Ով է ամենից շատ բացակայել նիստերից, ով՝ դեմ կամ կողմ արտահայտվել․ ԱԺ «ամենա»-ները

Ով է ամենից շատ բացակայել նիստերից, ով՝ դեմ կամ կողմ արտահայտվել․ ԱԺ «ամենա»-ները

8-րդ գումարման Ազգային ժողովն առանձնացավ նախորդներից․ խորհրդարանում ինտրիգների, ընդհարումների, այլ կերպ ասած՝ ներկայացումների պակաս չկար: Ինչևէ, տարին ավարտվում է, հասարակության լայն շերտն անգամ պատկերացում չունի, թե 100-ից ավելի պատգամավորներից ով ինչ նախաձեռնությամբ է հանդես եկել եւ, առհասարակ, ինչ գործունեություն է ծավալել: Parliamentmonitoring.am-ի տվյալների հիման վրա hraparak.am-ը առանձնացրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավորներից «ամենա»-ներին: Ըստ այդմ՝ նախագծերին ամենից շատ կողմ քվեարկած պատգամավորները իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամներն են: ՔՊ-ից վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Մարինա Ղազարյանը ռեկորդակիր են՝ 109 անգամ կողմ քվեարկելով: 

Ինչպես սպասվում էր, ամենից շատ դեմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորները: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, Արամ Վարդևանյանը եւ Զեմֆիրա Միրզոևան, պարզվում է՝ ամենադեմերն են: Հավասարաչափ՝ 29 անգամ դեմ են քվեարկել: Ամենից շատ ձեռնպահ է մնացել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, «չարաճճի» Աննա Մկրտչյանը՝ 40 անգամ ձեռնպահ քվեարկելով: Ի դեպ, ամենից շատ ձեռնպահ քվեարկողները հենց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներն են: Աննա Մկրտչյանին հետևում են  Տարոն Մարգարյանը՝ 35, եւ Հայկ Մամիջանյանը՝ 29 անգամ ձեռնպահ քվեարկելով: Ուշագրավ է պատգամավորների բացակայության թիվը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը բացակայությունների թվով ռեկորդակիր է: ԱԺ նիստերից նրա բացակայությունների թիվը հասնում է 111-ի: Բայց եթե Զաքարյանի բացակայությունների պատճառն ինչ-որ տեղ հասկանալի  է, քանի որ նա գտնվում էր կալանավայրում, ապա ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի դեպքում փոքր-ինչ անհասկանալի է, նա նիստերին բացակայել է 104 անգամ: Բացակայությունների թվով առաջատար են նաև նույն դաշինքից Արմեն Չարչյանն ու Արթուր Սարգսյանը, որոնք նույնպես կալանավորված էին: 99 բացակայություն բժիշկ Չարչյանն է գրանցել, 94՝ Սիսիանի նախկին քաղաքապետը: Իսկ ահա ելույթների քանակով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, իրավապաշտպան Արամ Վարդևանյանին ոչ ոք չի գերազանցել: Նա 24 անգամ ամբիոնից ելույթ է ունեցել, եւ Արծվիկ Մինասյանն է  գործընկերոջից փոքր-ինչ պակաս՝ 20 ելույթ ունեցել: «Քաղաքացիական պայմանագրից» առանձնակի ակտիվություն են դրսևորել  Սերգեյ Բագրատյանն ու Վահագն Ալեքսանյանը՝ 17-ական ելույթներով: