Իմ ականջով եմ լսել, որ նման բան են մարզիչներն ասում․ դա անթույլատրելի է

Իմ ականջով եմ լսել, որ նման բան են մարզիչներն ասում․ դա անթույլատրելի է

Անընդհատ Հայաստանում խոսում են, թե ֆուտբոլի զարգացման համար անպայման պիտի մանկապատանեկան մրցաշարեր կազմակերվեն դրսում և այլն, բայց հարց է առաջանում՝ մենք քանի մրցաշար ենք անցկացնում ներսում՝ մեր երկրում, որ խոսում ենք դրսից։ Մեր երկրում նման ծրագրեր գրեթե չկան, սա է խնդիրը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսիում հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը։

«Մրցումները պիտի շատանան, այլ կերպ հնարավոր է չէ, դա շատ կարևոր է։ Ես մի բան եմ ուզում նշել ու նաև բերել իմ օրինակը։ Անպայման պիտի սկսել համագործակցել դպրոցների հետ, որտեղ որ աշակերտները ամեն օր սովորում են։ Բոլորը գիտեն, որ ես «Այաքսի» ակադեմիայում եմ խաղացել, որտեղ ասում էին՝ եթե դու դպրոցում լավ չես սովորում, ուրեմն իրավունք չունես նաև ֆուտբոլ պարապելու, իսկ այստեղ նման բան չկա, այստեղ խաղերի ժամերը շատ մոտիկ են լինում դպրոցի ժամերին։ Ես անգամ իմ ականջով լսել եմ, որ մարզիչներ կան, որոնք ասում են՝ դե թող այդ օրն էլ երեխան դպրոց չգնա, կարևորը գա ֆուտբոլի։ Ոչ, նման բան չի կարող լինել»,- ասաց Արասը։

«Երեխեքը պիտի լավ սովորեն ու լավ խաղան։ Ակումբները պիտի ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք որ աշխատում են դպրոցների հետ։  Մարզիչ-ծնող-դպրոց․ սա իսկապես շատ կարևոր է։ Ֆուտբոլը միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլ չէ։  Ֆուտբոլը մասսայական է, առողջ ապրելակերպ է, սպորտ է, ՀՖՖ-ն դա պիտի ապահովի բոլոր երեխաներին, այլ ոչ թե միայն պրոֆեսիոնալներին»,- նշել է նա։