Աշոտ Հովսեփյան․ Ապագայի ձախողումներից խուսափելու գրավականը․ մաս 2

Աշոտ Հովսեփյան․ Ապագայի ձախողումներից խուսափելու գրավականը․ մաս 2

Արևելյան իմաստությունը վաղնջական ժամանակներից հուշում է բազում անանց ու անհերքելի ճշմարտություններ՝ հորդորելով պահպանել վարքականոնի որոշ նորմեր, որոնք կոչված են կանխելու ապագայի չբացառվող ձախողումները։ Ահավասիկ, դրանցից մեկը՝ որպես տրամաբանական հագեցած պարույրաշղթա։ Նախ պարտ ես հետևել մտքերիդ, քանզի դրանք կարող են դառնալ բառեր։ Ապա հարկ է, որ հետևես բառերիդ, որոնք կարող են դառնալ արարքներ։ Այդուհետ, անշուշտ, արդեն պիտի հետևես արարքներիդ, որոնք սպառնում են դառնալ սովորություն, որից հետո էլ ոչ մի պարագայում չես կարող չհետևել սովորություններիդ, որ այլևս դառնում են բնավորություն։ Եվ ի վերջո, անկասկած, հրամայական անհրաժեշտություն է դառնում հետևել բնավորությանդ, որը սահմանում է քո կյանքը։    

Ասես անցած բոլոր տասնամյակների ու դրանց հանրագումար հարյուրամյակների ընթացքում ոչինչ չի փոխվել, իսկ թե փոխվել է, ապա՝ դեպի վատը: Ու մենք էլ ոչինչ, ավա՜ղ, չենք սովորել, ու ոչ մի դաս էլ չենք քաղել մեր անցյալից: Ի խորոց սրտի: Ու բազմաթիվ ոլորտներում, կյանքի գրեթե բոլոր դեպքերում։ Զորօրինակ ուսուցչության մասով, որ ուղղակիորեն առնչվում է սովորեցնելու և սովորելու, դասեր տալու և դասեր առնելու պարագային, և ըստ իս հանրային կարևորության տեսակետից երևի թե մարդկային գործունեության ամենապատվաբեր ու միևնույն ժամանակ ամենապատասխանատու, այլև ամենանուրբ ոլորտներից մեկն է՝ կոչված սերունդներ դաստիարակելու։ Ինքնին վեհ ու վսեմ առաքելություն։ Մինչդեռ ներկայումս հենց իսկ ուսուցչության անդաստանում «նվաճվել» են գրեթե բոլոր «անհաս գագաթները»՝ գրանցելով նոր ու «անգերազանցելի որակներ», իսկ անկախացումից հետո՝ հատկապես վերջին քառորդ դարում, ուսուցչությունը հասել հիրավի «աննախադեպ հաջողությունների»՝ հիրավի «աննախադեպ նորարարության» շրջանակներում, որ... ընտրակեղծարարությունն է: Եվ ըստ այդմ, ի խորոց սրտի, մեր Երկրի ներկայիս ուսուցչական գրեթե ողջ անձնակազմը (ծայրահեղ դեպքում՝ դրա զգալի հատվածը) տարիներ շարունակ կամա թե՞ ակամա կեղծարար ընտրամեքենայի կարևորագույն տարրն է եղել, բաղկացուցիչ մասը, հանց անփոխարինելի մի սարքամաս (իմա՝ դետալ):

Էլ ի՞նչ կարելի է ասել այլ բնագավառների մասին, երբ ախտահարված և ըստ ամենայնի վտանգի է ենթարկված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը, սերունդ՝ որ հաջորդիվ պիտի փոխարինի նախնյացն ու առաջ մղի ճռնչացող մեր սայ­լը, որն արդ շեղվել ու դուրս է եկել իր բնականոն շավղից (ինչպես ցավով կասեր շեքսպիրյան Համլետ դանիացին), այլև խիստ խոտոր ընթացք է ձեռք բերել՝ պարբերաբար խափանվելով իր դարերի երթում: Եվ ամենցավալին այն է, որ ստացվում է այնպես, ասես թե վերջին ավելի քան քառորդ դարը, հանց և մեր պատմական ողջ անցյալն՝ այդպես էլ զուր են անցել ու անցյալ դարձել մեզ համար, քանզի մենք բոլոր ժամանակներում ու էդ բոլոր ժամանակների մեր ընթացքներում միշտ ու մշտապես էլ ինչ-որ վերելքի պահին հանկարծ խոտորվում և աստիճանաբար ու ջանադրաբար մեզնից մղոններով հեռու ենք վանում խոտորվելուն նախորդած ձեռքբերումները: Միշտ ու մշտապես: Ու ճիշտ նույն կերպ էլ այս անգամ վարվեցինք և համառորեն մեզնից վանեցինք երեսնամյա վաղեմության մեր հերոսական շարժման ձեռքբերումները, անմտաբար բացառեցինք մեր կոտրած մեջքը մի պահ ուղղելու հնարավորություն տված հրաշքի՝ «Երրորդ ուժի բացառման» օրենքի ուղեկցությունը մեր ոչ ու փուչ կյանքում, հետևաբար նույնն է թե՝ այն իսպառ բացառեցինք մեր կյանքից, կեցությունից ու մթագնած գիտակցությունից, ի վերջո տուրք տալով մեր հույզերին ու զանց առնելով բանականությունը, ինչն էլ հանգեցրեց մեր նորօրյա օտարահաճ ու օտարամոլ «ջոջաց» ասպարեզ իջնելուն՝ իրենց բնատուր կամ ձեռքբերովի (միևնույն է), սակայն և միանգամայն անօտարելի օտարահաճությամբ ու օտարամոլությամբ՝ որպես ուղղափառ օտարաճորտեր: Լիովին ու ամբողջովին և անմնացորդ տրվող օտարի կամքին ու քմահաճույքներին։ Եվ ըստ այդմ էլ հազարամյակներ առաջ հրեաներին առաջնորդած սուրբգրային Մովսես մարգարեի թափառումների երկարուձիգ 40 տարվա փոխարեն՝ սրբապիղծ ու մարդախոշոշ մոցիքուլի հրահրմամբ մեր նորօրյա դեգերումներն էլ ընդամենը 4 տարի տևեցին, իհարկե, ու Տերն էլ մեզ մանանա չտվեց բնավ, ու ոչ էլ լորամարգի, ու մենք շատ արագ, շատ շուտ ազգովին գերադասեցինք վերադառնալ մեր եգիպտական գերությանը...

Իսկ իրենց ժամանակին՝ տարբեր դարաշրջաններում, մեր շատ մեծեր (ճշմարիտ մեծեր)՝ ամենքն էլ իրենց հերթին ինչ-որ կերպ փորձել են արթնացնել դարերի հոլովույթում շարունակաբար հյուլեացած ու խորը նիրհով հուլացած, ծուլացած ու իսպառ ծյուրացած մեր գիտակցությունը, և ըստ այդմ ազգովին մեզ արթնության, սթափության են փորձել կոչել։ Բայց մենք այդպես էլ բնավ երբեք չենք անսացել նրանց այդ սթափեցնող կոչերին, և արդ ո´չ արթուն ենք, ու ո´չ էլ՝ սթափ: Մեր վաղ ու ոչ վաղ անցյալի տարաբախտ պատմության զանազան չարաբաստիկ անցքերը մեր պատմական փորձառությունների անգնահատելի դասերը լինելու փոխարեն՝ չգիտես ինչու մի այլ բանի հանգեցրին. այն է՝ քաղաքական մուրացիկության, հարդյունս ինչի ներկայումս (ու դեռ դրանից էլ առաջ) մանկամիտ միմտությամբ ու թեթևամտորեն քար աշխարհից, այդ աշխարհի անհոգի հզորներից, որ հեռու են արդ ու միշտ էլ հեռու են եղել արդարությունից այնքա՜ն, որքան երկինքը գետնից, արի ու տես, որ մենք արդարություն ենք խնդրում թախանձագին (մի պահ էլ սկսել էինք ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ պահանջել, թեև պարզ չէ՝ ումից ինչ ու ոնց): Ու մենք ազգովին քաղաքականություն վարելուց էլ նմանապես հեռու ենք եղել (քաղաքականությամբ չենք զբաղվում, չէ՞)։ Ու մենք քաղաքականությունից հեռու ենք նմանապես այնքա՜ն, որքան որ երկինքը գետնից։ Ու մարդիկ արդեն ո՛չ հիշում են և այլևս ո՛չ էլ պահանջում, այլև իրենց աղոտ ու մշուշված հիշողություններով մնացել են որտեղ ասես՝ մ.թ.ա. 8-րդ դարում, մ.թ.ա.1-ին դարում, մ.թ. 4-5-րդ դարերում, 11-12-րդ կամ 13-14-րդ դարերում, և այդպես շարունակ, իսկ ոմանք էլ՝ 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի սկիզբներում, կոմսոմոլները՝ 20-րդ դարի հատկապես 70-80-ական թվականներում, սակայն և բնավ երբեք ու ոչ մի պարագայում դասեր չեն քաղել, չեն քաղում ու չեն էլ քաղելու...

Այդուհանդերձ, դասեր քաղել պետք է։ Իսկ ի պետս դրա, որպեսզի շատ հեռու չգնանք ու չմխրճվենք դարերի խորքը, և առայժմ հանգիստ թողնենք Պատմահայր Խորենացուն, ապա պիտի մեզ ավելի մոտ ժամանակներում փնտրենք մեր որոնելիքը, առավել ևս՝ որ ճշգրիտ դասերի պակաս չկա, ճշմարիտ դաս տվողները ևս կան, ավա՜ղ դաս առնողներն ու էդ դասից իրապես օգուտ քաղողներն են սակավ: Տվյալ դեպքում նախ և առաջ պարտ ենք մեր հայացքներն հառել Ամենայն Հայոց Բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի կողմը: Այո´, պիտի դիմենք հիրավի՛ իմաստուն մեծի՝ Մեծն Լոռեցու հիրավի՛ իմաստուն օգնությանը, լինենք ունկնդիր նրա խորիմաստ ու խորաթափանց, խորախորհուրդ մտո­րումներին։ Կամ ասենք՝ ամենեքյան հասու լինենք Դերենիկ Դեմիրճյանի (Պարույր Սևակի դիպուկ բնորոշմամբ՝ էդ հայկական մումիայի) հնչեցրած՝ հայի ճշմարիտ բնորոշմանը: Նորովի քննենք մեր հիրավի՛ ճշմարիտ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի դասերը, ով Նիկողայոս Ադոնցի բնորոշմամբ՝ «...այն անձերից էր, որ աշխարհ են գալիս խորհուրդը ճակատին և երազները հոգում»։ Լուսավորիչ, որ միայն էն օրհնված սհաթի մասին չէ, թե ասելիք է ունեցել, ինչի մասին շատ շատերը չգիտեն ավաղ: Դիմենք ազատատենչ Միքայել Նալբանդյանին՝ խորամուխ լինելու մանկության օրերից ի վեր նրա ազատաբաղձ ոգու հույժ անբեկանելի էության մեջ։ Դիմենք սյունեցի բազմագետ և խորագետ նույն Նիկողայոս Ադոնցին, որ իրեն ճանաչողների բնորոշմաբ՝ «...նա ինքը հենց Հայաստանն էր, իր փառահեղ անցյալով, դժվար ներկայով ու սպասվելիք լուսավոր ապագայով», և ով Հայոց պատմությունը դիտարկելով միջազգային նշանակության առումով՝ հիմնավոր փաստերով առնվազն երկու-երեք հազարամյակ հավելեց նրա տարեգրության վրա և ըստ այդմ ավելի հին «ժամանակաշրջանի մեջ տեղավորեց» այն, այլև սերունդներին ավանդեց իր նշանակալի մի պատգամը. «Ոչ ոք չգիտե՝ անցքերի թավալգլոր անիվը ուր է տանում։ Պատրաստ և զգաստ լինենք, որպեսզի չկորչենք անփառունակ, կռվողների ոտքերի տակ կոխան»։

Դիմենք հա­պա մշակութաբան ու փիլիսոփա Կոստան Զարյանին, ու տեսնենք, թե ինչպես է, որ մեր նավը դարեր շարու­նակ ձգտում է դեպի լեռան կատարը և այդպես էլ մինչ օրս տեղ չի հասնում։ Ու խենթ կարոտախեղդ գյումրեցի Օնիկ Շիրազին դիմենք, որ մինչ օրս աննկուն (էն աշխարհում էլ՝ հաստա՛տ) իր (ու՝ մեր) անհաս Մասիս լեռան կարո­տից անհուսորեն էրվում-տապակվում է։ Նաև դիմենք հավերժորեն հալածական Լեռ Կամսարին՝ իմանալու համար, թե որչափ նույնական են իր՝ իբր ապրած մութ ու դաժան (որ իրականում չապրած տարիներ էին) ու մեր ներկա՝ իբր պայծառ, լուսավոր, բարեբեր ու բարեսեր համարվող ժամանակները (որտեղ իբր թե ապրում ենք): Թերևս մեկ անգամ ևս փորձենք բացահայտել Շահան Շահնուրի՝ առանց երգի նահանջի և Պարույր Սևակի՝ երգով նահանջի երևութական, առեղծվածային դիլեման: Գուցե ճիշտ ժամանակն է (եթե իհարկե չենք ուշացել) ընթերցելու մեզ ավելի մոտ Աղասի Այվազյանին՝ մեր հնամենի ազգի հազարամյա փուչ ու անլուր, անհանգրվան դեգերումների ու մեր հնուց ի վեր տառապյալ հնամյա ցեղի ֆիզիոլոգիայի ճշմարիտ սահմանումները ճշգրիտ բանաձևող գեղագետ բնախոսին։ Դիմենք նաև վաղամեռիկ, անսահման տաղանդաշատ Վարդան Գրիգորյանին՝ դեպի կորստյան դարի սահմանները մեր հիրավի՛ ազնվազարմ ու հանդուգն ուղեկցորդին, այլև կորուսյալ դարերի հավերժական վերադարձի անխոնջ ու անմնացորդ նվիրյալ մունետիկին։

Դիմենք մեզ ավելի մոտ մեկ ուրիշ լոռեցի գրող Հրանտ Մաթևոսյանին՝ պարզ ու շիտակ շինականի անբավ ցավի ու դարդի լուռ ու անդուլ մեկնիչին։ Այլև դիմենք ազատամարտիկ Լևոն Խեչոյանին՝ դյուցազնական ու խռովկան Փոքր Մհերին այլևս վերջնականապես Ագռավաքարից դուրս տեսնելու հնարնե­րի լուրջ փնտրտուքի անդուլ ու աննկուն ջատագովին։ Ու նաև այլոց, Էլի շատ շատերին պիտի դիմենք անհրաժեշտաբար, որպեսզի փորձենք ըմբռնել վերջիվերջո (ինքներս՝ գոնե, մեզ համար՝ թերևս), պարզենք վերջապես՝ «Թե ո՞րտեղից արդյոք ծագեց// Էս ընդհանուր աղետը մեծ», որ՝ «...կըռիվը չըդադարած,// Սովը եկավ համատարած։// Սովը եկավ – սովի հետ ցավ,// Ծաղկած երկիրն ամայացավ…» (Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բալլադի վերջին տողերն են): Պարզենք վերջապես, գաղտնազերծենք ամեն մի մութ կետ՝ ամեն մի անկյունում՝ մութ ու թաքուցյալ, որպեսզի Եղիցի Լույս` Խորանում Լուսո, ու Եռաձայն պատարագի ղողանջաձայն հնչյունների ներքո՝ նա, ով ականջ ունի, բլթակ հավատո՝ նա զգա եռաղողանջ զանգի ասմունքը, եռաբանյա ասքի ղողանջը, եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը, ու որ մեռելոց ողբալուց զատ՝ բեկանենք շանթեր ու կոչենք ապրողաց (Պարույր Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմի վերջին մի քանի տողերի զուգորդմամբ)...