«Հրապարակ». Ինչում են մեղադրվում Նոյեմբերյանի բաժնի ոստիկանները

«Հրապարակ». Ինչում են մեղադրվում Նոյեմբերյանի բաժնի ոստիկանները

Հունիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ են ձերբակալվել:
Մեր տվյալներով, պատճառը եղել է այն, որ նրանք քրեական անցյալ ունեցող մի տեղացի կրկնահանցագործի փորձել են ստիպել՝ իր վրա վերցնել գողությունը: Կրկնահանցագործը նախկինում բազմաթիվ դատվածություններ է ունեցել: Նոյեմբերյանի մեր աղբյուրն ասում է, որ նրա նկատմամբ փորձել են ֆիզիկական ուժ գործադրել, ստիպել, որ խոստովանի, թե գողությունն ինքն է կատարել: «Մեկին բռնել են, ստիպել են, որ չկատարած հանցանքն իր վրա վերցնի, ծեծել են»,- հայտնում է իրավապահներին մոտ աղբյուրը:

Ըստ նրա՝ խոսքը գողության մասին է, որը փորձում են «կոտրել» անմեղ անձի գլխին: Մեր տեղեկություններով, ձերբակալվածների մեջ են Տավուշի ոստիկանության բաժնի պետը, նրա օպերգծով տեղակալը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը:

Այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ տարածվեցին միջադեպի մասին, Հակակոռուպցիոն կոմիտեն, որը քննում է այս գործը, հաղորդեց, թե ոստիկաններին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանը, սակայն, մերժել է ոստիկաններին կալանավորելու միջնորդությունը: Մենք փորձեցինք ճշտել տեղեկությունը մեղադրյալներից մեկից՝ Մհեր Բուդաղյանից, սակայն նա ասաց, որ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը: