Արցախը կարող է դառնալ պրոբլեմ համաշխարհային հանրության համար

Արցախը կարող է դառնալ պրոբլեմ համաշխարհային հանրության համար

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Մոսկվայում, եւ ինչ էր հայտարարում Սերգեյ Լավրովը` ավարտին։ Հանդիպումից հետո հնչած հայտարարությունները որեւէ նոր բանի մասին չեն խոսում՝ կարծում է Հակոբյանը։

«Առհասարակ, գործընթացն ընթանում է արդեն որոշ չափով նախագծված սցենարով․ ավելի շատ խոսակցություն կա, քան կոնկրետ քայլեր, որովհետեւ իրականում, ես կարծում եմ, ռուսները, այնուամենայնիվ, հիմա մոտավորապես տեղավորվում են այս թեմայի մեջ, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը պետք է մի փաթեթի մեջ լինի` արցախցիների անվտանգության եւ իրավունքների պահպանման հետ։ Այսինքն, ի տարբերություն արեւմտյան մոդելի, որն Արցախը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարբեր հարթություններում է տեսնում, ռուսները դա իրար հետ են կապում։ Հիմնվելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա՝ շարունակում են ասել, որ սկզբից պետք է դելիմիտացիա-դեմարկացիա արվի, կոմունիկացիաները բացվեն, քանի որ այդ կոմունիկացիաները ոչ միայն երկու երկրների համար, այլեւ ռեգիոնալ նշանակություն ունեն։ Դեմարկացիայով-դելիմիտացիայով պիտի լուծվի անկլավների, գերիների փոխանակման հարցը, զուգահեռ պետք է լուծվի, թե ոնց են ապահովվելու Արցախի հայության անվտանգությունն ու իրավունքները, հետո, երբ բոլոր այս կետերը լուծվեն, նոր կարելի է նորմալ, համապարփակ եւ որակյալ խաղաղության համաձայնագրի մասին խոսել։ Ռուսներն ամեն դեպքում ասում են, որ մինչեւ արցախցիների անվտանգության կամ կարգավիճակի հարցը չլուծվի, որեւէ խաղաղության համաձայնագիր անիմաստ է ստորագրել»,- ասաց քաղտեխնոլոգը։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ռուսները փորձում են ստատուս քվոյի կարգավիճակին վերադառնալ։ Հակոբյանն ասաց` երբ իրենք հարցը դնում են, որ պետք է հասկանալ, թե ինչպես են ապահովում արցախցիների անվտանգությունը, դա կարող է պարունակել նաեւ ստատուս քվոյի հարցը: Ընդ որում, դա դիտարկվում է տարբեր ստատուսների մեջ՝ մշակութային ավտոնոմիա, թե այլ բան։ Միայն թուղթ ստորագրելով չէ՝ կարծում է Վիգեն Հակոբյանը եւ նշում, որ ռուսական կողմն ուզում է միջազգայնացնել Արցախում անվտանգության եւ երաշխիքների հարցը։
«Իրենք շատ լավ հասկանում են, որ դա ամենազգայուն թեման է Ադրբեջանի համար․ Ադրբեջանն ասում է՝ սա իմ ներքին հարցն է, ի՞նչ միջազգայնացնել, մենք իրար հետ կխոսենք՝ կլուծենք»,- ասում է Հակոբյանը։

Մեր դիտարկմանը, թե Լավրովի հայտարարությունը, ամեն դեպքում, հակահայկական բնույթ ուներ, քաղտեխնոլոգը նկատում է, որ ՌԴ արտգործնախարարը, որպեսզի ադրբեջանական կողմին չնեղացնի, նշել է, որ նույն պահանջը վերաբերում է այն ադրբեջանցի փախստականներին, որոնք վերադառնալու են Հայաստան։ Ու չնայած դա բավականին վտանգավոր հեռանկար է Հայաստանի համար, պետք չէ մոռանալ, որ ռուսները հետապնդում են երկու շահ՝ կոմունիկացիայի վերաբացումը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթով է սահմանվել` Նախիջեւանից Ադրբեջան, եւ պիտի վերահսկվի ռուսական սահմանապահ զորքերի կողմից։ Ռուսներին հետաքրքրում է նաեւ այն, որ իրենց ռազմական կոնտինգենտը 2025 թվականից հետո շարունակի մնալ այստեղ։ Եթե արեւմտյան տարբերակով պայմանագիրը ստորագրվի, ու նաեւ թղթի վրա Արցախը հանձնվի, բնականաբար, ռուս խաղաղապահները պիտի դուրս գան։ Իսկ եթե արցախցիների իրավունքների չլուծված հարցը կա, միշտ պատրվակ է լինելու, թե ինչու են ռուս խաղաղապահները մնում Արցախում։

Ուստի ռուսները, իրենց շահից ելնելով, ամեն ինչ անելու են, որպեսզի Փաշինյանը հիմա չստորագրի ոչինչ, որովհետեւ այդ պարագայում փակվում է Արցախի հարցը՝ ստատուսով, անվտանգությունով եւ այլն, ու իրենց ճանապարհելու են։ Եթե ամեն ինչ ռուսական կողմի ծրագրով գնա, ապա նրանք ժամանակ կշահեն, մինչեւ իրավիճակի գլոբալ փոփոխություն կլինի։

Իսկ եթե Արցախից դուրս գան, մոտ ապագայում կսկսեն նաեւ մեր տարածաշրջանից գնալ, Հայաստանից հեռանալ։ «Որովհետեւ, ասում են` եթե ես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այլեւս հարց չունեմ, դու ի՞նչ գործ ունես իմ տարածքում՝ այդ կարգավիճակով»,-ՀՀ իշխանությունների անունից ասում է Հակոբյանը։

Իսկ հնարավոր չէ՞, որ այլ լուծում լինի` ի վնաս ՌԴ-ի․ մարդիկ, չդիմանալով զրկանքներին ու տառապանքին, հեռանան Արցախից, մի մասն էլ վերցնի Ադրբեջանի անձնագրեր: Քաղտեխնոլոգն ասում է` քանի որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, եւ միակ անվտանգության գարանտն այդ 1600 խաղաղապահներն են, որոնց շնորհիվ մինչեւ հիմա պահպանվում է այս վիճակը, ու բանը չի հասնում մարդկանց մորթելուն, ուստի պետք է արձանագրենք․

«Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն Արցախի Հանրապետության նկատմամբ չի տարբերվում ոչ բարեկամ երկրների դիրքորոշումից։ Արցախն այս պարագայում մենակ է։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Արցախը կշարունակի՞ մնալ, ավելի ամրապնդվել` որպես պաշարված ամրոց, քաղաքականապես հայտարարո՞ւմ է, որ չի հրաժարվում ինքնորոշման իրավունքից, Ադրբեջանի հետ ոչ մի զիջման չի գնալու։ Բայց դա նաեւ պետք է լինի այսպես՝ չեմ օգտվելու Աղդամի ճանապարհից, չեմ օգտվելու ոչ մի ադրբեջանական ողորմությունից, ես կանգնելու եմ ու դիմադրելու եմ, աշխարհին էլ ասելու եմ՝, ինչ թուղթ էլ ստորագրեք, չեմ թողնելու, որ դա իրականացվի, որովհետեւ դա իրականացնողը ես պիտի լինեմ՝ ես դիմադրելու եմ։ Այդ պարագայում ինքը դառնում է պրոբլեմ համաշխարհային հանրության շահագրգիռ կողմերի համար, դառնում է պրոբլեմ Հայաստանի իշխանությունների համար, որի ղեկավարը տարբեր երկրներում իբր գարանտ է կանգնել, որ ինքն արցախցիներին կկոտրի։ Եթե Արցախը շարունակի լուրջ դիմադրություն ցույց տալ ու ասի` անկախ նրանից, թե ինչ կստորագրեն, դա չի աշխատելու, որ միայն մեծ արյունահեղությամբ կարող են դա իրագործել, ո՞վ է դրա գարանտը լինելու՝ ոչ մեկը։ Դրա համար այսօր էլ գարանտ չկա, ու դրա համար այսօր շատ բան կախված է Արցախի դիրքորոշումից»։

Եթե Արցախն ունենար ավելի կազմակերպված իշխանություն, որը Հայաստանի այսօրվա իշխանության հետ օրգանապես կապված չլիներ եւ մեղսակից չլիներ, ունենար կոնսոլիդացնող իշխանություն` պայքարելու համար, այդ դեպքում կլինեն տարածաշրջանային շահագրգիռ կողմեր ու քաղաքական ուժեր, որոնք իրենց քաղաքականությունն Արցախի նկատմամբ տրանսֆորմացիայի ենթարկեն։

«Երբ տեսնեն, որ Արցախը դիմադրում է, համոզված եղեք, որ կգտնվեն աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք իրենց շահը կփորձեն համադրել արցախցիների շահի հետ։ Այսինքն, այստեղ դիմադրության օջախ պիտի լինի՝ ուրիշ քաղաքականություն վարող, չհանձնվող։ Այսօր միակ ուժը, միակ ինստիտուտը, որը կարող է փոխել իրավիճակը, Արցախի դիրքորոշումն է»,- ասում է քաղտեխնոլոգը։

Նիկոլ Փաշինյանը հիմա միջազգային գարանտներ է փնտրում, որպեսզի, երբ իրեն մեղադրեն, հայտարարի, որ այդ գարանտները ոչինչ չեն արել՝ իրենից ի՞նչ են պահանջում։

Բայց Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ այդ «գարանտիաները» չեն աշխատելու, պարզապես իր համար արդարացում է փնտրում։ Իսկ միջազգային «գարանտիաները» զրո են: Հակոբյանը վկայակոչում է 2014 թվականին Յանուկովիչին տրված կամ  սերբերին Կոսովոյում տրված երաշխիքները։