Եղնուկյանին կալանավորելու համար հիմք հանդիսացած օպերատիվ տվյալները, ըստ վերջինիս, չկան. նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Եղնուկյանին կալանավորելու համար հիմք հանդիսացած օպերատիվ տվյալները, ըստ վերջինիս, չկան. նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Սասնա ծռերի» համակիր Կարո Եղնուկյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեյանը դիմել է Գլխավոր դատախազին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ հանցագործության մասին հաղորդմամբ՝ գոյություն չունեցող օպերատիվ տեղեկություններ ստեղծելու, դրանք օգտագործելով Եղնուկյանի իրավունքները և ազատությունները խախտելու փաստերով։

Այսպես․ 18.07.2016թ. ԱԱԾ քննիչը դիմել է դատարան՝ Կարո Եղնուկյանի հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար: Քննիչը Եղնուկյանի հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու հիմքում դրել էր այն «փաստը», որ իբրև թե, առկա են «օպերատիվ տվյալներ» այն մասին, որ Կարո Եղնուկյանը փորձել է «Սասնա Ծռերին» ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները:

Դատարանը թույլատրել էր գաղտնալսումներ իրականացնել՝ հիմնվելով այդ տեղեկությունների վրա: 19.07.2016թ. կրկին նույն «օպերատիվ տվյալներ»-ի հիման վրա դատարանը Կարո Եղնուկյանի բնակարանները, ավտոտնակները և մեքենաները խուզարկելու թույլտվություն է տվել, և Եղնուկյանի 3 բնակարանները, 3 մեքենաները և ավտոտնակը խուզարկվել է: 20.07.2016թ. Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-218 և 38-219 հոդվածների 3-րդ մասերով: Մեղադրանքում կրկին նշվել է, որ Եղնուկյանը ձգտել է ՊՊԾ գունդը գրավածներին ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք հնարավորություն ստանան կապ հաստատել արտաքին աղբյուրների հետ և կորրդինացնել սեփական գործողությունները: Ապա՝ մի քանի օր անց՝ 22.07.2016թ. քննիչը դիմել է դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քննիչը դատարան է ներկայացրել ԱԱԾ-ի կողմից 18.07.2016թ. կազմված մի տեղեկանք և մի գրություն այն մասին, որ օպերատիվ տվյալներով՝ Եղնուկյանը ձգտել է «ծռերին» ապահովել ռադիոկապով: Դատարանն էլ , հիմնվելով այդ տեղեկանքի և գրության վրա, թույլատրել է կալանավորել Եղնուկյանին: 

Հետագայում կալանքը շարունակաբար երկարացվել է և Եղնուկյանը մինչև 24.05.2018թ. գտնվել է կալանքի տակ, որից հետո դատարանը 10 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նրան: Այս պահին գործը քննվում է առաջին ատյանի դատարանում: Թե՛ Եղնուկյանը և թե պաշտպանը բազմիցս պահանջել են ծանոթանալ այդ «օպերատիվ տվյալներին», սակայն քննիչի և դատախազի հայտարարությամբ դրանք Եղնուկյանին չեն ներկայացվել՝ հիմնավորմամբ, որ պարունակում են նախաքննական գաղտնիք։

Երբ նախաքննությունը ավարտվել է  և գործի նյութերը հասանելի են դարձել Եղնուկյանին և պաշտպանին,  նրանք պարզվել են, որ գործի նյութերում չկան այդ օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա դատարանը թույլատրել էր գաղտնալսել Եղնուկյանի հեռախոսը, խուզարկել նրա բնակարանները, իսկ հետագայում կալանավորել նրան: Եղնուկանը դիմել է ԱԱԾ տնօրենին, այդ տվյալներին ծանոթանալու համար:

ԱԱԾ-ից պատասխանել են, որ Եղնուկյանի նկատմամբ կատարված օպերատիվ նշանակության բոլոր տեղեկությունները ամբողջովին փոխանցվել են վարույթն իրականացնող մարմնին:  Վերն արդեն նշվել էր, որ դրանք գործի նյութերում չկան: 

«Բացառության սկզբունքով կարող ենք 100% վստահությամբ պնդել, որ այդ նյութերը չեն կորել ԱԱԾ-ից դեպի դատարանի ճանապարին: Հետևաբար, բացառության սկզբունքով կարող ենք նորից 100% վստահությամբ պնդել, որ ԱԱԾ-ն ստում է, որ այդ նյութերը ուղարկվել են դատարան, և հավանական է, որ դրանք դեռ իրենց մոտ է: Կամ էլ ԱԱԾ-ն ստում է և այդ նյութերը երբևէ գոյություն չեն ունեցել ու բնականաբար չէին կարող ուղարկվել դատարան: Ա/ Փաստորեն ստացվում է, որ եթե ԱԱԾ քննիչի կողմից մատնանշած օպերատիվ տվյալները գոյություն չունեն, ինչը նշանակում է, որ դատարանի որոշումները Եղնուկյանին գաղտնալսելու, բնակարանները խուզարկելու ինչպես նաև Եղնուկյանին կալանավորելու վերաբերյալ անհիմն են եղել, հետևաբար ԱԱԾ-ի կողմից կազմված տեղեկանքը և գրությունը կեղծ են»,-հայտարարել է Աթանեսյանը։

Նրա ամփոփմամբ,  փաստորեն ԱԱԾ քննիչը կեղծում է փաստը, որ իբրև թե օպերատիվ տեղեկություններ կան, և կեղծ տեղեկանք և գրություն կազմում ու ներկայացնում դատարաններ: Մի դեպքում անհիմն գաղտնալսում են Եղնուկյանին, մեկ ուրիշ դեպքում խուզարկում նրա բնակարանները, իսկ մյուս դեպքում անհիմն կալանավորում նրան: Նա հնարավոր է համարում, որ գուցե նման օպերատիվ տվյալներ եղել են, սակայն այդ տեղեկությունները կամ արհեստական են ստեղծված եղել, կամ դրանք նենգափոխվել են՝ որպեսզի Եղնուկյանին գաղտնալսելու, խուզարկելու և կալանավորելու համար օգտագործեն: Սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում՝ ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել արհեստական ապացույցներ կամ նենգափոխել դրանք։

Ամեն դեպքում՝ օրենքի խախտմամբ Եղնուկյանին գաղտնալսելը, բնակարանները խուզարկելը և օրենքի խախտմամբ անօրինական տեղեկությունը նրան կալանավորելու համար օգտագործելը կրկին քրեորեն պատժելի արարք է և հանցագործություն:  Հետևաբար՝ ըստ փաստաբան Աթանեսյանի՝ակնհայտ է, որ գոնե առերևույթ տեղի է ունեցել հանցագործություն, որը զգալի վնաս է հասցրել Եղնուկյանի իրավունքներին և ազատություններին: 

Հաշվի առնելով վերոգրյալը ՝ Տ․Աթանեսյանը խնդրում է հարուցել քրեական գործ, Եղնուկյանին ճանաչել տուժող և անցկացնել նախաքննություն՝ բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժելու համար: