Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ԱՄՆ-ում կտրուկ ավելացել են մալարիայի դեմ բուժամիջոցների վաճառքի ծավալները

Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ԱՄՆ-ում կտրուկ ավելացել են մալարիայի դեմ բուժամիջոցների վաճառքի ծավալները

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիացմունքով արտահայտվեց մալարիայի դեմ բուժման համար օգտագործվող հիդրօքսիքլորոխինի մասին, այն անվանելով երկնային պարգեւ, Միացյալ Նահանգներում այդ դեղամիջոցի պահանջարկը ավելացավ 46 անգամ։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Ըստ հրապարակման, ամերիկացիները սկսել են գրոհել դեղատները այդ դեղամիջոցը գնելու համար, Թրամփի՝ մարտի 19-ի ասուլիսից հետո, այն պատճառով միայն, որ Թրամփն ասել է, որ դա օգնում է կորոնավիրուսի բուժման գործընթացում։ Ուշագրավ է այն, որ հիդրօքսիքլորոխինի դեղատոմսեր գրել են այնպիսի բժիշկներ, որոնք ընդհանրապես կապ չունեն ինֆեկցիոն հիվանդությունների կամ վիրուսոլոգիայի հետ, ինչպես օրինակ ռեւմատոլոգներ, օրթոպեդներ, սրտաբաններ եւ մաշկաբաններ, նույնիսկ՝ հոգեբույժներ։ NYT-ը նշում է, որ ապրիլին այս իրարանցումը մի փոքր հանդարտվել է, եւ նշանակումները նվազել են, սակայն ամերիկյան դեղատներում այդ դեղամիջոցի պահանջարկը շարունակում է մնալ շատ բարձր։ Սա այն դեպքում, երբ դեռ ապացուցված չէ, որ այս դեղամիջոցը օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում եւ մասնագետները զերծ են մնում այն կորոնավիրուսային թերապիայի համար խորհուրդ տալուց։