Եթե որոշեն ՊԲ-ն լուծարել, կլուծարեն նաեւ Արցախը

Եթե որոշեն ՊԲ-ն լուծարել, կլուծարեն նաեւ Արցախը

Հարցազրույց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ

- Նախօրեին Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 2021 թ․ բյուջեի նախագիծը։ Դատելով ընդդիմադիրների քննադատական ելույթներից՝ այն չի արտացոլում կամ միտված չէ հետպատերազմական խնդիրների լուծմանը։ Ո՞րն էր ձեր իշխանական գործընկերների հիմնավորումը՝ նման բյուջե խորհրդարան բերելու կապակցությամբ։

- Անշուշտ, ներկայացված բյուջեն հետպատերազմական իրավիճակի բյուջե չի կարելի անվանել։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք առաջինից երկրորդ ընթերցում՝ 16-17 առաջարկ ենք ներկայացրել, դժվար է ասել՝ այս իշխանության կողմից կընդունվե՞ն մեր առաջարկները, ավելի հակված ենք կասկածելու, որ չեն ընդունելու։ Քանի որ առաջարկել ենք բոլոր նախարարությունների թե՛ տրանսպորտային, թե՛ հյուրընկալության ծախսերի 50 տոկոսի կրճատում, սոցիալական ծրագրերի ներդրում, որոնք ներկա նախագծում շատ չնչին ավելացումներով են։ Առաջարկել ենք նաեւ բարձր դասարաններում սովորող աշակերտների եւ ուսանողների համար պարտադիր ուսուցման առարկա մտցնեն՝ կրակային պատրաստվածության մասին։ Այսինքն, դպրոցական եւ ուսանողական ծրագրերում պետք է  ծրագիր մտցնել, եւ պարբերաբար հրաձգարաններ տանեն ու սովորեցնեն կրակել։ Սա  Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակն է թելադրում։

- Իգական սեռն է՞լ պետք է կրակային պատրաստվածություն անցնի։

- Այո։ Իսրայելում այսօր բոլորը զինապարտ են ու պետության առջեւ ծառացած խնդրի դեպքում գոնե որ կարողանան ինքնապաշտպանություն կազմակերպեն։ Մենք, իսկապես, ունենք այդ խնդիրը եւ հենց դրա համար էլ նման առաջարկ ենք արել։ Չենք ասում, որ վաղը աղջիկները պետք է մեկնեն սահման, խրամատում սահման պաշտպանեն, բայց ցանկալի է, որ կրակել իմանան։

- Այսինքն՝ ճի՞շտ են լուրերը, որ Պաշտպանության բանակը լուծարվելու է, այս ոլորտին հատկացված բյուջե կա՞, թե՞ չկա։

- Բյուջեի մասով չեմ ցանկանա հրապարակային խոսել։ Ինչ վերաբերում է անվանման մասով՝ կմնա՞ արդյոք ՊԲ, թե ոչ։ Բայց որ Արցախը չի կարող իր՝ պաշտպանության բանակ ասենք, զորքեր ասենք կամ սահմանապահ զորքեր, չունենալ՝ դա հաստատ է։ Ինձ թվում է, որ մենք ունենալու ենք մեր պաշտպանությունը, թե ինչ անվան տակ, ես չեմ կարող ասել։ Եթե որոշեն ՊԲ-ն լուծարել, Արցախում բնակչություն չի մնա։ Միգուցե վերանվանեն, անվանափոխեն կամ մարտավարության նոր կանոններ մշակեն, բայց եթե որոշեն լուծարել, կլուծարեն նաեւ Արցախը։
ՊԲ ասելով չպետք է մենակ ժամկետային զինծառայողներ հասկանանք, ունենք պայմանագրային զինծառայողներ, նոր պաշտպանական բնագծեր, որոնք պետք է նոր մոտեցումներով պաշտպանել։

- Վերադառնալով բյուջեին՝ իշխանական ձեր գործընկերները, նախագահի թիմը հիմնավորում չտվեցի՞ն, թե ինչու են նման բյուջե ներկայացրել։

- Իշխանական ասելով նախ պետք է հասկանալ «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը։ Իշխանական թեւն իրենք են եւ իրենք էլ ընդունեցին նախագիծը։ Միշտ կարելի է հիմնավորումներ բերել, ասվում էր, թե մինչեւ նոյեմբերի 10-ը լինելով պատերազմական իրավիճակում, դրանից հետո կարճ ժամանակ են ունեցել բյուջեն գրելու, դեկտեմբերի 30-ին այն արդեն ներկայացվել է։ Ասվեց, որ իբր ժամանակ առ ժամանակ կհամալրեն, փոփոխություններ կարվեն։ Բայց նույն սոցիալական ծրագրերը ոչ ճիշտ ուղղություններով են ֆինանսավորվելու։ Օրինակ, գազն ու լույսը սուբսիդավորում են որոշակի մասով, բայց ունենք համայնքներ, որտեղ գազիֆիկացված են, իսկ ջեռուցումը գազով չի իրականացվում։ Մենք առաջարկել ենք նման դեպքերում մարդկանց վառելափայտով օգնել։ Այսինքն, իշխանությունն ամեն ինչ կիսատ-պռատ է արել, իրենք համարում են, որ իրենք են ժողովրդի ընտրյալը, ամեն ինչ գիտեն ու ոչ մեկի հետ չպիտի խորհրդակցեն։
Իրենք չեն ընդունում ներկա իրողությունները, չեն տիրապետում իրավիճակին։