Ադրբեջանի համար Արցախի կարևորությունը դիտարկվում է Սյունիք դուրս գալու և նրա միջոցով ճանապարհ ապահովելու գործոնով

Ադրբեջանի համար Արցախի կարևորությունը դիտարկվում է Սյունիք դուրս գալու և  նրա միջոցով ճանապարհ ապահովելու գործոնով

Խաղաղության օրակարգն այսօր Հայաստանին սպառնում է ամենօրյա պատերազմներով: Արտաքին քաղաքականությունը չի ենթադրում սիրախաղ, ճակատագրապաշտության հավատք դեպի այս կամ այն ուժային բևեռը, որը կարող է ձեզ մեկնել անհրաժեշտ օգնությունը, այլ մենք պետք է հասկանանք, որ կորցնելով Արցախի հայկականությունը, մենք անմիջականորեն վտանգում ենք ՀՀ անվտանգությունը։ Այդ ճանապարհին եթե անհրաժեշտ է, ապա պետք է փոխել բանակցողին և փորձել բոլոր միջոցները: Այս մասին «Արցախ. ուր է տանում ընթացքը»  թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում նշել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոռ Սարգսյանը։

«Արցախը և Հայաստանը մեկ ընդհանուր անվտանգային համակարգ են և նրանցից որ մեկը խարխլվում է, ապա անմիջականորեն մյուսն էլ է խարխլվում։ Ադրբեջանի համար Արցախի կարևորությունը դիտարկվում է Սյունիք դուրս գալու և  նրա միջոցով ճանապարհ ապահովելու գործոնով: Աշխարհում չկա մի երկիր, որ չի հայտնվել նման դժվարին իրավիճակում, սակայն կա մի տարբերություն ու այդ տարբերությունն այն է, որ  պարտված երկրեներ կան, որոնք իրենց նախաձեռնած արտաքին քաղաքական գործունեությամբ հենք են դրել վերականգնամ և ուժեղ պետություն դառնալուն, և կան պետություններ, որոնք այդ կարգավիճակից դուրս գալու փոխարեն շարունակել են առաջնորդվել այնպիսի պատրանքային օրակարգով, որն էլ ավելի է բարդացրել ու խորացրել այդ իրավիճակը»,- հավելել է նա։