Գյումրիում կիշխեն նորերը, նախկինները եւ Բալասանյանը

Գյումրիում կիշխեն նորերը, նախկինները եւ Բալասանյանը

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի աշխատաոճն էապես չի տարբերվում նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործելաոճից: Առաջնորդվելով Բալասանյանի սկզբունքներով՝ Սամսոնյանն էլ փորձում է ավարտին հասցնել Գյումրու փողոցաշինությունը, օրական մի քանի ժամ անցկացնում է շինարարների կողքին` բալասանյական ոճով հրահանգներ տալիս, հետո շտապում աշխատավայր՝ հանդիպումներ, խորհրդակցություններ անցկացնելու Գյումրու պատմական միջուկի մի հատվածում փողոցաշինական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:

Բայց Բալասանյանին հաջողվում էր պատշաճ կերպով հյուրընկալել եւ ճանապարհել դրսից եկած հյուրերին: Սամսոնյանին նույնպես կարգադրված է՝ ավանդույթը չխախտել: Երեկ նա ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզից ժամանած պատվիրակությանը: Քաղաքապետարանում նրանց այցին առանձնահատուկ են պատրաստվել: Նորընտիր քաղաքապետը վարչության պետերի փոփոխություն չի իրականացրել` Բալասանյանի նշանակած կադրերը տեղում են, բացառությամբ մամուլի խոսնակի: Նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն այժմ ավագանու անդամ է եւ, ըստ լուրերի, հնարավոր է շուտով կրկին մամուլի խոսնակի դերը ստանձնի: Թափուր է նաեւ գլխավոր խորհրդականի պաշտոնը, որը համատեղությամբ զբաղեցնում էր ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նա աշխատանքից ազատվեց մինչեւ ընտրությունները: Ի դեպ, այդ օրերին էր, որ «Բալասանյան դաշինքի» եւ նախկին քաղաքապետի մտերիմների նկատմամբ առանձնահատուկ ճնշումներ եղան, ընդհուպ ձերբակալություններ: Աշխատանքից ազատվեցին նաեւ շարքային աշխատակիցներ, մեր տեղեկություններով՝ Վարդգես Սամսոնյանի հրահանգով բոլոր ազատվածները հետ են վերադարձել իրենց աշխատանքին:

Ինչ վերաբերում է քաղաքապետի տեղակալների նշանակմանը, ապա «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած հուշագրի համաձայն, այդ պաշտոններում երկու ՔՊ-ական նշանակվեց: Ավագանու վերջին արտահերթ նիստին հրապարակվեցին նրանց անունները: Առաջին տեղակալը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արթուր Պապիկյանը, որին այդ պաշտոնում առաջադրելն ամենեւին անակնկալ չէր: Նրա թեկնածությանը «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամները դեմ քվեարկեցին, իսկ ՀՀԿ-ն՝ ձեռնպահ։ 40-ամյա Արթուր Պապիկյանի կենսագրությունը ՔՊ-ականները բավականին հարուստ ներկայացրին՝ հատուկ ընդգծելով ռազմական ոլորտում ունեցած հաջողությունները: Նա 2002-2021 թթ. աշխատել է պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում, պարգեւատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, ստացել «Ծովակալ Իսակով» մեդալ։ Իսկ թե այդ շնորհակալագրերն ու պատվոգրերը որքան կարեւոր են փոխքաղաքապետի պաշտոնի համար, այս պահին դժվար է ասել: Գյումրեցիները վստահ են՝ ժամանակը ցույց կտա։

Իսկ երկրորդ փոխքաղաքապետը` 39-ամյա Դավիթ Առուշանյանը, ավագանու անդամ չէ, սակայն նրա նշանակումը ՏԻՄ օրենքով թույլատրելի է։ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը եղել է տուրիզմի ֆեդերացիայի անդամ: Առուշանյանն իր գործունեությունն սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն: Ներգնա տուրիզմի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ կառավարության կողմից ոսկե մեդալ է ստացել: Նա վավերագրական ու փաստագրական ֆիլմերի նկարահանումներ եւ ուխտագնացություններ է կազմակերպել Արեւմտյան Հայաստան, մասնակցել բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների՝ միջազգային ասպարեզում գործարար կապեր ստեղծելով ոլորտի առաջատար մասնագետների հետ։ 2018 թվականից զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ։ Նրա թեկնածությանը եւս «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամները դեմ քվեարկեցին, ՀՀԿ-ն՝ ձեռնպահ։

Ավագանու արտահերթ նիստին ոչ միայն քաղաքապետի տեղակալների անունները հայտարարվեցին, այլեւ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ տեղակալներ ընտրվեցին, որը, ինչպես սպասվում էր, հավասարապես բաշխվեց «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ: 4 հանձնաժողովներից 2-ը ղեկավարելու են «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները, 2-ը՝ ՔՊ-ականները։ Գյումրու ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Բալասանյան դաշինք»-ից Լուսինե Սանոյանը՝ քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրը։ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես ղեկավարելու է «Բալասանյան դաշինք»-ի անդամ Մխիթար Սահակյանը։ Իսկ մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը հանձնեցին ՔՊ-ին, որը կգլխավորի Լիլիթ Մուրադյանը։ Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովն էլ վստահեցին Հարություն Նիկողոսյանին՝ կրկին ՔՊ-ից։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը չթաքցրեց, որ պաշտոնների վերաբաշխումը կնքված հուշագրի համաձայն է տեղի ունենում։