Ավելի ճիշտ է կադաստրը ներառել քաղաքաշինական կոմիտեի կազմում, քան թե հակառակը

Ավելի ճիշտ է կադաստրը ներառել քաղաքաշինական կոմիտեի կազմում, քան թե հակառակը
Գուրգեն Մուշեղյան

Վերջին շրջանում շատ է խոսվում, որ կառավարության նախատեսած փոփոխության համաձայն, մշակույթի նախարարությունը հուշարձանների մասով պետք է կցվի քաղաքաշինության կոմիտեին։ Քննարկվում է նաեւ այն ձեւաչափը, ըստ որի՝ քաղշինն ու կադաստրը պետք է միավորվեն, եւ ստեղծվի մի նոր կառույց, որի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե քաղշինի նախագահ Ավետիք Էլոյանը, այլ կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը։ Թերեւս սրանով են պայմանավորված նաեւ Էլոյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը։ 

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով, քաղշինն ամենակարեւոր օղակներից մեկն է եւ ժամանակին եղել է ամենաուժեղ կառույցներից մեկը Սովետական Միության մասշտաբով․ «Գրիգոր Աղաբաբյանի ժամանակ դրա մեջ մտել է նաեւ հուշարձանների պահպանության վարչությունը, հետագայում, երբ Հասրաթյանը դուրս եկավ քաղաքապետի պաշտոնից, այնտեղ ստեղծեցին վարչություն, առանձնացրեցին, եւ Հասրաթյանը գնաց այնտեղ, իսկ հետագայում արդեն այն վերադարձվեց ոչ թե քաղշինին, այլ մշակույթի նախարարությանը։ Այստեղ խնդիրը նրանում է, որ դա առանձին կառույց է, 2 ֆունկցիա ունի, մի ֆունկցիան հնությունների ուսումնասիրություններն է, 2-րդը եղած մշակույթին, այսպես ասած՝ տիրություն անելը։ Այդ տեսակետից սա ավելի քիչ անելիք ունի, քան քաղշինը, այն առումով, որ շատ կառույցներ, որոնք այսօր կառուցվում են, վաղն են դառնալու հուշարձան, դրա պաշտպանության վերաբերյալ իրենք չունեն իրավունքներ։ Օրինակ՝ շատ շենքեր կան, որոնք արժանի են հուշարձան լինելու, բայց այս տարիներին կա՛մ չեն ընդգրկվել, կա՛մ հանել են ցուցակից։ 1600 հուշարձան հանեցին ցանկից, որպեսզի կարողանան քանդել, վաճառել, բայց քաղաքաշինության կոմիտեն պետք է դա պահի, դրա իրավունքներն ունի, ու կարծում եմ՝ սխալ չէ այդ կառույցների միավորումը»։

Ինչ վերաբերում է քաղշինը կադաստրին միավորելու խոսակցություններին, ապա, Մուշեղյանի կարծիքով, ավելի ճիշտ է կադաստրը ներառել քաղաքաշինական կոմիտեի կազմում, քան թե հակառակը․ «Թող էլի լինի այդ ծառայությունը, բայց առանց «քաղշին» հասկացությունը ոչնչացնելու, որովհետեւ կադաստրը քաղաքաշինության բաղկացուցիչ մաս է, եւ առաջ, երբ նոր սկսեց շրջանառվել «կադաստր» հասկացողությունը, այն ժամանակ այն մտած էր քաղաքաշինության նախարարության կազմում»։ 

Առաջնայինը պետք է լինի քաղաքաշինությունը․ ըստ նրա, դա ամենակարեւոր հենարանն է, հետո նոր՝ կադաստրը. «Կադաստրը հիմնականում 2 ֆունկցիա ունի․ մեկն իրավական կադաստրն է, թե որ շենքն ումն է, եւ երկրորդը ֆինանսական կադաստրն է, թե որն ինչ արժի։ Աշխարհում ընդունված է, եւ, օրինակ, Ֆրանսիան, որ կադաստրի երկիր է համարվում, ֆիննախարարության կազմում է այն, որպեսզի իմանան՝ ով ինչ կառույց ունի եւ, ըստ այդմ, ինչքան հարկ պետք է վճարի։ Այստեղ մեր կադաստրը մի քիչ այդ եւ մի քիչ այլ ուղղությամբ գնաց, ես Սարհատին խորհուրդ տվեցի, որ զբաղվի նաեւ անձնագրային խնդիրներով, այսինքն՝ երբ հաշվի ես առնելու անշարժ գույքը, նա պետք է ունենա անձնագիր, որովհետեւ շատ դեպքերում ներկայացվել են սեփականության իրավունք ձեռք բերելու բաներ, որոնց հիմքում եղել են սխալ փաստաթղթեր, բայց քանի որ ներկայացրել են կադաստր, այդպես էլ սեփականաշնորհել է։ Հիմա Սարհատը քաղաքաշինարար է կամ, ինչպես ինքն է իրեն համարում՝ ուրբանիստ։ Ենթադրենք՝ իրեն փոխեցին, վաղը եկավ մեկ ուրիշ ադմինիստրատոր, նա ո՞նց է կառավարելու քաղաքաշինության ոլորտը։ Դրանք ոչ միայն տարբեր բնագավառներ են, այլ նաեւ տարբեր ուղղություններ։ Կարող է այսօր ամենալավ քաղաքաշինարարին բերեն դնեն կադաստրի պետ, հետո կադրը փոխվեց, ի՞նչ պետք է արվի, նորից բաժանեն-տանեն ուրի՞շ տեղ»։ 

Գուրգեն Մուշեղյանը մտավախություն ունի, որ բոլոր այս փոփոխություններն ըստ կադրերի են արվում ու հարմարեցվում, մինչդեռ այդպես չպետք է լինի։ «Ցավոք, կա այդպիսի սովորություն, որ կարեւորը ոչ թե կադրի մասնագիտական գիտելիքներն են, այլ հենց կադրը՝ երբեմն այս կամ այն կուսակցությանը պատկանող, բայց այսօր պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է լինի պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորված»,- ասում է նա ու հավելում, որ ժամանակին առաջարկել է, որպեսզի գործի տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարություն. «Տարածքային կառավարումը ոչ թե մարզպետ հանել-նշանակելն է կամ գյուղապետ փոխելը, այլ տարածքների կառավարումը, իսկ դա քաղաքաշինական կառավարում է, թե որ տարածքն ինչպես է զարգանալու, ինչ հիմունքներով, ինչ հարաբերություններ են լինելու այդ տարածքների միջեւ։ Դրա համար գոյություն ունեն այդպիսի նախագծեր, որոնք բոլորը քաղաքաշինական խնդիրներ են։ Դա միայն շենք չէ, որ ասեն՝ տարանք կադաստր, թույլատրեցին այդ շենքը սարքել կամ չսարքել․ սա մի ամբողջ երկրի քաղաքականություն է, եւ շատ տեղերում դա այդպես էլ կոչվում է՝ տարածքային կառավարում։ Այնպես որ՝ դա շատ լուրջ խնդիր է։ Այսօր շենք կառուցելիս ցանկությունը միայն պատվիրատուինն է, չկա քաղաքաշինական քաղաքականություն, մինչդեռ առաջնահերթությունը պետք է տրվի քաղաքաշինությանը։ Դա ամենակարեւորն է, իսկ գույքն այսօր իմն է, վաղը՝ ձերը, հաջորդ օրը՝ չգիտեմ ումը»։