Փաշինյանի ուզածը խաղաղություն է, թե՝ ադրբեջանա-թուրքական տանդեմին հպատակություն

Փաշինյանի ուզածը խաղաղություն է, թե՝ ադրբեջանա-թուրքական տանդեմին հպատակություն

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջեւանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Դրանք կտեւեն հոկտեմբերի 23-25-ը։ Զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության ձեւավորման 100-ամյակին։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն և Անկարան այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որոնց մի մասն արդեն կայացել է: Այս իրականության ֆոնին ցանկացած ողջամիտ մտածող մարդու համար կարող է տարօրինակ հնչել «խաղաղության դարաշրջանին» նվիրված այն «ձոներգերը», որոնք հնչեցվում են Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ սկսած Նիկոլ Փաշինյանի այսօրվա Եվրախորհրդարանի ելույթից մինչեւ պարբերաբար կազմակերպվող ասուլիսներ եւ հայտարարություններ։

Կարծես թե մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում զորավարժությունները անցկացվում են հատուկ «մեսիջով», հասկացնելով արդեն՝ «գետնի վրա» այն, ինչը Բաքուն տեւական ժամանակ է հայտարարում՝ «ԼՂ հակամարտությունը վերջացած է․ վերջնական կերպով վերջակետը դրված է»։ Նախիջեւանում էլ դա արվում է՝ ուժի ցուցադրության «մեսիջ» հղելով նաեւ Երեւանին։ Ու այսքանից հետո, դեռ չասած, որ Ադրբեջանի նախագահն ամեն առիթով Հայաստանի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում, արդյոք ողջամի՞տ է խաղաղության մասին խոսելը, կամ՝ ի՞նչ են հասկանում Հայաստանի գործող իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղություն ասելիս։ Եթե այն ընկալվում է որպես ադրբեջանա-թուրքական տանդեմին հպատակություն հայտնած ապրել, ապա գուցե, դա իրատեսական է։ Նույնիսկ չի էլ բացառվում, որ եթե այդպես լինի, Բաքուն եւ Անկարան նրան կպահեն որպես «Էրմենիստան վիլայեթի կուսակալ»։

Սակայն արդյո՞ք Հայաստանի ժողովուրդը, կամ ողջ Հայ ժողովուրդն է դա ուզում։ Եւ ցավալին այն է, որ Փաշինյանի յուրաքանչյուր հաջորդ ելույթից հետո նույնիսկ ինտուիտիվ ես զգում, որ իրավիճակն ավելի է սկսում մռայլվել Հայաստանի համար։