային վերաբերող խնդիրները, Արցախի լինել-չլինելու հարցը, մեր ամբողջ անցած ուղու բախտորոշ որոշումներ ընդունելը` մի ուժի կողմից, որին նույնիսկ դրսի շատ ականավոր մարդիկ պահանջում էին հրաժարական, ես կարծում եմ` անթույլատրելի է։ Կամ պետք է  ըստ ընդունված կարգի ստեղծվի  7-րդ համաժողովը։ Եվ այդ համաժողովում պետք է որոշումներ ընդունեն՝ մեր ժողովրդի բախտին վերաբերող, մանավանդ` լուրջ հիմնավորումներ կան պնդելու, որ Հայաստանն իր սակավաթիվ բնակչությամբ և իր հնամաշ, քայքայված տնտեսությամբ այս պատերազմի պատճառով առաջացած մոտ 15-20 մլրդ դոլարի իր պաշտոնական կորուստներից հետո առաջիկա տասնամյակում միայն իր ուժերով չի կարողանալու ոտքի կանգնել։ Այն խոսակցությունները, որ թալանածը պետք է հետ բերեն, իհարկե, անհրաժեշտ է, բայց այնքան չի լինի, որ կորուստները վերականգնվեն։ Այս գործին պետք է լծվի ողջ հայությունը՝ թե Սփյուռքի, թե Արցախի և թե Հայաստանի։

- Երբևիցե Հայաստանն ու Արցախն այսքան տարանջատված և հակասական կարծիքներ չեն ունեցել։ 

- Այսպես ստացվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գերավտորիտար համակարգ է ստեղծել։ Եվ այդ համակարգում խնդիրները միայն լուծում է ինքը։ Ես խոր համոզված եմ, և ոչ միայն ես, այլ շատերն են այդ կարծիքի, որ աշխարհայացքային հստակ պատկերացումներ չունեցող, աշխարհաքաղաքականության, համաշխարհայնացման գործընթացների մասին համարյա ոչ մի լուրջ պատկերացում չունեցող, առավել ևս` մարդկային հարաբերությունների, էլիտար խմբերի, պետության ղեկավարների հետ չի էլ կարող լուրջ մտածված փոխհարաբերություններ ունենալ։ Այս պայմաններում բնական է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մազաչափ որևիցե խնդիր լուծելու՝ ոչ Արցախի, ոչ հայ ժողովրդի անունից։ Շատ ցավալի է, որ նա անընդհատ պնդում է, որ իրեն ընտրողը ժողովուրդն է։ Իսկ ո՞ր ժողովրդի մասին է ինքը խոսում՝ Հայաստանում բնակվողների՞, թե՞ հայ ժողովուրդի։ Նա չի էլ պատկերացնում, որ խոսքը գնում է հայ ժողովրդի մասին, ոչ թե հայաստանաբնակ հայերի մասին։ Որովհետև Արցախի խնդիրը հայ ժողովրդի խնդիրն է։ Այդ տեսակետից գտնում եմ հետևյալը. իրոք պետք է կազմակերպել այդ համազգային հավաքը, որտեղ համահայկական խնդիրները համատեղ խելք-խելքի տալով պետք է լուծենք։ Սա հանցագործություն է արդեն հայ ժողովրդի համար, դավաճանություն է հայ ժողովրդի շահերի նկատմամբ։ Պատկերացրեք` Ուկրաինայում մենակ մոտ կես միլիոն հայեր են բնակվում, որոնց մեծ մասը փախել են Ուկրաինայից և օդի մեջ կախված են, նրանց կյանքին ուղղակի վտանգ է սպառնում։ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հետ կապված էլ 2.5 մլն հայ է այնտեղ։ Այսպիսի ողբալի վիճակում չհրավիրել համազգային ժողով, չքննարկել երկրի փրկության համար հնարավոր ճանապարհները, ուղղակի ազգային դավաճանություն է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ համարձակվի դեմ գնալ այդ հավաքի կազմակերպմանը։ Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով` կհայտարարենք համազգային հավաքի սկիզբ՝ դա կլինի մամուլի ասուլիսի, թե ստորագրահավաքի պահանջով, բայց պետք է գործել։