Մի փոքր հիասթափեցնենք Նազելի Բաղդասարյանին՝ կոտրելով ոգևորությունը

Մի փոքր հիասթափեցնենք Նազելի Բաղդասարյանին՝ կոտրելով ոգևորությունը

Երեկ ՏԻՄ ընտրությունների ավարտից եւ արդյունքների նախնական հաշվարկից հետո Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ժամը մեկ ֆեյսբուքում գրառում էր կատարում՝ ուրախությունը կիսելով համակիրների հետ․ «Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է, Արթիկ խոշորացվածում եւս ՔՊ-ն հաղթել է․․․․»։ Եւ վերջապես մարզպետի ուրախությունը լիակատար դարձավ, երբ մարզի 4 խոշորացված համայնքի վերջնական պատկերն  ստացավ․« Այսպիսով մարզի 4 համայնքում էլ առաջատար ենք» ,-գրեց նա։ Նրա հրճվանքը միանգամայն հասկանալի էր: Չէ որ, նորընտիր մարզպետի համար լրջագույն փորձություն էին խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ի ընտրությունները: Գյումրու ՏԻՄ ընտրությունների անհաջող փորձից հետո իշխանությունը նրան ոչ կամավոր աքսորի ենթարկեց հարազատ մարզ՝ գոնե ինչ-որ չափով արդարացնելու նրանց սպասելիքները։ Ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետ նշանակվելով՝ առաջին բանը, որ նա արեց՝ համայնքների ղեկավարների փոփոխություններն էին: Ինչպես երևում է, նորընտիր մարզպետն իր աշխատանքից գոհ է։Ընտրությունների արդյունքները նրա համար կարծես թե  գոհացուցիչ են։

Ամփոփելով Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքների ընտրությունների նախնական արդյունքները՝ մի փոքր  հիասթափեցնենք Նազելի Բաղդասարյանին՝ կոտրելով ոգևորությունը։ Ախուրյան համայնքում քվեարկությանը մասնակցել է 13 235 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը 370 է: 6195 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդն «Ախուրյան» կուսակցությունների դաշինքն է՝ 3854 ձայնով, երրորդը՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810 քվեով: Այսօր արդեն «Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի՝ Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն:

ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն չէ, եւ այս երկու դաշինքի միավորումը առաջատար ՔՊ-ին կզրկի համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից, քանի որ մոտ 500 ձայնով առաջ են անցնում իշխող կուսակցությունից: Ախուրյանը ներառելու է 10 գյուղական համայնք եւ արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները: Ի դեպ, հենց Ախուրյանի եւ Մարմաշենի համայնքապետեր Արծրուն  Իգիթյանն ու Կարեն Արշակյանն են գլխավորում ընդդիմադիր երկու դաշինքները, որոնք  միավորվելու են: Ամասիայում նույնպես պատկերը ՔՊ-ականների համար մտահոգիչ է:

Այստեղ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3195 է, անվավեր քվեաթերթիկների թիվն է 62: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1218 ձայնով: Երկրորդ տեղում «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Արփի-Ամասիա» դաշինքն է, որը ՔՊ-ին զիջում է չնչին ձայներով: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն»-ը «Համերաշխության» հետ Ամասիայում կարողացել է 1199 վստահության քվե տանել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 717 ձայնով երրորդ տեղում է: Եթե վերջիններս միավորվեն, ապա ՔՊ-ն այստեղ ևս կզրկվի միանձնյա համայնքային իշխանություն ձևավորելու  եւ համայնքապետ ունենալու հնարավորությունից: Ստացվում է, որ Ախուրյան եւ Ամասիա համայնքներում կրկնվելու է Գյումրու նախադեպը:

Իշխող կուսակցության համար լիարժեք չէ նաև Արթիկի ցուցանիշը։

Արթիկ խոշորացվող համայնքում իշխանության համար վեց ուժ էր  պայքարում՝ «Միասնական Արթիկ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», Դաշնակցություն, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունները։ Արթիկում  քվեարկությանը մասնակցած 19 063 քաղաքացուց  7731 –ն է  քվեարկել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին,  ինչը  50+ից բավականաչափ հեռու է : «Միասնական Արթիկն» ունի 4344 ձայն, երրորդը «Հանուն Հանրապետության ժաղովրդավարների պաշտպանության դաշինքն» է՝ 2550 ձայնով: Մնացած ձայները բաշխվել են Դաշնակցության,  «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունների  միջև, անվավեր է ճանաչվել 448-ը։

ՔՊ-ն կարծես թե անհանգստանալու առիթ եւ խնդիր  չունի միայն  Աշոցքում, որտեղ   քվեարկությանը մասնակցել է  3507 մարդ, որից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 2316 –ը : «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 1090 ձայն: