Արսեն Դավթյանը դարակից հանում է 3 հազար դոլարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը

Արսեն Դավթյանը դարակից հանում է 3 հազար դոլարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստում հետազոտվում են գործում առկա տեսանյութերը։

Հրապարակված տեսանյութից երեւում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանն իրավապահների ներկայությամբ դարակից հանում 3 հազար ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ 

Դավթյանն իրավապահներին հայտնում է, թե ինքը չի իմացել, որ Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա. «Ես չգիտեի՝ ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»։
Դատական նիստին ներկա են նաեւ մայրեր, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։

Նշենք նաեւ, որ ապացույցների հետազոտման ընթացքը լրագրողներին տեսանկարահանելն ու լուսանկարումն արգելված է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ ,ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: