Դաշնամուրն ու նախագահ Արմեն Սարգսյանը…

Դաշնամուրն ու նախագահ Արմեն Սարգսյանը…

2018 թվականի ապրիլի 21-ին, երբ Հանրապետության հրապարակում հանրությունը մերժում էր Սերժին, հրապարակ եկավ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա իշխանության մեջ այն բացառիկ մարդկանցից էր, ում անունն առանձնապես կապված չէր մերժվածների հետ եւ չէր ասոցացվում նախկին համակարգի հետ: Ուստի,  հրապարակում ընդդիմության առաջնորդի հետ բանակցելու համար ճիշտ մարդ էր ընտրված: Հանրությունը, հրապարակում տեսնելով Արմեն Սարգսյանին, սկսեց վանկարկել. «Նախագա՛հ, քա՛յլ արա»:

Նախագահը սկսեց բանակցել: Թեման Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումն էր: Ուշագրավ էր, որ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը ցուցադրական ձեւով հանեց փողկապը եւ դա արեց կամավոր: Ի՞նչ էր դա նշանակում՝ հավասարը հավասարի հետ զրուցելու ցանկության ցուցադրո՞ւմ, թե՞ Սարգսյանն արդեն կանխազգում էր, որ իր առջեւ կանգնած է ոչ հեռավոր ապագայի «դուխով» վարչապետը, ով իր չուզողների թաթիկները կտրելու է, փռելու է ասֆալտին, ծեփելու է պատին եւ այլն: Արմեն Սարգսյանի հետագա վարքագիծը եւ անցած ճանապարհը ցույց են տալիս, որ հենց երկրորդ տարբերակն էր կամավոր փողկապահանման պատճառը: Հանդիպման ընթացքում Փաշինյանն առիթը բաց չթողեց եւ նախագահից պահանջեց քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը՝ ուսումնասիրելու համար:

Նախագահը խոստացավ այն հետագայում ցույց տալ եւ միասին քննարկել: Թե ինչ եղավ այդ «բարաթի» հետ, Փաշինյանը տեսա՞վ այն, համոզվե՞ց նախագահի լեգիտիմության հարցում, դժվար է ասել: Միգուցե, այդ հանգամանքը Փաշինյանը պահում է որպես նախագահի գլխին կախված ռումբ, որը կարող է պայթել ցանկացած պահի, եթե նախագահն իրեն «ճիշտ չպահի»: Նույն օրը երեկոյան, երբ Փաշինյանը հանրահավաքում ներկայացնում էր իր եւ Արմեն Սարգսյանի միջեւ տեղի ունեցած երկխոսության մանրամասները, ասաց. «Ես Արմեն Սարգսյանին պարզաբանեցի, որ, ճիշտ է, ինքն իր այսօրվա աշխատանքի բերումով շատ մեծ լիազորություններ չունի, բայց եւ ինքը պետք է ապահովի, որ այս հանրահավաքի նկատմամբ որեւէ ոստիկանական գործողություն տեղի չունենա: Եթե մեր խաղաղ հավաքների նկատմամբ որեւէ ոստիկանական գործողություն տեղի ունենա, այսօրվանից սկսած, այս հանդիպումից եւ պարզաբանումից սկսած՝ դրա պատասխանատվությունն ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա»: Փաշինյանն այդ օրը նախագահ Արմեն Սարգսյանին, փաստորեն, հիշեցրեց, որ իր պարտականությունը Սահմանադրության պահպանումն է: Բնականաբար, Արմեն Սարգսյանն այդ պարտականությունն ունեցել է ոչ միայն 2018-ին, այլեւ ունի դրանից հետո: 

Իսկ ինչո՞վ է զբաղված այսօր նախագահ Արմեն Սարգսյանը, երբ երկրի ողջ կառավարման համակարգը մեկ մարդու ձեռքում է, իսկ այդ մարդը «խաչակրաց արշավանք» է սկսել երկրի Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի դեմ: Հայաստանում արդեն, գրեթե ամեն օր, տարբեր եղանակներով ու միջոցներով խախտվում է Սահմանադրությունը, տոտալ հարձակման են ենթարկվում ՍԴ նախագահն ու անդամները, իսկ Արմեն Սարգսյանի ձայնը դուրս չի գալիս, նա որեւէ կերպ չի արձագանքում այդ ամենին, չի կատարում իր պաշտոնական պարտականությունները, չի պաշտպանում երկրի սահմանադրությունը եւ ՍԴ-ն թողել է միայնակ՝ մեկ անձի քմահաճույքների ու անձնական ցանկություննների առաջ:

Հիշեցնենք Փաշինյանի խոսքը. «…կոնկրետ նրան լիազորություն է տրված՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը»: Սա նշանակում է, որ հաջորդ իշխանության օրոք, երբ որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվի այսօր Սահմանադրությունը բազմիցս ոտնահարելու համար, դա կլինի հենց Արմեն Սարգսյանը: Եվ Փաշինյանը կարող է արդարանալ, որ ինքն օժտված չի եղել Սահմանադրության պահպանման պարտականություններով: Այսօրվա հակասահմանադրական արշավի պատասխանատվությունը կրելու է հենց Արմեն Սարգսյանը, եւ այդ օրն անպայման գալու է: Այսօր Արմեն Սարգսյանն զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն գործառույթները կատարելուց. մարդն ապրում է պետության հաշվին, բարձր աշխատավարձ է ստանում, շրջագայում է աշխարհով մեկ, իրեն կարեւոր «պերսոնա» է զգում, կարկանդակ է պատրաստում, ձեռնոցներով լավաշ է թխում, պարում է, պաղպաղակ է ուտում երեխաների հետ եւ այլն: Իսկ պետությանը ոչ մի լուրջ ծառայություն չի մատուցում: 

Առաջիկայում ԱԺ-ն քննարկելու է օրենսդրական այն նախաձեռնությունը, ըստ որի՝ այլեւս սահմանադրական փոփոխությունները կհաստատվեն եւ օրենքի ուժ կստանան ԱԺ-ում՝ առանց ՀՀ նախագահի ստորագրության եւ ՍԴ հաստատման: Այս առումով նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը «Հրապարակի» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել. «Այնպես է ստացվում, որ հանրապետության նախագահը, որն օրենքը ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու լիազորությամբ է օժտված, սահմանադրական այս օրենքով, փաստորեն, զրկվում է օրենքի ստորագրման լիազորությունից։ Եվ ի՞նչ խնդիր է սա առաջացնում։ Սահմանադրության 123 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը երկրում։ Իսկ նախագահն այդ լիազորությունն իրականացնում է, այդ թվում՝ այս կամ այն օրենքը ստորագրելու կամ չստորագրելու եղանակով։ Հետեւաբար, երբ որ նախագահին զրկում են որեւէ օրենք ստորագրել-չստորագրելու կամ այն ՍԴ ուղարկելու լիազորությունից, դրանով, ըստ էության, սահմանափակում են հանրապետության նախագահի գործառույթը՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը»։

Կոստանյանի մտահոգությունը տեղին է գլոբալ առումով: Իսկ Արմեն Սարգսյան նախագահի պարագայում ի՞նչ է փոխվելու մեր իրականության մեջ: Ի վերջո, Արմեն Սարգսյանը հլու-հնազանդ ստորագրում եւ ստորագրելու է այն, ինչ ասում է Փաշինյանը, հրամանագրում է այն, ինչը թելադրում է Փաշինյանը: Ուստի, իր անվան դիմաց մի երկու չկշռադատված խզբզոց դնելը՝ ստորագրելը, ոչ մի բանով չի փոխելու իրավիճակը: Դրանով, պարզապես, կրճատվում է մի մեխանիկական, ոչ մի նշանակություն չունեցող գործողություն: Առհասարակ, Արմեն Սարգսյան նախագահի լինել-չլինելու փաստն արդեն անկարեւոր է, քանի որ նման նախագահի ինստիտուտ չլինելու պարագայում մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Պարզապես կտնտեսվի երկրի բյուջեն: Արմեն Սարգսյանը նման է դաշնամուրի, որը ժամանակին իրենց «արիստոկրատ» երեւալ ցանկացող քաղքենի ընտանիքների տներում պարտադիր պետք է լիներ: Դաշնամուրը, որն օգտագործելու եւ նվագելու ձեւը չգիտեր ընտանիքի ոչ մի անդամ, դրվում էր տան երեւացող մասում, այն լավ խնամվում էր, փոշին մաքրվում, փայլեցվում, վրան էլ դրվում էր տան ամենաթանկարժեք «չեխական վազը», որպեսզի տուն մտնողը տեսներ դրանք: Պարզապես այդ դաշնամուրի խնամքը տվյալ ընտանիքից ծախսեր չէր պահանջում, իսկ Արմեն Սարգսյան նախագահի խնամքը մեր բյուջեից հսկայական ծախսեր է պահանջում: