Ձայնագրությունը, որը չի տրամադրվել քննիչին, կարեւոր նշանակություն ուներ

Ձայնագրությունը, որը չի տրամադրվել քննիչին, կարեւոր նշանակություն ուներ

2022 թվականի ապրիլի 26-ին Երեւան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետեւանքով մահացավ Երեւանի 29-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանը։ Վրաերթի ենթարկված կինը, որն ութ ամսվա հղիություն ուներ, տեղում մահացավ։ Հենց դեպքի օրն էլ՝ ապրիլի 26-ին, հարուցվեց քրեական գործ։ Սակայն, չնայած հանրային պահանջին, մեքենայի ղեկին գտնված անձը չկալանավորվեց։ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազը բողոքարկել է վերաքննիչ դատարան։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները եւս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի եւ նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Որոշ կարեւոր ձայնագրություններ չեն տրամադրվել քննիչին»,- մեզ հետ զրույցում ասաց սույն  գործով փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է։ «Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Դատական ակտը հսկող դատախազի կողմից բողոքարկվել է, սակայն քրեական վերաքննիչ դատարանը դատախազի բողոքը մերժել է։ Այս պահին նշանակվել է լրացուցիչ դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննություն»,- ասաց փաստաբանը։

Րաֆֆի Ասլանյանն ընդգծում է՝ ձայնագրությունը կարեւոր նշանակություն ուներ անձանց արարքներին պատշաճ քրեաիրավական որակում տալու համար, սակայն քննիչն այն չի տրամադրել կողմին։ Թերեւս պատճառաբանել են, թե գործի նյութերին կարող են ծանոթանալ նախաքննության ավարտից հետո։ Երբ աղմուկը մարած լինի, եւ այս դեպքի ողբերգական արձագանքներն ու պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջը մեծ չլինեն։