Ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույս դնում փաշինյանական թիմը՝ չմտածված քայլեր անելիս

Ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույս դնում փաշինյանական թիմը՝ չմտածված քայլեր անելիս

Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ հունիսի 2-ին ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակության հետ։

Դատելով ՀՀ ՊՆ ստանդարտ հաղորդագրությունից՝ կողմերը կարեւորել են հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացումն ու ընդլայնումը, փաստել երկու կողմերի միջեւ առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները եւ այլն։ Այս հաղորդագրությանը կարելի էր վերաբերվել որպես սովորական պաշտոնական հաղորդագրության, եթե մի քանի «բայց»-եր չլինեին, որոնց կանդրադառնանք ստորեւ․

 • Նախ, բավական հետաքրքիր է, որ Նիկոս Խարդալիասը հենց հիմա է եկել Երեւան՝ այն ժամանակ, երբ հույն-թուրքական հարաբերությունները դարձյալ լարվել են այն աստիճան, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Հունաստանի հետ այլեւս ուղիղ բանակցություններ չի վարի։

• Իհարկե, հույն-թուրքական հարաբերությունների սրացումը չի նշանակում, թե վաղը այս երկրների միջեւ պատերազմ է սկսվելու։ Իհարկե՝ ոչ։ Ե՛վ Հունաստանը, ե՛ւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, ու նրանց միջեւ պատերազմը բացառվում է։ Առավելագույնը՝ կլինեն դիվանագիտական-քաղաքական դեմարշներ, մի փոքր էլ՝ լեզվակռիվ, եւ վերջ։

• Հույն-թուրքական հարաբերությունների ներկա սրացման փուլը չի նշանակում, թե հույն բարձրաստիճան պաշտոնյան Երեւան է եկել, որպեսզի Հայաստանին ներքաշի «հույն-թուրքական թնջուկի» մեջ։ Ամենեւին։ Եթե Հայաստանը չուզենա դրա մեջ խրվել, ոչ մեկն առանձնապես հետաքրքրված չէ Հայաստանին «կեղտահորը» գցելու հարցում, հատկապես, որ Հայաստանն արդեն երկու տարի կամ ավելի այդ «կեղտահորում» է, եւ ավելին՝ իրեն բավական կոմֆորտ է զգում այդտեղ։

• Բացի այդ, Հունաստանը, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որքան հայտնի է, լուրջ դիմադրություն չցուցաբերեց Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողության պատճառով սանձազերծված հակառուսական սանկցիոն արշավին եւ կարծես թե միացել է այդ սանկցիաներին՝ եթե ոչ ամբողջապես, ապա գոնե մեծավ մասամբ։

• Հունաստանը նաեւ իրեն հատուկ «ծուլություն չցուցաբերեց» Ուկրաինային ՆԱՏՕ-ի կողմից սպառազինություններով օգնելու գործընթացին մասնակցելու հարցում, որը շարունակվում է նաեւ այժմ, երբ ռուս-ուկրաինական սրացումն արդեն 100-րդ օրն է թեւակոխել։ Ու այս ամենը համադրելով, մի քանի հարց կա, որ պետք է առաջադրել Հայաստանի գործող իշխանություններին․

- Եթե Երեւանը սկսել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց, ու, դատելով պաշտոնական Երեւանի հայտարարություններից, հանուն դրա պատրաստ է ամեն ինչի, ապա պարտադիր էր, որ հայ-հունական պաշտպանական հարցերը քննարկման առիթ դառնային հիմա։ Այսինքն՝ ավելի հարմար պահ չկար։

- Եթե Երեւանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը, ում վստահել է նույնիսկ իր սահմանների հստակեցումը քարտեզագրական առումով, ում դիմել է որպես միջնորդի՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում օժանդակելու համար (համաձայն ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության), ապա որքանո՞վ է տեղին հիմա հյուրընկալել մի երկրի պաշտպանական ոլորտի պատվիրակության, որն Ուկրաինային սպառազինություն ու դրամ տրամադրող երկրներից է, սպառազինություն, որոնցից մեռնում են նաեւ ռուս զինվորականներ, եւ գումար, որոնք երկարացնում են Կիեւի վարչակարգի կյանքն ու պոտենցիալ կերպով մեծացնում ռուս այն զինվորների թիվը, ովքեր հավանական է՝ կզոհվեն ուկրաինական ճակատում, մինչեւ Զելենսկու վարչակարգը ծնկի կբերվի վերջնականապես։

- Այսինքն՝ Երեւանն այնքան է սկսել իրեն ինքնավստահ զգալ, որ դեռ Անկարայի պահը մի կողմ դրած, սկսել է դեմարշ քայլե՞ր անել Մոսկվային։ Դասականը կասեր՝ «լա՞վ եք մտածել»։

- Եվ, վերջապես, ինչ-որ կոնկրետ լուրջ քայլեր անելուց առաջ Երեւանում մտածում են, կշռադատում են, ժողովուրդը կասեր՝ «քցում-բռնում» են։ Եթե նույնիսկ չեն անում, ապա ՀՀ իշխանությունները կարող են օրինակ վերցնել Վրաստանից։ Թբիլիսին չմիացավ պաշտոնական հակառուսական սանկցիոն արշավին եւ անկեղծորեն հայտարարեց, որ իրենք այնքան խնդիրներ ունեն, որ չէին ուզի հիմա «զայրացնել Մոսկվային»։ Ու սա՝ այն դեպքում, երբ Թբիլիսին գրեթե 100 տոկոսանոց աջակցություն ունի Արեւմուտքի կողմից։
Այս դեպքում անպատասխան է մնում հետեւյալ հարցը․ չմտածված ու կշռադատված քայլեր կատարելիս փաշինյանական թիմը հույսն ո՞ւմ վրա է դրել, թե՞ մտածում են՝ միջազգային ասպարեզում, այն էլ՝ հիմա, «գժի թուղթն» անցողիկ է։