Միանալ Ռուսաստանին անհատապե՞ս, թե՞ հավաքականորեն. արցախահայությունը՝ ծանր ընտրության առաջ

Միանալ Ռուսաստանին անհատապե՞ս, թե՞ հավաքականորեն. արցախահայությունը՝ ծանր ընտրության առաջ

Վերջին օրերին տեղեկություններ են ստացվում, որ Արցախում, Ռուսաստանին միանալու համար, ստորագրահավաք է սկսվել: Ըստ արցախցիների, առաջիկա օրերին այս հարցով կարող է հանրահավաք կազմակերպվել: Այս առիթով արձագանքը խիստ էմոցիոնալ եւ քննադատական է. ինչպե՞ս կարող են արցախցիները կասկածի տակ դնել Արցախի հայկական ինքնությունը, ինչպե՞ս կարելի է հրաժարվել Հայաստանի հետ վերամիավորվելու որոշումից, որի համար պայքարել ու իրենց կյանքն են դրել տասնյակ հազարավոր հայորդիներ: Ազգային ժողովրդավարական բեւեռն այս առիթով հայտարարություն է տարածել, որով ստորագրահավաքը բնութագրվում է որպես հակահայ եւ հակապետական գործողություն, իսկ կազմակերպիչներն անվանվում են տականքներ:

Առաջին հայացքից ամեն ինչ հենց այդպես էլ թվում է. Արցախը Ռուսաստանին միացնելու նախաձեռնության հեղինակները հակահայեր են, որովհետեւ դեռեւս 1989 թվականին Արցախը որոշում ունի միանալու Հայաստանին, եւ Հայաստանն էլ որոշում ունի հարգելու այդ միավորման որոշումը: Բայց այս ամենն անցյալում է եւ ակտուալ էր մինչեւ 44-օրյա պատերազմը: Հիմա Արցախի մեծ մասը փաստացի միացվել է Ադրբեջանին, իսկ փոքր մասը դրա ճանապարհին է:

Այնպես որ, այն մարդիկ, ովքեր տականք են անվանում նման նախաձեռնությունների հեղինակներին, իսկ արցախահայությանը կոչ են անում զերծ մնալ հակապետական եւ հակահայկական գործողությունների մասնակցելուց, լավ կանեն, եթե ինչ-որ այլընտրանք առաջարկեն: ԱԺԲ-ն որեւէ այլընտրանք չի ներկայացնում՝ միայն ասելով, որ հավատում են, թե արցախահայության մեջ չեն մարել պայքարի ոգին եւ հայրենիքը վերադարձնելու սրբազան ձգտումը: Սա այլընտրանք չէ, այլ ճոռոմախոսություն, որովհետեւ ամեն օր ադրբեջանական բանակի ագրեսիային դիմակայող եւ ադրբեջանական ոռնոցի տակ ապրող մարդկանց հայրենասիրություն քարոզելն ուրիշ բնորոշում չունի: Մինչդեռ արցախցիների համար այլընտրանքն Ադրբեջանին միանալն ու Ադրբեջանի քաղաքացիություն ստանալն է կամ անհատապես Ռուսաստան գաղթելն ու այդ ձեւով Ռուսաստանին միանալը, ինչպես արել են հազարավոր հադրութցիներ եւ պատերազմի արդյունքում տեղահանվածների մեծ մասը:

Մինչեւ 2020թ. պատերազմը Հայաստանն Արցախի ու արցախահայության անվտանգության երաշխավորն էր: Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ միայն հրաժարվել է այդ երաշխավորը լինելուց, այլեւ պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որով, ըստ էության, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս՝ ինչ-որ անհասկանալի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների դիմաց: Հրաժարվելով Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց՝ Հայաստանի իշխանությունները խաղաղության պայմանագրով համաձայնություն են տալու, որ անվտանգության երաշխավորի դերը ստանձնի Ադրբեջանը: Դրա մասին բաց տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած իր ելույթում:

Արցախահայությունը լավ գիտի, որ Ադրբեջանի ենթակայության տակ չի կարող ապրել. նախ՝ որովհետեւ չեն ուզում եւ գիտեն, որ Ադրբեջանը սպանելու եւ տեղահանելու է արցախահայությանը, ինչպես վարվել է հայաթափված արցախյան տասնյակ եւ հարյուրավոր բնակավայրերի դեպքում: Դրա դասական օրինակն այսօր Խրամորթ գյուղն է, որի բնակչությանն ադրբեջանցիները բարձրախոսներով ամեն օր կոչ էին անում լքել գյուղը: Արցախահայությանը տված անվտանգության երկաթյա երաշխիքների օրինակ է Փառուխը:

Քանի որ Հայաստանը՝ ի դեմս իր գործող իշխանության, ձեռքերը լվացել է Արցախից, իսկ Արցախն ինքնուրույն չի կարող պաշտպանվել թուրք-ադրբեջանական ագրեսիայից, արցախահայության համար առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա. կա՛մ անհատապես տեղահան լինել իրենց բնակավայրերից ու տեղափոխվել Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամաս, կա՛մ փորձել գնալ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի օրինակով՝ հույս ունենալով, որ անվտանգության երաշխավորի դերը կստանձնի Ռուսաստանը: Հետաքրքիրն այն է, որ անհատապես` ընտանիքներով Ռուսաստան տեղափոխվելն ու Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելը չեն դիտվում դավաճանություն, հակահայ եւ հակապետական գործողություն: 

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքն այս միավորման կոչերին եւ ստորագրահավաքներին: Ռուսաստանը ռազմական հակամարտության մեջ մտավ իրենից անհամեմատ թույլ Վրաստանի հետ, սակայն արդյոք կհամարձակվի՞ հակամարտության մեջ մտնել ավելի ուժեղ Ադրբեջանի հետ, որի թիկունքին կանգնած է Թուրքիան, իսկ վերջինի հետ Ռուսաստանը բավական ջերմ հարաբերություններ է պահպանում: Դառնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ Ռուսաստանի համար նշանակում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն իր ամբողջ տարածքի վրա ճանաչելուց՝ դրանից բխող հետեւանքներով:

Ստեղծված վիճակի լավագույն լուծումը կարող էր լինել իշխանափոխությունը Հայաստանում, որի դեպքում նոր իշխանությունը կկարողանար անվտանգության երաշխիքներ տրամադրել Արցախին եւ արցախահայությանը: Բայց քանի դեռ Հայաստանում իշխանության է ադրբեջանական ցանկացած նախապայման եւ պահանջ ընդունելի համարողների հավաքածուն, Երեւանում ապահով նստածների կողմից արցախահայությանը դավաճանության մեջ մեղադրելն առնվազն անբարոյականություն է։ Մանավանդ որ այդ մեղադրողները ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ պատերազմից հետո այդպես էլ չմեկնեցին ռազմաճակատ եւ չկանգնեցին արցախահայության կողքին՝ արդարանալով, թե իշխանություններն իրենց արգելում են մասնակցել Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանությանը: Լավ է, որ հայտարարություններ անել դեռեւս թույլատրում են:

Ավետիս Բաբաջանյան