Արնաքամ լինող իշխանություն․․․

Արնաքամ լինող իշխանություն․․․

Մի կողմից  Արցախի հանձնում, խեղված ճակատագրեր, Հայաստանի անորոշ վիճակ, մարդկանց հուսախաբություն, ամենուր թշվառություն․․ մյուս կողմից ներսում չի հանդարտվում այս ամենի պատասխանատուն ու մեղավորը և նորանոր ձերբակալությունններով, քրեական գործերով  ավելի ու ավելի է խորացնում քաոսը։

Ադրբեջանն իր հերթին է ազգի սերուցքը քաշում՝ գերի տանում, կոտորում, ներսինը մյուս կողմից է նույնանման գործողություններ կատարում։ Ասես հայի տեսակը վերացնելու համար Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ մրցույթի են դուրս եկել։ 

Օրհասական այս վիճակում, նորից եմ ասում, չի հանդարտվում այս իշխանությունը, նորանոր մարդիկ է ձերբակալել տալիս, նորանոր քրեական գործեր  կարում․․․ Ասես Հայաստանի համար մեկ խնդիրը  փաստաբանի, լրագրողի, ուսանողի ձերբակալելն է։

Նման պարագայում ժողովրդական իմաստությունն ասում է, որ սրանք նրա  վերջին ցնցումներն են։ Այս պատմությունը շատ լավ կբնորոշի այս իշխանության գործելակերպն ու վախճանը․ 

«Մեծահարուստ մեկը շքեղ տուն ուներ։ Նա  իր տան մեծ սրահը ամբողջովին հայելապատ էր արել... բոլոր պատերը միայն հայելի էին։ Տան պահակը անզգուշաբար գիշերը իր շանը մոռանում է ներսում, դուռը փակում, գնում ...

Էս խեղճ կենդանին հանկարծ շուրջ բոլոր հայելիների մեջ տեսնում է, որ շրջապատված է տասնյակ, հարյուրավոր  շներով, որոնք վրա են տալիս... Սկսում է աջուձախից իրեն գրոհող շների դեմ կռիվ տալ, կռվում է ու կռվում... ողջ գիշեր մարտնչում է թշնամի  շների դեմ...

Առավոտյան նրան  գտնում են  արնաքամ վիճակում ․.. իսկ հայելիները կոտրատված ու արյունոտ...

Այս իշխանությունը գուցե հասկանա, որ հայելիների աշխարհում է, ու ամեն ինչ ընկալում է «իր հայելիների, գործ տվողների, ուղղորդողների միջոցով»։ Եթե հայելիները հանի, կտեսնի, որ իրական թշնամին բաց երախով Արցախը կուլ տալուց հետո ատամներն է կրճտացնում բազում տեղերից խոցված Հայաստանի վրա։ Բայց քանի որ նա հայելիների աշխարհում է, երկար չի տևի նրա պայքարը, ինքը արյունաքամ կլինի սեփական հարվածների թափից։