Գուցե ռազմական հեղաշրջում լինի, գուցե տեռորիստական ակցիաներ անեն

Գուցե ռազմական հեղաշրջում լինի, գուցե տեռորիստական ակցիաներ անեն

Մարտի սկզբին հարևան Վրաստանում լարված իրավիճակ էր: Բանը հասել էր նրան, որ ցուցարարների և ոստիկանների միջեւ բախումներ էին լինում: Ցուցարարներն անգամ փորձեցին մուտք գործել խորհրդարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին` կիրառելով ռետինե փամփուշտներ, ջրցան ու արցունքաբեր գազ: Պատճառը` Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն էր, ինչին հաջորդեցին զանգվածային բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջեցին չեղարկել օրինագիծը, Վրաստանի խորհրդարանն էլ ենթարկվեց քաղհասարակության պահանջին:

«Հրապարակը» զրուցել է Վրաստանի հարցերով հետաքրքրվող Հայկազուն Ալվրցյանի հետ:

- Վրաստանում գարունը մեկնարկեց բախումներով: Այն մի պահ Հայաստանի 2008-ի մարտի 1-ը հիշեցրեց, սակայն Վրաստանի իշխանությունները նահանջեցին տեղի քաղհասարակությանը և կարծես այժմ հարևան երկրում իրավիճակը հանդարտվել է: Ձեր գնահատմամբ` ի՞նչ իրավիճակ է այսօր Վրաստանում:

- Վրաստանի իշխանությունները ցույց են տալիս կայունության լուրջ դրսևորումներ: Վրաստանի իշխանությունները ոչ թե կայուն են ոստիկանների վրա հենվելով, ինչպես օրինակ Հայաստանի իշխանությունները այլ ունեն ժողովրդի աջակցությունը: Մարդիկ պաշտպանում են օրվա իշխանությանը և դա ակնառու է ոչ միայն Վրաստանի ընդդիմադիր դաշտի համար, այլև նրանց կառավարող ամերիկյան դեսպանատան համար: Ամերիկայի դեսպանատունն այդ շարժման ռեալ կառավարողն է: Քիչ չեն այն մարդիկ, որոնք դեմ են Վրաստանի արևմտամետ ուժերի, այսպես կոչված, պայքարին: Հիմա հարաբերական դադար է: Այս պահին ըստ իս մարտավարության փոփոխության հարցն է քննարկվում, սակայն Վրաստանում ռազմավարությունը չի փոխվելու: Վրաստանում ամեն կերպ ապակայունացված իրավիճակ են ստեղծելու` երկրորդ ճակատի ստեղծմամբ:

- Ի՞նչ կարող է անել հավաքական Արևմուտքը Վրաստանում:

- Նրանց գրոհով ինչ-որ բան գրավել չհաջողվեց: Ես չգիտեմ, թե նրանք ինչ միջոցներ կարող են գործի դնել: Գուցե ռազմական հեղաշրջում լինի, գուցե տեռորիստական ակցիաներ էլ անեն, կամ կարող են միջազգային սանկցիաներով իշխանություններին փորձեն կաշկանդել: Արևմուտքի զինանոցը շատ մեծ է, կարող են ցանկացած ձևով հարվածել իշխանությանը: Հարաբերական անդորր է, ինչ-որ բան են պատրաստվում անել, ծրագրում են: Ամբոխավարությունը չաշխատեց:

- Արևմուտքն ինչի՞ է ուզում հասնել Վրաստանում:

- Վրաստանի արդի իշխանությունները հակված չեն, չունեն ցանկություն Սաակաշվիլիի ճանապարհով գնալ, Ռուսաստանի դեմ ստեղծելով երկրորդ ճակատ: Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, փորձում է Ռուսաստանի դեմ լարվածություն ստեղծել բոլոր կողմերից, որպեսզի կարողանան թուլացնել Ռուսաստանին, դարձնելով առավել խոցելի: Ռուսաստանին ռազմական պարտության հասցնելն Արևմուտքի գերխնդիրն է դարձել: Սա ունի նաև Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու միտում:

- Վրաստանի իշխանությունների հանգստությունն ինչո՞վ է պայմանավորված:

- Պայմանավորված է վճռականությամբ: Իվանիշվիլին կանգնած է նրանց թիկունքին: Նա ունի ահռելի նյութական միջոցներ ոչ միայն Վրաստանում, այլև` Ռուսաստանում: Վրաստանի օրվա իշխանությունները Ռուսաստանի հետ չեն ցանկանում հաստատել թշնամական հարաբերություններ:

- Առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել Վրաստանում:

- Ամեն ինչ այս պահին հնարավոր է: Նայած թե ԱՄՆ դեսպանատան կողմից կառավարվող ուժերն ինչ մարտավարությունների կդիմեն: Կարող են անգամ տեռորով վախեցնել իշխանություններին: Հստակ ասելը դժվար է: