Փրկության բանաձեւը

Փրկության բանաձեւը

Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմքերն ամենակարեւոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոցներին։ Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը եւ շատ ուշագրավ մտքեր է հայտնել։

Արժե կարդալ։ Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության եւ մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատվածը։ Չէ՞ որ ՀՀ վարչապետը 2019-ը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» տարի եւ խոստացել, որ իրենց ողջ ներուժը կենտրոնացնելու են տնտեսական զարգացման ուղղությամբ։

Լրագրողի հարցին, թե «ի՞նչ համաձայնություններ եք ձեռք բերել եւ բերե՞լ եք արդյոք Դավոսից ինչ-որ կոնկրետ պայմանագրեր Հայաստանի համար», Փաշինյանը պատասխանել է․ «Ես այնտեղից բերեցի կոնկրետ գաղափարներ․․․ մենք այժմ պետք է գտնենք կոնկրետ գործընկերներ հայաստանյան եւ ռուսաստանյան գործարարների թվում կամ այլ երկրներից գործարարների, քանի որ կան որոշ շատ լավ գաղափարներ»։

Լրագրողը, բնականաբար, հետաքրքրվել է՝ ի՞նչ գաղափարներ են դրանք։ Եվ ի՞նչ, պարզվում է՝ ամենաուշագրավ գաղափարը «Իրանի հետ սահմանին մեծ «Մարիոթ» հյուրանոցի կառուցման գաղափարն է»: Եվ վարչապետը բացատրում է, թե որն է «Մարիոթ»-ի քաղաքականությունը, որ նրանք չեն կառուցում շենքը, այլ վարձակալում են, ուստի հիմա պետք է մեկը կառուցի, եւ դրա համար պետք է ներդրող գտնել, որը կհամաձայնի հյուրանոցի շենք կառուցել եւ այլն։ Իսկ դուք ասում եք՝ տնտեսական աճ, տնտեսական հեղափոխություն, աշխատատեղեր, ՀՆԱ-ի աճ։ Պարզվում է՝ Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը Հայաստանում, կարծեմ, երրորդ «Մարիոթ»-ի կառուցումն է, եւ հիմա կառավարությունը զբաղված է «Մարիոթ»-ի համար շինարար փնտրելով։