Հավասար և ոչ այնքան հավասար լրատվամիջոցներ

Հավասար և ոչ այնքան հավասար լրատվամիջոցներ

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը դեռեւս 2018 թվականի օգոստոսին դիմել էր դատարան՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ։ «ՀԺ»-ն «ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահի» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ Գյուլումյանի վերաբերյալ գրել էր․ «Մեզ հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իր զինակից, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին: Խոսքը նույն Ալվինա Գյուլումյանի մասին է, որի՝ ՄԻԵԴ-ում որպես դատավոր Հայաստանը ներկայացնելու ժամանակ կայացվեց Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու գործով հայտնի դատավճիռը: Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Գյուլումյանն իր՝ ՍԴ փոխնախագահ դառնալու ամբիցիան մոտիվացրել է նաեւ այն հանգամանքով, որ երբ ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը, ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի»։

Ալվինա Գյուլումյանը «ՀԺ»-ի էլեկտրոնային, ինչպես նաեւ փոստային առաքմամբ ուղարկել է հերքման պահանջ, սակայն լրատվամիջոցը հրաժարվել է հրապարակել հերքումը։ Դրանից հետո տիկին Գյուլումյանը քաղհայցով դատարան է դիմել՝ իր մասին հրապարակված զրպարտությունը հերքելու եւ 500 հազար դրամ փոխհատուցում վճարելու պահանջով` որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, որը հայտարարել էր, որ պատրաստվում է փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հիմնադրամին։ 
Պատասխանող կողմը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը, հայցադիմումի պատասխանում գրել էր, որ Գյուլումյանի պատիվն ու արժանապատվությունը չի վիրավորել, քանի որ արձանագրել է փաստեր, հրապարակումն ունեցել է վերացական բնույթ, ապա դատարանին խնդրել էր հայցը մերժել եւ կիրառել վաղեմության ժամկետ։ Մենք տեղեկացանք, որ դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, բավարարել է «Հայկական ժամանակի» պահանջը եւ հայցադիմումը վերադարձրել է Գյուլումյանին։ Ավելին՝ վերջինիցս հօգուտ «ՀԺ»-ի բռնագանձել 100 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների վճար։ 

Հարց է ծագում՝ արդյոք դատարանը նույնկերպ կվարվե՞ր, եթե պատասխանողը լիներ ոչ թե վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, այլ, ասենք, վարչապետին քննադատող որեւէ լրատվամիջոց։ Օրինակ, politik.am կայքին դատարանը պարտավորեցրեց 1 միլիոն դրամ տուգանք վճարել Տիգրան Ավինյանին զրպարտելու համար, չնայած բոլորը համոզված էին, որ դատարանի որոշումը սխալ է։