Ինչ սպառնալիք կա Համացանցի հետ կապված

Ինչ սպառնալիք կա Համացանցի հետ կապված

Ամերիկացի գիտնական Վինթոն Սերֆը հայտարարել է, որ չպաշտպանված սարքերի առկայությունը Համացանցում կարող է վերջինիս համար դառնալ ամենամեծ գլխացավանքը։ Մասնագետը նաեւ մտահոգություն է հայտնել, որ համացանցին միացված սարքերի թիվը անընդհատ աճում է։ Այս մասին գրում է Business Insider պարբերականը։ Համացանցի հեղինակներից մեկն հանդիսացող Սերֆը փաստացի հայտարարել է, որ համացանցին միացված գաջեթների անվտանգությունը բավարար մակարդակի վրա չէ, ինչը վտանգ է ողջ Համացանցի համար։ Սերֆը նաեւ նկատել է, որ սարքերը անընդհատ ավելանալու են, ավելացնելով արդեն նշված վտանգը։ Սերֆը նկատել է, որ եթե այդ սարքերի աշխատանքում հանկարծ խնդիրներ առաջանան, հետեւանքները կարող են լինել ուղղակի անկանխատեսելի եւ որպես օրինակ բերել է անվարորդ մեքենայի հետ կապված դիպվածը, երբ տեխնիկական ծրագրային խնդիրը կարող է բերել վթարի։ Ամերիկացի գիտնականը նշել է, որ Համացանցն ի սկզբանե ունեցել է երկու խոցելի կետ․ նախ այն հարմարեցված չէ այն բանին, որ վերջինիս միացված լինեն միլիարդավոր սարքեր եւ ապա, այն չունի անվտանգության կարգավորումներ։ Իսկ ահա 2021 թվականին, ըստ որոշ ուսումնասիրությունների, Համացանցին միացված սարքերի ընդհանուր թիվը կհասնի 25 միլիարդի սահմանին։