Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի վաղը

 Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի վաղը

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից, այն կքննարկվի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում։ Նախագծերի փաթեթով, հիշեցնենք, առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Համաձայն գործող օրենսդրության` 18-27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ` ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում և իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե մինչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:

Նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ` առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար` նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով, երկրորդ` զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ, երրորդ` զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ, չորրորդ կետով` զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ, իսկ հինգերորդ կետով առաջարկվում է զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ: