Ոչ մի բացասական զեկույց չի ստացվել

Ոչ մի բացասական զեկույց չի ստացվել

Ապօրինի որդեգրումների քրեական գործի շուրջ աղմուկը չի դադարում: Էպիկենտրոնում երկու պաշտոնյաներ են՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Սակայն գործն այս առնչվում է բազմաթիվ պետական օղակների՝ սոցապնախարարությունից մինչեւ կառավարության աշխատակազմ, թեեւ դրանց մասին քիչ է խոսվում: Արդարադատության նախարարությունը արտասահմանյան որդեգրումների պատասխանատու օղակներից է: ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N-269-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, արդարադատության նախարարությունը, օտարերկրյա պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչեւ որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է համապատասխան պետության իրավասու մարմնին: Նախարարությանը հարցում էինք ուղարկել, թե արդյոք քրեական գործով անցնող 30-ից ավելի երեխաների որդեգրումից հետո տեղեկություններ ունեցե՞լ են նրանց մասին, որտե՞ղ են այդ երեխաները, որոնց տարել են Հայաստանից 2016-2018 թվականներին, ո՞ղջ են արդյոք, եւ արդյոք նախարարության աշխատողները ե՞ւս հարցաքննվել են հարուցված գործով: Նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը․ «Մինչ այսօր օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից՝ որդեգրված երեխաների հետորդեգրման խնամքի եւ կենսապայմանների բացասական զեկույցներ չեն ստացվել»: 

Սա նշանակում է, որ կա՛մ որդեգրված բոլոր երեխաները երջանիկ են ու բարեկեցիկ կյանքով են ապրում, կա՛մ վերահսկողությունը թույլ է եղել, եթե չասենք՝ ձեւական: «Ինչ վերաբերում է Ձեր այն հարցերին, որոնք առնչվում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց քրեական գործի շրջանակներում ներգրավված լինելուն կամ երեխաների նկատմամբ բժշկական հետազոտություններ անցկացնելուն, ապա հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չի հանդիսանում պահանջվող տեղեկատվության տնօրինողը»,- հայտնում է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի ԺՊ Նարեկ Ղազարյանը:  Պատասխանում նշված է միայն, որ երեխաները ողջ են: