Գյումրու ավագանին Ամանորին է պատրաստվում. 300 հզր դրամ էլ՝ Ձմեռ պապին հատկացնում

Գյումրու ավագանին Ամանորին է պատրաստվում. 300 հզր դրամ էլ՝ Ձմեռ պապին  հատկացնում

Գյումրու ավագանու հերթական նիստն «ավանդույթի համաձայն» այսօր ևս մեկնարկեց ուշացումով, քանի որ ավագանիները վերջին շրջանում, կարծես թե, դժվարությամբ են ներկայանում նիստերին: Չնայած դրան, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հաջողվում է համբերատարությամբ սպասել ուշացող ավագանու անդամներին եւ քվորում ապահովել՝ նիստն անցկացնելու համար: Այսօր Գյումրու ավագանին քննարկեց ու հաստատեց նիստի օրակարգ ընդգրկված բոլոր 27 նախագծերը: 

Մի շարք հարցերի թվում նաև Ամանորին նախապատրաստվելն էր:  

Գյումրու համայնքապետարանի կողմից իրականացվելիք Ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ավագանին այս տարի համայնքի բյուջեից հատկացրեց 11 400 000 դրամ, որից 6մլն․-ը կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի և դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների ծախսերի համար է, 600 հզր դրամ՝ կազմակերպչական և հյուրասիրության ծախսերի, իսկ ամանորյա պարկերի ձեռք բերման համար նախատեսվեց 4 500 000 դրամ, 300հզր էլ ՝ Ձմեռ պապի համար:

Քաղաքապետը նշեց, որ այս տարի էլ գլխավոր տոնածառը չի փոխվելու, միայն որոշ դեկորների եւ լույսերի ձևավորումն այլ կլինի:

Այնուամենայնիվ, ավագանին որոշեց, որ այս տարի Ամանորը առավել գեղեցիկ է լինելու Հանրապետության երկրորդ քաղաքում, քանի որ արցախցի բազմաթիվ փոքրիկներ են ապաստանել  մարզկենտրոն Գյումրիում: