Ինչպես է քանդվում Մխիթարյան միաբանությունը

Ինչպես է քանդվում Մխիթարյան միաբանությունը

«Հրապարակ» օրաթերթը բավականին սկանդալային մի նամակ է ստացել Մխիթարյան միաբանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, որտեղ նաեւ նկարագրված է, թե ինչ «ներդրում» ունեն դրանում Հայաստանի նոր իշխանությունները։

Ըստ այդմ՝ տարիներ առաջ Լեւոն Զեքիյանին նշանակելով Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ՝ Սուրբ Աթոռը նրա առաջ հստակ խնդիր էր դրել՝ մի քանի տարվա ընթացքում մարել միաբանության պարտքերի գոնե մի մասը: Մի բան, որ Զեքիյանին ոչ միայն չի հաջողվել, այլեւ Մխիթարյանները վերջին տարիների ընթացքում էլ ավելի մեծ պարտքեր են կուտակել, ինչն ամենեւին չի բխում Վատիկանի հետ պայմանավորվածության տրամաբանությունից:

Ու չնայած այն հանգամանքին, որ Լեւոն Զեքիյանը վերջին մեկ տարում որոշակի քայլեր ձեռնարկել է ֆինանսական կացությունը մասամբ բարելավելու ուղղությամբ, սակայն միաբանության ներսում առկա անառողջ մթնոլորտը, հենց իր՝ Զեքիյանի անձի հանդեպ առկա անվստահությունը լուրջ խոչընդոտներ են ստեղծում: Այդ քայլերից մեկն էլ այն էր, որ մի քանի ամիս առաջ Զեքիյանի եւ միաբանության վիճակով մտահոգ մի խումբ հայ բարերարների միջեւ ձեռք էր բերվել բանավոր պայմանավորվածություն՝ Փարիզի Մխիթարյան միաբանության Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի շենքի շուրջ մի նախագծի վերաբերյալ։ Դրանով նախատեսվում էր վերակենդանացնել բարձիթողի, լքված վիճակում գտնվող շենքը՝ դրա մի մասը թանգարանի վերածելով, իսկ մյուս հատվածը ծառայեցնելով կոմերցիոն նպատակների, ինչը թույլ կտար մեծածավալ միջոցներ ապահովել միաբանության համար եւ այդպիսով մարել պարտքերի մի մասը: Մի քանի օր առաջ՝ հուլիսի 19-ին, նախատեսվում էր կնքել համաձայնագիր, որով շենքի շահագործման իրավունքն առաջիկա 60 տարում տրվելու էր ներդրողին:

Սակայն, չգիտես ինչու, նախապես ձեռք բերված բանավոր համաձայնությունը Լեւոն Զեքիյանը խախտել է։ Ինչպես հաղորդվում է նամակում՝ պայմանագիրը չստորագրվեց՝ մեղավորը պաշտոնական Երեւանն էր ու Զեքիյանի թուլությունը։

Բանն այն է, որ փաստաթղթի ստորագրումից օրեր առաջ այդ լուրը հասել էր Հայաստան, սակայն՝ աղավաղված տեսքով՝ նշվել էր, թե իբր Զեքիյանը պատրաստվում է վաճառել վարժարանի շենքը, յուրացնել ստացած գումարները: «Մեր տեղեկություններով՝ նախ Զեքիյանին միաժամանակ զանգահարում են Գարեգին վեհափառը եւ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հայտնելով իրենց «մտահոգությունը»: Անհասկանալի է, թե ինչ գործ ուներ կաթողիկոսը Մխիթարյաններին պատկանող գույքի հետ, գուցե ուրիշին պատկանող հերթական ժառանգության վրա աչք ունի, պարզ չէ: Դրանից հետո տարբեր կողմերից ճնշումներ են գործադրվում Լեւոն Զեքիյանի վրա: Հայրապետյանը Զեքիյանի հետ զրույցում վստահեցնում է, թե ներկայացնում է ոչ թե իր անձնական, այլ պետության դիրքորոշումը, թե իբր իրենք պատրաստ են օգնել Մխիթարյաններին, եթե նրանք հրաժարվեն համաձայնագրի կնքումից: Բացի այդ, սփյուռքի նախարարությունը փակած այս երիտասարդը հավաստիացնում է, թե հանդիպել է Վահե Գավրաշին, որը, անկասկած, իր սեփական շահերն է հետապնդում, նախագահ Արմեն Սարգսյանին ու նույն Վեհափառին»,- ասված է մեզ ուղղված նամակում։

Ըստ այդմ՝ Լեւոն Զեքիյանի հետ կապ էին հաստատել նաեւ դեսպանները, ինչպես նաեւ Պատրիկ Դեւեջյանը, որը, ըստ նամակագրի ունեցած տեղեկությունների, Գավրաշի հետ այլ ծրագրեր ունի՝ այդ շենքի հետ կապված: «Եվ զարմանալի է, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, քանի որ նույն Հայրապետյանը քանի՞ գլխանի էր, որ այսպիսի խառնաշփոթ ստեղծեր՝ չունենալով իր վերադասի թույլտվությունը»,- գրում է նամակագիրը։

Ըստ նրա՝ այս ողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ Լեւոն Զեքիյանը, կորցնելով գուցեեւ վերջին հնարավորությունը՝ որեւէ առաջադեմ քայլ անելու, կրկին հայտնվելու է կոտրված տաշտակի առջեւ՝ էլ ավելի մեծացնելով միաբանության վանահայրերի մոտ եղած անվստահությունը: Եվ պատմությունն էլ ցույց է տալիս, որ այն երդումները, խոստումները, թե պետությունն այսուհետեւ աջակցելու է միաբանությանն ու լինելու է վերջինիս կողքին, մնալու են լոկ խոսքեր. Մխիթարյան միաբանությունը շարունակելու է նոր պարտքեր կուտակել, իսկ այն մեծ հարստությունը, որ դեռ տնօրինում է, շարունակելու է մնալ լքված, բարձիթողի վիճակում:

«Հրապարակը» Վատիկանում իրավիճակին ծանոթ իր աղբյուրների միջոցով պարզեց, որ ամեն ինչ կարող է լինել  տրամագծորեն հակառակ պատկերով։ Ըստ այդմ՝ Սուրբ Աթոռի «կոմիսար» Լեւոն Զեքիյանը՝ ինքը, անհասկանալի պատճառներով բոլոր գործընթացներին «ստոպ» է տալիս, բայց ոչ այն պատճառով, որ իրեն, իբր, ճնշում են Հայաստանի իշխանությունները՝ կաթողիկոսը, Փաշինյանը, Մխիթար Հայրապետյանը, Արմեն Սարգսյանը։ «Իրեն ոչ ոք չի ճնշում եւ ճնշելու իրավունք էլ չունի, միաբանության հանդեպ իշխանություն ունի միայն Սրբազան Քահանայապետը»,- ասաց մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ կաթողիկոսը նույնիսկ ժամանակին համաձայն է եղել, որ Մխիթարյանները գան, միանան Էջմիածնին, ինչի համար անգամ պատրաստ է եղել որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրել։ Վատիկանում էլ դեմ չեն եղել ներդրումային ծրագրին, որովհետեւ իրենց համար կարեւոր է, որ այդ ֆինանսական բեռը, որը Մխիթարյանները դեռեւս անցած դարի 60-70-ականներից տարբեր խառը պատմությունների ու պատահարների (հրդեհ) արդյունքում կուտակել են, գոնե մասամբ թեթեւանա։ Իսկ այդ պարտքը ո՛չ 1, ո՛չ 2 միլիոն եվրո է։ Եվ այս դեպքում Վատիկանը դեմ չէ, որ տարածքներն օգտագործվեն, միայն թե իր վրա բեռ չլինի։

Այս բոլոր պատմությունների արդյունքում, ըստ նրա, ներդրողների, նույն Վահե Գավրաշի մոտ էլ անվստահություն է ձեւավորվել։ Ներդրողները, ըստ շրջանառվող լուրերի, պահանջել են, որ աշխատեն 51/49 տոկոս հարաբերակցությամբ, որ Մխիթարյանները մանեւրելու տեղ չունենան։ Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ճնշելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ եթե նման բան լիներ, նա մոտ 3 շաբաթ առաջ չէր գնա Սուրբ Ղազար կղզում ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդու հարսանիքին մասնակցելու, այն էլ՝ քավորի կարգավիճակով։ Կոնկրետ Զեքիյանի շարժառիթների մասին ոչ ոք հաստատ չգիտի, կան միայն ենթադրություններ, որ վերջինս ինչ-որ ֆինանսական ախորժակ ունի այդ գործընթացներից, բայց դրա մասին բացեիբաց չի ասվում։ Ենթադրություններից մեկն էլ այն է, որ վերջին դեպքերի հետ կապված՝ ինչ-որ խմորում է եղել, դժգոհություններ, եւ ինքն ուզում է մամուլի միջոցով տպավորություն ստեղծել, թե իր փաստացի անգործությունը պայմանավորված է ՀՀ իշխանությունների ճնշումներով։