ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան․ որն է օրակարգը

ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան․ որն է օրակարգը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ՝ հոկտեմբերի 6-ին կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ 
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Այսօր Երեւան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տեւողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ եւս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ինչի արդյունքում, ռազմական գործողություններից մեկ օր անց, ԼՂ իշխանությունները համաձայնեցին նստել Բաքվի հետ բանակցությունների։ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանվեց ավելի քան 100,000 հազար արցախցի․ Արցախը գրեթե ամբողջապես հայաթափվեց, իսկ ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին ինքնալուծարվելու մասին։

Հիշեցնենք նաև՝ երեկ ՌԴ  պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ «խաղաղապահները» Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ապամոնտաժել են իրենց ժամանակավոր դիտակետերը։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։ Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը», նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։