Միստիկա՞ է, արդյոք… տարերային աղետների առեղծվածը 

Միստիկա՞ է, արդյոք… տարերային աղետների առեղծվածը 

Հողը, հայրենի հողը տնքում է ցավից …Արդյոք հողը ցավ է զգում: Այո՛, զգում է, որովհետև հողը նույնպես հոգի ունի. դա իր ժողովրդի հոգին է, որ հազարամյակներով ապրել ու արարել է այդ հողի վրա, ոսկեսերմ ցորեն է ցանել, տաճարներ ու կամուրջներ է կառուցել, որդիական սիրով գուրգուրել է…

Հողը նաև հիշողություն ունի, որը ոչ ոք չի կարող ջնջել ո՛չ ռմբակոծություններով, ո՛չ ավերածություններով, ո՛չ պատմության զեղծարարությամբ,ո՛չ կեղծ սահմաններ գծելով: Ժողովրդի հոգին և իր հողի հոգին միաձուլված են իրար նրանց անհնար է բաժանել կամ ոչնչացնել…Ցավալի է, որ որոշ ազգեր, որ պատմության հեգնանքով հայտնվել են քաղաքակիրթ և մշակութաստեղծ ազգերի կողքին, այդպես էլ չհասկացան, որ եթե իրենց համար պատմության բարեհաճ պատահականությամբ հայտնվել են քաղաքակրթական միջավայրում գոնե պիտի փորձեին քաղաքակրթական և մշակութային դասեր առնել այդ բնիկ ժողովուրդներից: Մինչդեռ նրանք չառան և ոչ միայն անտարբեր մնացին ուրիշ ազգերի հոգու ցավին, այլև ցավ պատճառեցին շատ ազգերի: Եվ ցավալի է, որ այդ ժողովուրդների բարբարոսությունները հանդուրժել ու հանդուրժում են որոշ քաղաքակիրթ ազգեր ու անգամ դաշնակցում նրանց հետ: Դա աստվածային խարան է ողջ մարդկության համար, որը լռում է՝ տեսնելով այդ բարբարոսությունը, և անփութորեն ու անտարբեր հետևում է ռազմական սահմռկեցնող գործողություններին, թե ինչպես է չքաղաքակրթված մի ցեղ ոչնչացնում մշակութաստեղծ մի ողջ ազգի:

Այդ անփույթ ծուլությունը ահավոր վտանգ է ողջ մարդկության համար, որ հատուցելու է մի օր դրա համար: Այսօր աշխարհը տարերային աղետների ճիրաններում է: Մեղքերի մեջ խրված և հանցակից մարդկությունը հատուցում է իր քար անտարբերության համար: Այո՛, ուրիշի ցավին անտարբեր լինելն էլ մեղք է…

1915թ. հայոց ցեղասպանության պատճառած ցավից 100 և ավելի տարի անթաղ մնացած հայ մարդկանց հոգիները թափառում են երկնքում և հանգրվան չեն գտնում. ներքևում նրանց կորուսյալ հայրենիքն է և ա՛յն աշխարհը, որ այդ մեծ հանցագործության հանցակիցը դարձավ՝ հանդիսատես լինելով…Իսկ երկնքում նրանց անմխիթար հոգիներն են, որ դառնում են Տարերք, դառնում Աղետ՝ որպես ջրհեղեղ ու ցունամի, երկրաշարժ ու հրաբուխ, համատարած հրդեհ ու փոթորիկ…Այս աղետներն ասես ուզում են մարդկանց դուրս բերել անտարբերության թմբիրից, արթնացնել մարդկանց Խիղճը…

Հիշենք, թե որքան կործանարար աղետներ թափվեցին մարդկության վրա վերջին 100 տարիներին… Մարդի՛կ, այս ու՞ր ենք հասել մենք, որ մի ողջ ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանությունն ու նրա պատմական Հայրենիքի բռնազավթումը թեև ընդունում ենք որպես պատմական փաստ, սակայն աննպատակահարմար ենք համարում դրա քաղաքական ճանաչումը, որովհետև դա հակասում է մեր երկրների քաղաքական կողմնորոշմանը և տնտեսական շահերին: 1,5 միլիոն զոհված հայերի թափված արյունը աղաղակում է, բարձրանում առ Աստված և հատուցում պահանջում… 

Այսօր հայերի ցեղասպանությունը շարունակվում է իր հայրենիքում՝ Արցախում, իսկ աշխարհը պարզապես ծուլորեն ցավակցում է, անհամարձակ դատապարտում կամ անկարող զայրանում է…Ավերվում են խաղաղ քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու հիվանդանոցները, ծննդատներն ու դպրոցները: Ոչնչացվում է հայ ժողովրդի ստեղծած մշակույթն իր հայրենիքում, մեռնում են անմեղ քաղաքացիները՝ երեխաներ, կանայք ու ծերեր, կիրառվում է քիմիական զենք ու ռազմական գործողությունների մեջ ներգրավված են տարբեր երկրներից ահաբեկիչներ, իսկ աշխարհը դիտում ու լսում է այդ մասին՝ որպես առօրյա նորութույններ և չի ցնցվում…. Ինչու՞…Քնա՞ծ է, թե՞ մեռած նրա խիղճը… 

Հիշո՞ւմ եք, Եվրոպայում ժայթքեց հրաբուխ: Գուցե սա Աստծո պատիժն է տարերային աղետի ձևով: Այդ հրաբխի ծուխը տարածվել էր ամբողջ Եվրոպայում: Այդ ծուխը երկրի ընդերքից թույն էր տարածում և աղտոտում էր օդը…Սակայն մարդկային հոգիների աղտոտումն առավել վտանգավոր է հենց իր՝ մարդկության համար: 

Հայ ժողովրդի դեմ 44-օրյա պատերազմի օրերին արդեն Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում սկսվեց սարսափելի ջրհեղեղ: Այդ օրերին Թուրքիայի 7 նահանգների քաղաքներում և գյուղերում աշխարհակործան հրդեհ էր, որ տարածվում էր լույսի արագությամբ. Թուրքիան կրակի ճիրանների մեջ էր…Եվ որքան էլ այդ երկրի նախագահը փորձում էր մարդկային գործոն փնտրել այդտեղ, ապարդյուն՝ չէին կարող քուրդ ահաբեկիչներն այդ հզորության և այդպիսի տարածվածությամբ հրդեհ հրահրել, որքան էլ որ նրանց ինչ-որ խմբավորում հանձն է առել դա: Իհարկե, բավականին լավ առիթ է՝ ցույց տալու իրենց ուժը և սարսափի մեջ պահելու Թուրքիան: Բաքվում՝ Կասպից ծովում եղավ հրաբուխ, որի կրակի լեզուները տարածվում էին երկինք: Գերմանիայում և Բելգիայում ավերիչ ջրհեղեղները երկիրը կաթվածահար արեցին, եղան մարդկային զոհեր: Ճապոնիայում նորից արթնացան երկրաշարժները, ԱՄՆ-ում սարսափելի հրդեհները ոչնչացնում են հսկայական անտառային տարածքներ…Իտալիայում, Հունաստանում հրդեհներ են տարածվում. այդ հրդեհները նո՞ւյնպես քրդական ինչ-որ չկայացած կազմակերպությունն է կատարել…Ցնդաբանություն…

Թուրքիայում մոլեգնած ջրհեղեղն ասես շարունակեց հրդեհների կիսատ մնացած գործը… Շատերին կթվա, թե այս ամենը բնության սովորական երևույթներ են, և ոչ մի կապ չունեն ո՛չ քաղաքականության, ո՛չ բարոյական սկզբունքների ոտնահարման հետ, և այստեղ ոչ մի միստիկա չկա՚: Այո՛, այստեղ չկա ոչ մի միստիկա, սակայն գիտնականներն ապացուցել են, որ հետադարձ կապ կա պատերազմների, մարդկային դաժանությունների, համատարած անարդարությունների, բնապահպանական մարդածին աղետների և տարերային աղետների միջև: Սա բնության պատասխանն է, ասես նրա ինքնապաշտպանական բնազդն է գործում… Տարերային աղետը բիբլիական Սոդոմ և Գոմոր քաղաքներում բնավ էլ առասպել կամ միստիկա չէ: Համաշխարհային ջրհեղեղն էլ բնավ միստիկա չէ, դրանք մարդկության հիշողությունն են: Երբ որոշ երկրներ, տնտեսական շահի հետևից ընկած, արհամարհում են պատմական արդարությունն ու աստվածային բարոյական արժեքները, տարերային աղետների պատճառով հսկայական նյութական կորուստներ են ունենում… 

Դեռ որքա՞ն պիտի շարունակվի ժողովուրդների ինքնության և ինքնատիպության ոչնչացման այս դաժան քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Ոտնահարված է մի ողջ ժողովրդի՝ տվյալ դեպքում հայերի խաղաղ և անվտանգ ապրելու տարրական իրավունքը իր իսկ հայրենիքում: Եվ այդ իրավունքը արհամարհում է աշխարհը: Մեկ մարդու իրավունքը չի կարող ավելի բարձր ու արժեքավոր լինել ողջ ազգի իրավունքից, չէ՞ որ ազգը անհատներից է բաղկացած, ուրեմն, եթե մեկ մարդու իրավունքներն առավել են գնահատում որոշ կազմակերպություններ, ապա թող պարզ թվաբանական գործողություն կատարեն՝ բազմապատկելով այդ ազգի ու ժողովրդի թվով, և կստանան այդքան միլիոն մարդու անժխտելի իրավունքը: 

Մեկ Աշխարհ է, մեկ մարդկություն. մենք բոլորս նույն նավի մեջ ենք: Ցանկացած տարերային աղետ, որը կպատուհասի Եվրոպան, այն հավասարապես աղետ է համայն մարդկության դեմ, և ցանկացած երկրում փոթորկվող տարերային աղետը հավասարապես աղետ է ամբողջ աշխարհի և մեզնից յուրաքանչյուրի համար: Բավակա՛ն է, քրիստոնյա՛ աշխարհ, քո կեղծ երդվելը Աստվածաշնչի վրա իսկական փարիսեցիություն է ինչպես ձեր սեփական երկրի ու ազգի հանդեպ, այնպես էլ այն ազգերի ու ժողովուրդների, որոնք ցեղասպանության են ենթարկվել…. 
Սթափվի՛ր, Աշխա՛րհ, քո մեղքերի ապաշխարությունը ընթանում է ծանր և անսփոփ ճանապարհով…
Վաղը ուշ կլինի… 

Մարի Բարսեղյան-Խանջյան, գրող,հրապարակախոս