Հայկական «արատն» ու ռուսական ֆորմատը

Հայկական «արատն» ու ռուսական ֆորմատը

Օգոստոսի 23-ից մեկնարկել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը․ 14 քաղաքական ուժ փորձում է համոզել երեւանցիներին՝ քվեարկելու իր օգտին։ 

Հայաստանյան, այդ թվում՝ մայրաքաղաքում անցկացվող ընտրությունները, որպես կանոն, միշտ աչքի են ընկել թեկնածու ուժերի կամ անձերի առատությամբ, ինչն ապացուցում է «Հայաստանում ամեն օր արթնանում է 3 միլիոն նախագահ կամ վարչապետ» թեւավոր խոսք դարձած ճշմարտությունը։ Սա նաեւ ազգային առանձնահատկության, մենթալ կոդերի վկայություն է, երբ բոլորս ամենագետ ենք կարծում ինքներս մեզ՝ նեղթիմային, նեղանձնական ամբիցիաներին ստորադասելով մեր բնակավայրի, քաղաքի, երկրի ու ազգի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ 

Առանց այդ անմնացորդ սիրո ու պատասխանատվության (ենթադրում է, անշուշտ, մասնագիտական, կրթական, բարոյական, մարդկային, կառավարչական բարձր ցենզ ու փորձառություն) պարզապես անթույլատրելի է նման հավակնություններ ունենալ՝ ՏԻՄ ընտրություններից մինչեւ համապետական ընտրություններ։ Մի բան, որ մեզանում հաճախ է պակասել ու պակասում է բովանդակապես։ Սա, ըստ իս, մեծ արատ է, որ արմատացել է մեր պետության ու հասարակության մեջ, եւ որից անհրաժեշտ է ձերբազատվել օր առաջ։

Այս ամենը դիտարկելիս որոշ զուգահեռներ կարելի է տանել, օրինակ, Հայաստանի եւ Ռուսաստանի մայրաքաղաքների ընտրությունների միջեւ։ Մոսկվայում այս շաբաթ (սեպտեմբերի 8-10-ը) եւս ընտրություններ են․ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ՝ քվեարկության միասնական օրը: Մոսկվացիներին հնարավորություն է տրված իրենց քվեարկությունը կատարել ընտրատեղամասերում, ինչպես նաեւ՝ առցանց (mos.ru կայքում)։

Միաժամանակ, ՌԴ մայրաքաղաքում տեղի կունենան ТиНАО-ի (Մոսկվայի երկու նոր շրջանների՝ Տրոիցկի եւ Նովոմոսկովսկի վարչական շրջանների անվանումների միավորումն է) 13 քաղաքային պատգամավորների ընտրություններ։ Այս 13 մունիցիպալիտետների ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ․ մեկը՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում քվեարկության համար, մյուսը՝ քաղաքային ընտրությունների։

Հայտնի է, որ Մոսկվայի բնակչությունն ավելի քան 13 միլիոն է (2021 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 13 010 112 մարդ), իսկ Երեւանի բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով, շուրջ 1,7 միլիոն է։ Փաստորեն, Երեւանից շուրջ տասն անգամ մեծ բնակչություն ունեցող Մոսկվայում քաղաքային կառավարման լծակների համար պայքարում է ընդամենը 5 թեկնածու (ասել է թե՝ քաղաքական 5 ուժ), որոնց թվում են՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից՝ Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ԼԴԿ-ից՝ Բորիս Չերնիշովը, Կոմունիստական կուսակցությունից՝ Լեոնիդ Զյուգանովը (ի դեպ, Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի ավագ թոռն է), «Նոր մարդիկ»  կուսակցությունից՝ Վլադիսլավ Դավանկովը, «Արդար Ռուսաստան»-ից՝ Դմիտրի Գուսեւը։ Իսկ ռուսները, որքան էլ ներքին հակասություններ ունեն, հաստա՛տ մեզնից պակաս չեն սիրում ու մեզնից նվազ պատասխանատվությամբ չեն վերաբերվում իրենց երկրին ու ժողովրդին։

Մինչդեռ Երեւանում նույն հավակնություններով հայտ է ներկայացրել եւ պայքարում է 14 կուսակցություն՝ Երեւանի քաղաքապետի իր թեկնածուով։ Այո՛, հոգսառատ Երեւանը թեկնածուների առատության պակաս չունի, բայց, ինչպես հուշում է հայկական առածը, «Ես Աղա, դու՝ Աղա, բա մեր աղունն ո՞վ աղա»:

Արա Ալոյան