Ձախ Հարութի նման լեգենդի հետ յուրաքանչյուր համագործակցություն վարպետության դաս է

Ձախ Հարութի նման լեգենդի հետ յուրաքանչյուր համագործակցություն վարպետության դաս է

Երեւանի Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում ամիսներ առաջ կայացավ լեգենդար երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ձախ Հարութի՝ «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։ Երկու տարվա դադարից հետո սիրված արտիստի հետ հանդիպումը կրկին սպասված էր հայ հանդիսատեսի կողմից։ Դա էին վկայում լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսի ակտիվ մասնակցությունը՝ ողջ համերգի ընթացքում։ 
Ինչպես համերգի ընթացքում Ձախ Հարութն ասաց․ «Առանց պրոֆեսիոնալ ու իր գործին գիտակ երաժշտի ներկայության արտիստը բեմում չի կարող լիարժեք լինել։ Իսկ այս պատասխանատու օրն ինձ հետ բեմում են հանրապետության պահանջված ու պրոֆեսիոնալ երաժիշտներ»։ 
Լեգենդար արտիստի նշած երաժիշտների թվում էր նաեւ հայկական երաժշտական ոլորտում փնտրված դաշնակահար Էդգար Հայրապետյանը, ով հայկական էստրադայի գրեթե բոլոր երգիչների մենահամերգների անփոխարինելի երաժիշտն է դարձել։

«Դրանում ճշմարտություն կա»,- մեզ հետ զրույցում թեթեւ ժպիտով, բայց համեստորեն հաստատեց դաշնակահար Էդգար Հայրապետյանն ու վստահեցրեց, որ երբեմն անգամ համագործակցության հրավերների առատության պատճառով ստիպված է լինում կա՛մ ինքն անձամբ հրաժարվել, կա՛մ էլ արտիստն է ստիպված լինում հետաձգել համերգը։ 

«Իսկ հայկական երգարվեստի լեգենդի՝ Ձախ Հարութի հետ պատիվ եմ ունեցել նույն բեմում լինել նրա մի քանի մենահամերգների ընթացքում։ Պատվից առավել՝ ինձ համար մեծ պատասխանատվություն է, որպես երաժիշտ, վերջին տարիներին հանդես գալ նրա գրեթե բոլոր համերգներին»,- մեզ հետ զրույցում ասաց դաշնակահար-գործիքավորող Էդգար Հայրապետյանը, ապա հպարտությամբ մտաբերեց․ «Ձախ Հարութի հետ մեր համագործակցությունը սկիզբ առավ դեռեւս 2012 թվականին՝ Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացած նրա երկար սպասված մենահամերգից։ Այդ օրվանից հետո նրա բոլոր համերգային շրջագայություններին, լինի դա Հայաստանում, թե արտերկրում, որոնք բոլորն էլ հանդիսատեսին մեծ բավականություն են պատճառել, իմ ներկայությունն անխուսափելի դարձավ։ Առավել տպավորիչ էր 2019 թվականին «Հրազդան» մարզադաշտում Ձախ Հարութի «30 տարի անց» խորագրով մենահամերգը։ Ձախ Հարութի նման լեգենդի հետ յուրաքանչյուր համագործակցություն մի յուրահատուկ վարպետության դաս է լինում բոլորիս համար։ Դրա վկայությունը հենց հուլիսի 3-ին կայացած հոբելյանական համերգն էր, որի ընթացքում թե՛ նրա հետ բեմում գտնվող երաժիշտներս եւ թե՛ հանդիսատեսը բեմում տեսավ, թե ինչպես է 70-ը բոլորած արտիստը բեմից շռայլորեն դեպի հանդիսատեսը տարածում անմնացորդ սեր՝ չխնայելով անգամ իր անսպառ էներգիան, կենդանի կատարումներն ու ունեցած սերը»։  

Ըստ Է․ Հայրապետյանի, Ձախ Հարութի հետ աշխատելը մեծ բավականություն է յուրաքանչյուր երաժշտի ու արտիստի համար․ «Առավել հաճելի եւ պարտավորեցնող է, երբ երգերի երաժշտության հնչողության հարցում վստահություն ունես նրա նման լեգենդար արտիստի կողմից»։

Վարդուհի Կիրակոսյան