Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Վահե Հակոբյան տրիոն՝ կապանյան իրադարձությունների կիզակետում

Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Վահե Հակոբյան տրիոն՝ կապանյան իրադարձությունների կիզակետում

Երեկ Կապանում տեղի ունեցած իրադարձություններին առաջին արձագանքողներից մեկը մարզը վաղուց լքած և մայրաքաղաքում հանգրվանած պատգամավոր Տիգրան Կարապետյանն էր, ով սեփական բիզնեսի բարգավաճման հետ կապ ունեցող ռազմարդյունաբերական ոլորտից բացի երբևէ ոչնչով չի հետաքրքվել: Նախկին իշխանությունների կերակրատաշտից սնված, սակայն ժամանակի հետ քայլած եւ ճամբարափոխ եղած Կարապետյանը գրել էր. «Բդեշխության էջը Հայաստանի Հանրապետությունում անշրջելիորեն փակված է: Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ փողը, իշխանությունը...... մեքենայի չափը .....այլևս որոշիչ չեն։ Մնացածի մասին կխոսենք հաջորդիվ»: 

Հավանաբար պատգամավորը մոռացել է Սյունիքյան նախկին բդեշխների հետ իր կապերի մասին։ Իսկ Կապանում խոսում են, որ տևական ժամանակ է՝ քննարկվում է, որ Տիգրան Կարապետյանը, ով Սիփան Փաշինյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, փորձում է միջնորդել իր վաղեմի ընկեր Վահե Մաքսիմի Հակոբյանի համար, որպեսզի վերջինս վերադարձնի ԶՊՄԿ-ի՝ տարիներ առաջ վաճառած իր բաժնեմասը: Կարապետյանը նախկինում Վահե Մաքսիմի Հակոբյանի միջոցով կապված էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և իր գործարանը գոյատևում էր բացառապես կոմբինատի հաշվին: 

Հիշեցնենք, որ կոմբինատում փայատեր եւ տնօրեն էր աշխատում Վահեի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ով անհասկանալի պայմաններում հայտնվեց Սերժ Սարգսյանի սեւ ցուցակում եւ ստիպված եղավ նախ տնօրենի պաշտոնից հեռանալ, ապա իր փայաբաժինը վաճառել։ Դրա դիմաց, որպես կոմպենսացիա, նրան տրամադրվեց Ախթալայի հանքավայրը։ Մաքսիմ Հակոբյանը 2018-ի դեկտեմբերին վախճանվեց՝ իր ողջ սեփականությունը թողնելով որդուն, ով մի շրջան զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Պաշտոնաթողությունից հետո Վահե Հակոբյանը տեղափոխվեց արտերկիր, հիմնականում՝ Ավստրիա, որտեղ գույք ունի և բիզնեսներ։ Սակայն հեղափոխությունից հետո նա էլ, Սերժ Սարգսյանի իշխանությունից տուժած շատերի նման, փորձում է վերադառնալ Հայաստան։ Եւ սերտացրել է իր հարաբերություններն ինչպես Տիգրան Կարապետյանի, այնպես էլ Խաչատուր Սուքիասյանի հետ, որոնց միջոցով, նաեւ Սիփան Փաշինյանի աջակցությամբ, կամուրջներ է կառուցում դեպի իշխանություն։ 

Այս օրերին, երբ իշխանությունը Սյունիքը «գրավելու» գործընթաց է նախաձեռնել, ակտիվացել են Սյունիքից սերող բոլոր քիչ թե շատ հայտնի դեմքերը, նույնիսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ մոռացել էին Սյունիքը։ Սակայն, իշխող քաղաքական ուժը երեկ Կապանում ստեղծված իրավիճակից դասեր պետք է քաղի, Սյունիքում, որպես կանոն, դավաճաններին, ճամբարափոխներին չեն ներում: 

Նարեկ Դաջունց, Կապան