Հայաստանում ոչ ոք չի հավատում ԱՆ թվերին, համաճարակաբաններն էլ թերահավատ են

Հայաստանում ոչ ոք չի հավատում ԱՆ թվերին, համաճարակաբաններն էլ թերահավատ են

Մարտի 11-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի հիվանդացության 748  նոր դեպք։ ԱՆ այս վերջին տվյալները, այնուամենայնիվ, փոքրիկ շոկի ենթարկեցին մեր հասարակությանը, որը կորոնավիրուսային տարբեր փուլերի «դժոխքներից» ու պատերազմից հետո մի տեսակ անտարբեր է դարձել կորոնայի նկատմամբ։ Շատերն էլ  պարզապես չեն հավատում այդ թվերին, ինչպես, օրինակ, «Ռեստորանների միության» նախագահ Աշոտ Բարսեղյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, թե բիզնեսն ու առողջապահությունը քաղաքականացվում են ԱՆ թվերով։

Մինչդեռ, առողջապահական պաշտոնյաները շարունակում են վստահեցնել, որ ամեն ինչ շատ լուրջ է։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը երեկ հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ նոր դեպքերի ավելացման արդյունքում հիվանդանոցները ներկայում աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ըստ նրա կանխատեսման՝ եթե այսպես շարունակվի, կարող ենք ունենալ այն իրավիճակը, ինչ ունեինք հոկտեմբերին։ Ըստ այդմ՝ վարակի վերարտադրողական ցուցանիշը 1․3 է։ Ռոմելլա Աբովյանի բացատրությամբ, նշանակում է, որ եթե մոտակա 7 օրերի ընթացքում որևէ միջոցառում չձեռնարկվի և չբարձրացվի մարդկանց զգոնությունը անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ նոր 3700 դեպք։ Իսկ վերջին 14 օրվա տվյալները նախորդ 14 օրվա համեմատության մեջ ցույց են տալիս 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ։

Ըստ որում, մի փոքր սպեցիֆիկա է նկատվում, քանի որ ԱՆ պաշտոնյայի խոսքով՝ ներկայումս նկատվում է դեպքերի կտրուկ աճ 3-5, 6-17 և 6-8 տարեկանների շրջանում․ առաջին խմբում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ:

Հավատու՞մ է արդյոք համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը ԱՆ թվերին։ Բժիշկ-համաճարակաբանն ասաց՝ քանի որ իր հայրը վերջերս մահացել է, այլևս չի մեկնաբանում «Առողջապահության նախարարության անհեթեթությունները։ Նրանք ամեն օր մի անհեթեթություն, մի քաղաքական քայլի հեզասահուն ընթացք ապահովող մի հիմարություն դուրս են տալիս՝ սկսած 2020-ից, երբ այդ կորոնապսիխոզը բերեցին, գցեցին Հայաստան։ Եվ իրենց որևէ հայտարարություն այդ վարակի, ընդհանրապես համաճարակաբանության պոստուլատների, կոնցեպտների ու դոգմատների հետ  որևիցե աղերս  չի ունեցել»։ Այնպես, որ Գրիգոր Գրիգորյանը առաջարկեց հղում անել իր նախկինում նույն հնչեցված կարծիքին, քանի որ ոչինչ չի փոխվել։ 

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը հավատո՞ւմ է ԱՆ թվերին։ «Ցավոք, այս 1 տարվա ընթացքում այնպիսի «աշխատանք» է կատարվել, որ ոչ ոք արդեն ոչ մի բանի չի հավատում։ Հիմա․․․ չգիտեմ, ես դժվարանում եմ հավատալ կամ չհավատալ, վերլուծել հրապարակվող թվերը։ Բայց մի բան․ զուտ իմ կարծիքով՝ որքան շարունակվում է համաճարակը, այնքան ավելանում է բնակչության շրջանում իմունային շերտը։ Եվ հետևաբար, նախորդ ալիքների կրկնումը՝ ինտենսիվության ու երկարության տեսանկյունից, գնալով նվազում է։ Թե բնակչության մեջ ի՞նչ քանակությամբ իմուն շերտ ունենք, ի՞նչ տոկոս ունենք, ապա դրա համար հատուկ հետազոտություններ են պետք, որոնք չեն իրականացվում»։

Ինչ վերաբերում է երեխաների շրջանում դեպքերի աճին, ապա բժիշկն ասաց․ «Բացարձակ չգիտեմ։ Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երեխաների շրջանում չեն կարող ինչ-որ մի մեծ բռնկումներ լինել։ Թե մեր մոտ ինչ թվեր են, նորից եմ ասում, չգիտեմ, բայց այդ տոկոսային բաները, «այսինչ տարիքային խմբում՝ այսքան աճ» և այլն։ Գիտե՞ք նման բաներն ինչքան հեշտ է․․ այսինքն՝ եթե 1 հոգի է, դառնա 7, դա արդեն լուրջ  տոկոս է»։ Այնպես որ, համաճարակաբանը այս հարցում կոչ է անում առաջորդվել ոչ թե տոկոսներով, այլ բացարձակ թվերով։ 

Հիշեցնենք, որ համաճարակի ընթացքում Հայաստանում մինչ օրս արձանագրվել է 176 286 դեպք։ Չարձանագրված դեպքերի քանակը համաճարակաբանների մոտ ի՞նչ գործակցով է ընդունված հաշվել և բազմապատկել 5,6․ տասը։ Այդ դեպքում կստացվի, որ 1․7 միլոն մարդ արդեն վարակվել, որից էլ կարելի կլինի հաշվել, թե ՀՀ բնակչության քանի տոկոսն է այս ընթացքում վարակվել։ Համաճարակաբանն ասում է. «Նման բան չկա, ինչքան շատ հետազոտեն, այնքան շատ կհայտնաբերեն։ Բայց նաև՝ ու՞մ հետազոտեն։ Հասարակ մի բան, ցույց տվեցին 4․5 հազար հետազոտություն, ես բացեցի օդանավակայանի կայքը և տեսա, որ ելքային 12 թռիչք ունենք։ Այսինքն՝ այդ 12 թռիչքի բոլոր մարդիկ պետք է հետազոտվեն, ճ՞իշտ է։ Ստացվում է, որ 4․5-ի կեսը երկից դուրս թռնողներն են։ Այսինքն՝ այդ հետազոտություննեը մշտական նույն գաղափարով չեն հետազոտվել: Իսկ կարծիք կազմելու համար միայն մեկ եղանակ կա՝ արյան մեջ հակամարմինների առկայութունը, ոչ թե  «10 հոգի ավել, 5-ը պակաս»:

Էդուարդ Հովհաննիսյանի անձնական կարծիքով՝ Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվն արդեն մոտենում է 50 տոկոսին։ Նշենք, որ կորոնավիրուսի համար հասարակության իմունային բարյերի առկայության համար հաշվարկվում է բնակչության 65-70 տոկոսի հիվանդացած լինելը։ Առնվազն՝ դրանից հետո համաճարակը չի ունենում ալիքային ընթացք։