Ազգերը փրկվել են խելագար անհատների, կործանվել՝ «խելագարված ամբոխների» միջոցով

Ազգերը փրկվել են խելագար անհատների, կործանվել՝ «խելագարված ամբոխների» միջոցով

Եղիշե Չարենց և Շահան Նաթալի: Տրամագծորեն տարբեր տեսակետներ «խելագարվածների»  մասին:

Ըստ որոշ աղբյուրների, «Ամբոխները խելագարված» պոեմի (1918) հիմքում Չարենցի տպավորություններն են՝ անցած դարասկզբին՝ 1918-1919 թթ. Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքացիական, այսինքն՝ եղբայրասպան կռիվներից, որոնց նա մասնակցել էր։

Դպրոցական տարիներից ի վեր, շատերս մեծ ոգևորությամբ ու պաթոսով ենք արտասանել հիրավի արժեքավոր այդ ստեղծագործությունը: Օրերս, պատահաբար (ավաղ՝ պատահաբար), հանդիպեցին Շահան Նաթալիի խոսքերը. «Ազգերը միշտ էլ փրկվել են խելագար քչերի ձեռքով»…

Արդեն որերորդ անգամ վերընթերցեցի «Ամբոխները…», սարսափեցի ու հասկացա, որ ազգերը կործանվում են «խելագարված ամբոխների» միջոցով…

Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի… 
Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր. 
Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ... 
Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված— 
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…

— Պիտի երթան առա՛ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ, 
Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։ 
Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՛ պիտի փռեն— 
Հազարամյա քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու ավերեն։— 
Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում, 
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն։— 
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՛ն նրանք նորից, 
Որ կյանքը հին, որպես փյունիկ, չբարձրանա՜ մոխիրներից... 
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի— 
Դեպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների...

Փաստորեն, ըստ մեծն Չարենցի՝ ամբոխն ավելի կարևոր է, այնքան ամենակարող, որ արևից էլ չի վախենում:
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության կարկառուն դեմքերի շարքում նշանակալի տեղ են զբաղեցրել հայերը ու չնայած դրան, նրանք, մեծ հաշվով, որևէ օգուտ չեն բերել իրենց ժողովրդին, ինչի փաստաթղթավորված վկայությունը ՀԽՍՀ քարտեզն է (մի կողմ թողնենք ժողովրդի տնտեսական և սոցիալական ժամանակավոր վերելքը և հետագա գահավիժումը): Դե, նրանք գնում էին դեպ արև, դեպի համաշխարհային հեղափոխություն: Աթաթուրքն էլ, կարծես, իրեն հռչակել էր կարմիր բոլշևիկ՝ չմոռանալով իր առաքելությունն իր ազգի հանդեպ: Ըստ էության, երբ անցած դարասկզբին Արևմուտքը պլանավորել էր բաժանել ներկայիս Թուրքիայի տարածքը, Աթաթուրքը դարձավ այն «խելագար քչերից» մեկը, ով խափանեց գերտերությունների ծրագրերը՝ իր ազգի առնչությամբ: Ավելին, կարողացավ ստեղծել նաև Արևելյան Թուրքիա՝ Ադրբեջան անվանումով, Խորհրդային Ռուսաստանին պարտադրեց վերջինիս հանձնել Նախիջևանը և Արցախը…

Իսկ չարենցյան խելագարված ամբոխների սերունդները մեկ դար անց կրկին իենց տարերքի մեջ են` այս անգամ հրահրելով գունավոր հեղափոխություններ, սանձազերծելով եղբայրասպան պատերազմներ, արեգակներ են դես- դեն շպրտում, մաղձ են թափում, քանդում և ավերում են շեն քաղաքները, պարում են հրդեհներում, մոխիրը կրկին ու կրկին այրում, որպեսզի հին, ազգային արժեքների վրա հիմնված կյանքը

…որպես փյունիկ, չբարձրանա՜ մոխիրներից... 
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի—

Եվ, որպեսզի այդպես չլինի, պետք է մոռանալ հեղափոխությունների մեծագույն մունետիկի պոեմն ու առաջնորդվել Շահան Նաթալիի գաղափարներով: 

Գագիկ Վարդանյան