Մանկուրտային ապագա

Մանկուրտային ապագա

«Հրապարակ»-ի ընթերցասեր ընթերցողներն անմիջապես կզգան, որ հոդվածի վերնագրում ինչ-որ բան այն չէ։ Իսկապես, եթե մանկուրտն այն անձն է, ով չի հիշում իր անցյալը, այսինքն՝ չունի անցյալ, ապա ինչպես կարող է ունենալ ապագա։ Եվ ոչ միայն անձը․ անցյալ չունեցող որևէ հանրություն կամ նույնիսկ ժողովուրդ ապագա ունենալ չեն կարող։ Ու այդ պատճառով էլ հնում ազգային գիտակցության հասած հանրություններն իրենց համար առասպելական անցյալ էին հորինում։ Կամ էլ փորձում էին «սեփականաշնորհել» հարևան կամ նվաճված ժողովուրդների պատմությունը։ Եվ ոչ միայն հնում․ նման «սեփականաշնորհման» տիպիկ օրինակ է այսօր արևելքից մեզ հարևան ու միաժամանակ թշնամի թյուրքախոս պետությունը։ Որն իր հարյուր տարվա պատմության ընթացքում անընդհատ զբաղված է եղել պատմական կեղծարարությամբ։

Ընդհանրական այս նախաբանից անցում կատարենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Վարչապետի աթոռից կառչած անձը որոշել է նոր Սահմանադրություն մոգոնել, որպեսզի, իր ասելով,  աշխարհաքաղաքական նոր պայմաններում Հայաստանն ավելի մրցունակ դառնա։ Այսինքն, նրա կարծիքով, Հայաստանը մրցունակ երկիր դարձնելու համար անհրաժեշտ է ոչ թե գրագետ կառավարում, այլ վերջինիս կողմից պատվիրված «մրցունակ Սահմանադրություն»։ Կարծում եմ, որ այս դեպքը նոր խոսք է քաղաքագիտության ասպարեզում։ Որքան հիշում եմ, իմ հոդվածներում ես արձանագրել եմ Նիկոլի կողմից գեներացված մի շարք նորարարություններ այդ բնագավառում։ Ափսոսում եմ, որ դրանք չեմ առանձնացրել, որպեսզի սերունդները հնարավորություն ստանային վայելելու դրանք ամբողջովին և մի տեղում։

Վերադառնանք նոր Սահմանադրություն ընդունելուն, ավելի ճիշտ դրա իրական նպատակին։ Դա, ինչպես արդեն բազմիցս ասվել է, հետապնդում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարիդրացիություն հաստատելու նպատակ։ Այն պայմանավորված է տեր-պետրոսյանական «հակաոչմիթիզականության» հակահայ գաղափարով։ Սակայն այդ գաղափարի կենսագործման արդյունքում ստանալու ենք, նախ, ոչ թե մրցունակ Հայաստան, այլ մանկուրտների պետություն։ Եթե, իհարկե, Հայաստանը պահպանվի որպես պետություն, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել մանկուրտների կերտած պետությունը։ Եվ Երկրորդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին անհրաժեշտ է ոչ թե մրցունակ Հայաստան, այլ հայերից դատարկված տարածք։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին այսօր Արցախն է կամ, նիկոլական տերմինաբանությամբ, Լեռնային Ղարաբաղը։
Նիկոլն, ինչ խոսք, գիտակցում է, որ աշխարհում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ։

Ինչը նշանակում է, որ պատմության գիրկն է գնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը։ Որի սկզբնական փուլը բնորոշվեց Խորհրդային Միություն-Միացյալ Նահանգներ մրցակցային հավասարակշռությամբ, իսկ վերջնամասը՝ ԽՍՀՄ կազմաքանդմամբ և ԱՄՆ-ի հեգեմոնիայի հաստատմամբ։ Եվ նրան թվում է, թե Արցախից, պատմական հիշողությունից (1915 թվականի Ցեղասպանություն) և ազգային խորհրդանիշներից (բիբլիական Արարատ) զուրկ Հայաստանը կարող է տեղավորվել երկու թյուրքախոս երկրների արանքում՝ թշնամանալով աշխարհում իր տեղն ու դերը վերստին նվաճող Ռուսաստանին։ Նրան թվում է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ևս գործելու է նրա «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» դատողությունը, ինչը հաջողությամբ էր պսակվել երկրի ներսում։ Նիկոլը չի գիտակցում, որ հաջողության հիմքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, որպես ներքաղաքական հակառակորդի, թուլությունն էր։ Իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում նրա դեմ կանգնած է տափաստանային գայլին որպես տոտեմիկ նախահայր ընտրած երիտասարդ ու ըստ այդմ՝ ագրեսիվ, ցեղախմբերից մեկի ներկայացուցիչը։ Այն էլ արևմտյան աշխարհի երկդիմի և անսկզբունքային քաղաքականության հովանավորության ներքո։