ՀՀ դատաիրավական համակարգը պետք է «քանդել» և նորը կառուցել

ՀՀ դատաիրավական համակարգը պետք է «քանդել» և նորը կառուցել

Եթե դատաիրավական համակարգը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացրել է իրարամերժ հինգ վճիռներ, ապա ինչպիսի սպասելիք կարող է ունենալ «արժանապատիվ» շարքային քաղաքացին, եթե խախտվում են նրա սահմանադրական իրավունքները, աշխատանքային և քաղաքացիական օրենսդրական ակտերը: Մեղմ ասած, այն չի ծառայում իրեն ամրագրված արդարադատության նպատակին:

Որպեսզի Հայաստանում իրականացվի տնտեսական հեղափոխություն, ամենից առաջ պահանջվում է ստեղծել անկախ դատաիրավական համակարգ և միաժամանակ ապահովել գիտության զարգացման արմատական վերափոխումներ և գիտաշխատողների օգտագործման արդյունավետության բարձրացում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գիտության զարգացման շարժիչ ուժը տարեց և փորձառու գիտնականների օգտագործումն է: Հետևաբար, գիտության իրական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է աշխատուժի բնականոն վերարտադրության ապահովում, այլ ոչ թե ազատվել նրանցից իբր թե տեղ է բացվում երիտասարդ կադրերի համար:

Տարեց և փորձառու գիտնականների սահմանադրական իրավունքները խախտելով՝ երկրի բուհերից աշխատանքից ազատվեցին տասնյակ դասախոսներ: Նման իրավիճակում հայտնվեցի նաև ես: Ավարտելով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը՝ 1969թ.-ից շուրջ 50 տարի աշխատում էի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Մոտ 12 տարի եղել եմ տնտեսագիտության ամբիոնի վարիչ, հրատարակել եմ բազմաթիվ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ և տասնյակ գիտա-մեթոդական հոդվածներ: Լավագույն աշխատանքի արդյունքում Հայաստանի Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովը ինձ շնորհել է պրոֆեսորի կոչում: 2016թ. «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով բաց նամակ գրեցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին (նա եղել էր իմ ուսանողը բանասիրական ֆակուլտետում) երկրի տնտեսական զարգացման առաջարկություններով: Արդյունքում ռեկտոր Արամ Սիմոնյանը և դեկան Հայկ Սարգսյանը ինձ առաջարկեցին դիմում գրել և հեռանալ համալսարանից: Ես բնականաբար հրաժարվեցի: Սակայն նրանք սկզբում իմ դրույքաչափը իջեցրին 0, 25 և 2018 օգոստոսի 31-ին ազատեցին աշխատանքից, իբր թե լրացել է իմ պայմանագրային ժամկետը՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 57 և աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածները:

Իմ սահմանադրական և աշխատանքային իրավունքը վերականգնելու համար դատական հայց ներկայացրի Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան, որը 23.04.2019թ. դատական նիստում մերժեց: Դատարանը թույլ տվեց նյութական և դատաիրավական նորմերի խախտումներ, մասնավորապես խախտել էր ՀՀ քաղաքացիական դատական օրենսգրքի 66-րդ հոդվածը: Դատարանը չի կիրառել նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը (խտրականությունը արգելվում է), 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 113-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, այն կիրառել է նույն Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք ես չպետք է կիրառել, ինչպես նաև սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Գործատուն (ԵՊՀ-ն) ինձ աշխատանքից ազատման պատճառ նշել էր իբր թե ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում կրճատվել է 2350 ժամ (առանց հիմնավորման), սակայն իմ 0,25 դրույքով (190 ժամը) ինչպես կարող էր դա լուծել ամբիոնի ժամաքանակի պակասը: Կարելի է ասել, որ գործատուն թույլ է տվել առաջին դասարանցու սխալ: Ամբողջ վերը շարադրյալը վկայում է, որ իմ նկատմամբ գործատուն կիրառել է խտրականություն, ինչը չի հերքել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը Հրապարակ թերթի լրագրողի այն հարցին, թե ինչու աշխատանքից չեք ազատել 90 տարեկան Գրիշա Ղարիբյանին, նա պատասխանել է, որ Գրիշա Ղարիբյանը ԱԳԱ-ի թղթակից անդամ է:

Ելնելով սույն գործով կայացված դատական ակտի բովանդակությունից՝ պարզ է դառնում, որ դատական վճիռը կայացնելիս խախտվել է վերը շարադրված մի շարք էական իրավական նորմերի պահանջները, ուստի դատական վճիռը եղել է անօրինական:
ՀՀ քաղաքացիական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն դատական ակտը կարելի է համարել հիմնավորված, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ բավարար փաստական և իրավական հիմքեր:

Դատարանը պատասխանողի վրա վերոնշյալ հոդվածով սահմանված պարտականություն չի դրել և վերջինս էլ դատարանին չի ներկայացրել ծանրաբեռնվածության ժամաքանակի կրճատման հաստիքի վերաբերյալ ապացույցներ: Ընդհակառակը, այդ լրիվ հաստիքով աշխատանքի է ընդունել Սամսոն Դավթյանին: Այսպիսով, սույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է դատավարական իրավունքի նորմերի խախտումով, որոնք ազդել են գործի վրա և հանգեցրել են չհիմնավորված, չպատճառաբանված և անօրինական ակտի կայացմանը:

Նկատի ունենալով վերը շարադրածը՝ ես խնդրանքով դիմեցի ՀՀ վերաքննիչ դատարանին բեկանել և փոխել թիվ ԵԴ/19965/02/18 դատական ակտը և ինձ վերականգնել նախկին աշխատանքին: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը, 23.04.2019 թվականի դատական նիստում հաշվի չառնելով վերը նշված խախտումները, հայցը մերժեց: Կարևոր է նշել այն հանգամանքը, որ թե առաջին ատյանի դատարանը, և թե վերաքննիչ դատարանը, դատական գործունեության ընթացքում ապահովեց միայն դատական նիստի ձևական բնույթը, չկայացավ ոչ մի քննարկում, ոչ մի հարցի վերաբերյալ, իմ վերը շարադրած ելույթից հետո դատական նիստը ավարտվեց և մի քանի շաբաթից հետո ստացա հայցի անհիմն մերժումը:

Չընդունելով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների չհիմնավորված որոշումները, դիմեցի վճռաբեկ դատարան: Չորս ամիս անց չունենալով ոչ մի տեղեկություն՝ դիմեցի վճռաբեկ դատարան իմ հայցի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Վճռաբեկ դատարանում ինձ տեղեկացրին, որ դատական հայցը լավ հիմնավորված չի, և հետևաբար, վարույթ չի ընդունվել: Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Մերժման որոշման տակ ստորագրել էին ինը դատավորներ՝ փակելով իմ իրավունքները մեկընդմիշտ:

Միաժամանակ իմ աշխատանքային իրավունքը վերականգնելու համար բաց նամակ եմ գրել ԿԳՄՍ նախարարին, հոդվածներ եմ հրապարակել Հրապարակ և Առավոտ թերթերում, նամակ եմ հանձնել Աննա Հակոբյանին, բազմաթիվ առիթներով դիմել եմ կառավարությանը, երկու անգամ դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել: Այս բոլորը նշանակում է, որ համապատասխան պետական մարմինները ոչ միայն չեն գնահատում իմ 50 տարվա գիտա-կրթական աշխատանքը, այլև նպաստում են ինձ ուղարկելու աղքատության գիրկը: Նման իրավիճակում ես երանի եմ տալիս այն օրերին, երբ հնարավոր էր դատավորին կաշառելու միջոցով հասնել արդարադատության:

Վ. Հովսեփյան
Պրոֆեսոր, տնտեսագետ