Հայ կինոյի օրը օրացույցում ամրագրելն արդեն վերաբերմունք էր պետության կողմից

Հայ կինոյի օրը օրացույցում ամրագրելն արդեն վերաբերմունք էր պետության կողմից

2019 թ-ին ԱԺ-ն ապրիլի 16-ը հռչակեց Հայ կինոյի օր, որն այս տարի պետք է նշվեր մեծ հանդիսավորությամբ, սակայն կորոնավիրոսով պայմանավորված, առժամանակ հետաձգվեց: Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ միությունը՝ Ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների հետ համատեղ, մշակել էր Հայ կինոյի օրը, մեծ շուքով նշելու մի շարք միջոցառումներ, քանի որ այս տարի այն առաջին անգամ նշվելու էր պետականորեն.

«Մենք շատ ենք կարեւորել այս տոնի գոյությունը, քանի որ այն եւս մեկ առիթ է՝ արժեւորելու հայ կինոգործիչների հսկայական աշխատանքը՝ ստեղծելու հայկական կինո ինչպես նախկինում, այնպես էլ այսօր եւ ապագայում: Կինոյի տոնը շատ ավելի մեծ նշանակություն է ստանում, որովհետեւ այսօր էլ, երբ բազմաթիվ ու անթիվ-անհամար են դժվարությունները, Հայաստանում ստեղծվում է կինո, որը հաջողությամբ դուրս է գալիս Հայաստանից ու ներկայացնում է հայկական կինոն ժամանակակից աշխարհում: Մենք նախատեսել էինք իրականացնել պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխություն, որ պետք է ցույց տար այն հսկայական աշխատանքը, որ արվում է այսօր կինոոլորտում: Դա իսկապես պրոֆեսիոնալ կինոտոն էր լինելու՝ թեպետ շատ համեստ հնարավորություններ էին ներդրված: Հայաստանի գործող կինոթատրոնները ծրագրել էին ապրիլի 16-ին ցուցադրել հայկական կինոֆիլմեր, հեռուստաընկերություններն էին որոշակի մասնակցություն նախատեսել»,-ասում է նա ու հավելում, որ մրցանակաբաշխության անցկացման հարցը դեռ կքննարկեն համաճարակային իրավիճակից հետո:

Թե ինչպիսի՞ն է այսօր պետության վերաբերմունքը հայ կինոյի հանդեպ, օրացույցում այն ամրագրելուց բացի, Ա. Մանուկյանը նկատում է, որ օրացույցում ամրագրելն արդեն իսկ կարեւոր վերաբերմունք էր, բացի այդ կա ընդգծված վերաբերմունք հայկական կինոյի խնդիրներին` կառավարության ու հատկապես ԿԳՄՍՆ-ի կողմից.

«Նախ ասեմ, որ կինոարտադրությանը տրվող պետական ֆինանսավորումը վերջին տարիներին պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվում է աննախադեպ թափանցիկության պայմաններում: Մի բան, որը երբեք գոյություն չի ունեցել: Եվ մի բան, որը զրոյացրել է կոռուպցիայի հնարավորությունը, որից նախկինում բազմիցս են դժգոհել կինոգործիչներն ու կինոարտադրողները: Երկրորդը. հստակ կանոնակարգված է պետական ֆինանսավորման գործընթացը եւ այն ամեն տարի բարեփոխվում է՝ հաշվի առնելով ֆինանսավորման գործընթացում առաջ եկած խնդիրներն ու հարցերը: Կրկին մի բան, որը նախկինում գոյություն չի ունեցել: Պետությունը կարեւոր նշանակություն է տվել դեբյուտային ֆիլմերի ստեղծմանը եւ վերջին երկու տարիներին պետական ֆինանսավորմամբ դեբյուտային ֆիլմերը ընդհանուր ֆինանսավորման 40 տոկոսից ավելին են կազմել, որը շատ կարեւոր նախադրյալ է: Մեծ նշանակություն է տրվել հայկական կինոյի հանրայնացմանը, հայկական կինոարտադրության զարգացմանը: Իհարկե, կառավարությունից միշտ անհրաժեշտ է ակնկալել առավել մեծ ներդրումներ եւ պատահական չէ, որ «Կինոյի մասին» օրենքի մեր նախագծով առաջարկվում են մեխանիզմներ ու մոտեցումներ, որոնք կառավարությանը թույլ կտան մեծացնել կինոարտադրությանը տրվող գումարները, առավել մեծ ներդումներ անել հայկական կինոյի հանրայնացման ոլորտում, որոշակի նախադրյալներ ստեղծել կինոթատրոնների զարգացման համար, բայց մի բան ակնհայտ է, որ պետության հետ կա բաց եւ թափանցիկ համագործակցություն, անկեղծ խոսակցություն, մտահոգություններն ու խնդիրները հասկանալու պատրաստակամություն»:   

Ինչ վերաբերում է «Կինոյի մասին» օրենքին եւ ի՞նչ փուլում է այն գտնվում, Արայիկ Մանուկյանը, ով համակարգում է նաեւ այդ աշխատանքները, ասաց. «Ցավոք, «Կինոյի մասին» օրենքի ընդունման աշխատանքները վերջին ամիսների ընթացքում որոշակիորեն դանդաղեցին: Հույս ունեմ, որ այն պայմանավորված է Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակով եւ որ այս պահին շատ ավելի առաջնային խնդիրներ կան լուծելու»:  

Եվրոպական միության աջակցությամբ՝ ««Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ»-ը դեռեւս 2019 թվականի սկզբին սկսեց աշխատանքները կինոօրենսդրության մշակման ուղղությամբ. «Նախագծի ստեղծման աշխատանքային խմբում ընդգրկված էին կինոոլորտի որակավորված իրավաբաններ, փորձագետներ եւ առաջին անգամ ստեղծված էր հնարավորություն՝ պրոֆեսիոնալ մասնակիցների ներգրավմամբ ստեղծել կինոոլորտը կարգավորող օրինագիծ:

Ստեղծված նախագիծն անցել էր լուրջ փորձաքննություն Եվրոպացի մեր գործընկերների կողմից, մասնավորապես Ֆրանսիայի ազգային ինոկենտրոնի՝ CNC-ի իրավական հարցերի եւ օրենսդրության բաժնի փորձագետի կողմից, ինչպես նաեւ Եվրիմաժում Լեհաստանի ներկայացուցչի կողմից, որը լինելով լեհական կինոօրենսդրության բարեփոխիչներից, նույնպես մեր հրավերով մեկ շաբաթ աշխատել էր Երեւանում: Նախագիծը տարբեր փուլերում մի քանի հանրային լայն քննարկում էր անցել եւ ավելի քան 35 ֆոկուս-խմբային հանդիպում էր կայացել, որին մասնակցել էր գրեթե ողջ կինոհանրությունը»,-ասաց նա` հույս հայտնելով, որ գործընթացը կշարունակվի արտակարգ դրությունից հետո եւս, քանի որ կինոոլորտը կարգավորող օրենքի անհրաժեշտությունն արդեն հրատապություն է ՀՀ-ի համար: